Նախարարների կից կոլեգիաները չեն նպաստում պետություն–հասարակական սեկտոր համագործակցությանը. փորձագետ

Մայիսի 23-ին Երևանում կայացավ «Հանրային ցանցի» կողմից կազմակերպված՝ «Մասնակցային կառավարման հիմնախնդիրները Հայաստանում և զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղան, որին մասնակցեցին նախարարությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ։

Ներկայացվեց «Հանրային ցանցի» կողմից ստեղծված www.orensdrakan-orakarg.am կայքը։ «Այս կայքը մատչելի գործիք է, որը հնարավորություն է տալիս շահագրգիռ բոլոր անձանց մեկ աղբյուրից տեղեկանալ ՀՀ կառավարության և Ազգային ժողովի օրակարգում գտնվող օրենսդական և քաղաքականությունների բարեփոխման նախագծերի մասին, և, ցանկության դեպքում, առաջարկություններ ներկայացնել։ Կայքում տեղադրված ինֆոգրաֆիկը պարզ ձևով ներկայացնում է օրենքների ընդունման գործընթացը Հայաստանում, և թե հատկապես որ փուլերում քաղաքացիական հասարակութունը կարող է առաջարկներ ներկայացնել»,– նշեց ծրագրի ղեկավար Մերի Ալեքսանյանը։

Ծրագրի իրավաբան–փորձագետը ներկայացրեց «Հանրային ցանցի» կողմից կատարված ուսումնասիրությունը, որը վերաբերում է ՀՀ նախարարներին կից գործող խորհրդակցական մարմինների՝ կոլեգիաների գործունեությանը, ներկայացված է նաև միջազգային փորձը։

«Կոլեգիաներն իրենց աշխատակարգով և կանոնադրությամբ սահմանված կարգով նիստեր չեն գումարում հիմնականում։ Այս մարմինները, որոնք պետք է հանդիսանան պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցության հարթակ, չեն ծառայում իրենց առաքելությանը, քանի որ հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը չնչին տոկոս է կազմում, և, բացի այդ, հստակեցված չէ ՀԿ–ների ներգրավման կարգը, չափորոշիչները»,– նշեց ծրագրի փորձագետ Սարգիս Աղասյանը։

Ուսումնասիրությունը բացահայտել է այն խնդիրները, որոնք խոչընդոտում են նախարարներին կից գործող կոլեգիաների արդյունավետ գործունեությանը։ Այս և առաջիկայում կազմակերպվելիք քննարկումների արդյունքում «Հանրային ցանցը» կմշակի առաջարկություններ՝ ուղղված Հայաստանում որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցության խթանմանը։

Քննարկումը կազմակերպվել էր Քաութերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ես մասնակցում եմ» ծրագրի շրջանակներում։