NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արդարադատության նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ՔԿՀ դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ

Հուլիսի 2-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նախարարություն հանդիպման էր հրավիրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ներկայացուցիչներին:
«Հանդիպումն անցել է աշխատանքային մթնոլորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսը մեկ անգամ հանդիպել և քննարկել քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները, ուսումնասիրել քրեակատարողական օրենսդրության բացերը, համատեղ լուծումներ մշակել: Միասնական աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով որոշվել է նաև կիրառել հրատապ հաղորդագրություններ փոխանցելու էլեկտրոնային եղանակը»,– հաղորդում է Արդարադատության նախարարությունը։
Ավելի վաղ Դիտորդական խումբը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ արդարադատության նախարարը չի արձագանքել իրենց վերջին հրատապ հաղորդագրություններին։
