NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սահմանի վրա հայ զինվորները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը

Նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահարի կողմից հայ զինծառայողին սպանելուց հետո, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը:
Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք վիրավոր, իսկ ՊԲ–ն կորուստներ չի ունեցել:
Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:
Ներկա պահին շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
