Դիպուկահարի գնդակից պայմանագրային երկու զինծառայող է զոհվել

Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դիպուկահարի կրակոցից զոհվել են Արարատի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և 22-ամյս Բորիս Գասպարյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը։

Միջադեպի մանրամասները պարզելու համար ընթանում է նախաքննություն։

«ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:
Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ»,– ասված է ՀՀ ՊՆ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: