NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գլխավոր դատախազն ընդունել է զինվորների մայրերին և խոստումներ տվել

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մարտի 6-ին ընդունել է զինվորական ծառայության ընթացքում մահացած չորս զինծառայողների ծնողներին, հայտնում է գլխավոր դատախազության պաշտոնական կայքը։
Կոստանյանը խոստացել էր հանդիպել ծնողներին նախորդ հինգշաբթի՝ կառավարության նիստից հետո նրանց հետ ունեցած բանավոր զրույցի ժամանակ:
Դատախազության կայքի փոխանցմամբ՝ մոտ հինգ ժամ տևած հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են զինծառայողների մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական գործողությունները, կատարված աշխատանքը, ձեռքբերված արդյունքները:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ բաժնում քննվող գործերով բաժնի պետ Կ. Հարությունյանը, ովքեր ներկայացրել են քրեական գործերի ընթացքը:
Ծնողներին հնարավորություն է տրվել անհատապես ներկայացնելու իրենց որդիների գործերի վերաբերյալ մտահոգությունները, կարծիքները և եզրահանգումները։
Ըստ հաղորդագրության՝ Գևորգ Կոստանյանը նշել է, որ դատախազության լիազորությունների շրջանակներում արվելու է հնարավորը՝ բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու հանցագործությունները կատարողներին։
