NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ոստիկանության քննիչ

Նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների և ոստիկանության ներքին անվտանգության վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալու պահին բռնվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ: Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է: Նա ոստիկանության համակարգում աշխատում էր 2006 թվականից:
«Ոստիկանությունն այսուհետ էլ անզիջում է լինելու կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում ու հետևողականորեն շարունակելու է համակարգի ինքնամաքրման գործընթացը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
