NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Աֆրիկյանների շենքի պահպանման համար պայքարողները կարող են մեղադրվել ուրիշի գույքը վնասելու մեջ

Երևանի կենտրոնում գտնվող ճարտարապետական եզակի հուշարձաններից մեկի՝ Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանման համար պայքարող ակտիվիստները հունիսի 9-ի երեկոյան ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո ազատ են արձակվել։
Ոստիկանության տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից «Փաստինֆոյին» հայտնել են, որ քրեական գործ դեռևս հարուցված չէ, սակայն նյութեր են նախապատրաստվում Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի հատկանիշներով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մի խումբ ակտիվիստներ, բողոքելով պատմամշակութային արժեք հանդիսացող շենքի ապամոնտաժման դեմ, փորձել են քանդել շենքի շուրջ դրված շինարարական ցանկապատի թիթեղները: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կանխել են ակտիվիստների գործողությունները՝ 11 հոգու բերման ենթարկելով ոստիկանություն։
Ավելի վաղ «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով բոլոր մտահոգ քաղաքացիներին «ոտքի կանգնել և փրկել Երևանի պատմության վերջին բեկորները»:
Նախաձեռնության անդմաներն այլևս չեն հավատում Երևանի քաղաքապետարանի հավաստիացնումներին, թե իբր ապամոնտաժված շենքի թվագրված քարերը տեղափոխվելու են այլ վայր և շենքը վերականգնվելու է, քանի որ նույն բախտին արժանացած շենքերը այդպել էլ չեն վերականգնվել:
«Պետք է այսօր վերջ դնել մեր քաղաքի անցյալն ու ապագան վտանգող կամայականություններին: Այս խնդիրը միայն մեկ ճարտարապետական հուշարձանի մասին չէ, այն մեր՝ իրավագիտակից հանրության սեփական մշակութային ժառանգությունը պահպանելու և տնօրինելու իրավունքի մասին է»,– ասված էր նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

