Գլխավոր դատախազը պաշտպանից գոնե մեկ փաստ է պահանջում

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նամակով արձագանքել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցին՝ առաջարկելով ներկայացնել զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ՝ քրեական գործ հարուցելու համար։

Նամակում մասնավորապես ասվում է.

«Զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Զեկույցը, անկասկած, հարցեր և ակնկալիքներ է առաջացնելու նաև լայն հասարակության շրջանում: Հիմնական հարցը, որ վստահաբար առաջանալու է հասարակության շրջանում լինելու է` թե ի՞նչ է քայլեր են ձեռնարկվելու Ձեր զեկույցի հիման վրա:

ՀՀ գլխավոր դատախազությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պարտավոր և պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Ձեր զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ: Առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ Ձեր զեկույցում բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերևույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ»:

Գլխավոր դատախազն իր նամակում երաշխավորել է, որ տեղեկատվություն տրամադրած անձի գաղտնիությունը կապահովվի և նրա նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ պաշտպանության միջոցներ։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դեկտեմբերի 9-ին ներկայացրեց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցը, որտեղ ներկայացված են դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող կաշառքի չափերը և տրման մեխանիզմները։