NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱՆ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացուն. ՄԻՊ
32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որն, ըստ Արմանի, վկայում է միջադեպի մասին:
Քաղաքացին պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժին: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձիք և բռնություն գործադրել նրա հանդեպ:
Այս առիթով Պաշտպանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն և Արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ ձեռնարկել և տեղեկացնել արդյունքների մասին:
Արման Գասպարյանի համաձայնությամբ հրապարակվել է նաև միջադեպի ժամանակ արված ձայնագրությունը:
