Ցուցարարներին շարունակում են բաժին տանել

Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել մոտ 30 հոգի, որոնց թվում կան իրավապաշտպաններ և լրագրողներ:

Hra.am-ի թղթակիցը, ով հետևում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիային, հայտնում է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը համեմատաբար խաղաղ է, սակայն ոստիկանները շարունակում են բերման ենթարկել որոշ ակտիվիստների:

Նրա խոսքերով՝ ոստիկանները, կարծես, հստակ հրահանգ ունեն մի քանիսին բերման ենթարկելու և, անկախ նրանից, այդ անձինք կարգ խախտում են թե ոչ, նրանց քաշքշում են, տապալում գետնին, ապա՝ բռնի ուժ գործադրելով տեղափոխում բաժին:

Ժամը 15։30-ի դրությամբ բերման է ենթարկվել մոտ 30 հոգի, որոնց թվում կան իրավապաշտպաններ և լրագրողներ: Այս պահի դրությամբ ակցիայի մասնակիցները կառավարության շենքի հարակից տարածքում են՝ շրջապատված բազմաթիվ ոստիկաններով: Փակված են Նալբանդյան և Ամիրյան փողոցները:


Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի կապակցությամբ Երևանում կազմակերպված բողոքի ակցիաներին մասնակցող ակտիվիսներն առավոտից բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ։ Պաստառներ փակցնելու համար առավոտյան բերման է ենթարկվել 12 հոգի։ Նրանց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։

Աղբյուրը՝ www.hra.am

Լուսանկարները՝ Ֆոտոլուրի