NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատարանի առջև կրակոցներ արձակած Հ.Կ.–ն հաղորդում է ներկայացրել իրեն բռնության ենթարկելու մասին

Քաղաքացի Հ.Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (բռնություն գործադրելով զուգորդված՝ պաշտոնեական լիազորությունների անցում): Այս մասին հաղորդում է ՀՔԾ կայքը։
Քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց օդամղիչ ատրճանակով կրակելուց հետո, ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման ենթարկելիս, ապա բաժնի վարչական շենքում իր նկատմամբ բռնություն են գործադրել` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Հ.Կ.–ն այն երիտասարդն է, ով Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ կրակոցներ էր արձակել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև և ում դեմ քրեական գործ է հարուցված ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ)։
