NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զինվորի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ

Հունվարի 13-ին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 18-ամյա զինծառայող Մհեր Խլղաթյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Նա վերակենդանացման բաժանմունքում է՝ «երկկողմանի ծանր թոքաբորբ» ախտորոշմամբ: Այս մասին տեղեկացնում է razm.info –ն։
Հիշեցնենք, որ նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը հունվարի 13-ին Վարդենիսի զինվորական հոսպիտալից Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ shamshyan.com –ի հաղորդմամբ՝ նրա հարազատներն ասել են, որ տղան զորամասում ծեծի է ենթարկվել, նրա վրա կան մարմնական վնասվածքներ։ Խլղաթյանը բանակ էր զորակոչվել 2013թ. դեկտեմբերին։
Ավելի ուշ news.am –ը հաղորդեց, որ զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանի խոսքերով՝ նա հիվանդանոցում է հայտնվել թոքաբորբի պատճառով, և այս պահին մարմնական վնասվածքները չեն առաջնահերթ, այլ՝ թոքաբորբի բուժումը։
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 358.1 հոդվածի 2-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Խլղաթյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։
Հավելենք, որ հունվարի 13-ին Խլղաթյանի զորմաս է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա հանձնարարել է դեպքի կապակցությամբ իրականացնել ծառայողական քննություն։
