NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստան վերադարձավ գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը. «Ազատություն»

Այսօր վաղ առավոտյան Մոսկվայից տարանցիկ չվերթով երրորդ երկրից Հայաստան վերադարձավ մեկ տարուց ավելի ադրբեջանական գերության մեջ անցկացրած 23-ամյա զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Այս մասին գրում է azatutyun.am –ը։
«Զվարթնոց» օդանավակայանում հավաքված Հակոբի հարազատները ծափահարություններով դիմավորեցին նրան՝ մեջքին պարզելով Հայաստանի եռագույն դրոշը:
Հակոբը բավական բարձր տրամադրություն ուներ, ինքնազգացողությունը գնահատեց լավ, վերջին մեկ ամիսը նա անցկացրել է երրորդ երկրում՝ Ռումինիայում։
Նա վստահեցրեց, որ ինքնակամ է որոշել հայրենիք վերադառնալ։ Հայաստանի իշխանություններից ստացել է հավաստիացումներ, որ այստեղ իրեն չի սպառնալու որևէ տեսակի, այդ թվում և քրեական հետապնդում: Ավելին՝ նա մտադիր է շարունակել կիսատ թողած ծառայությունը:
Նա հաստատեց՝ գերեվերարվելու օրը՝ անցած տարվա օգոստոսի լույս 8-ի գիշերը ջրի է գնացել, մոլորվել և չկողմնորոշվելով տեղանքում՝ պատահաբար հատել սահմանը:
Գերությունից ազատված Ինջիղուլյանն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանում ծեծի և խոշտանգումների է ենթարկվել, մահվան սպառնալիքների տակ ստիպված է եղել ասել այն, ինչ պահանջել են։
«Ծեծ, ծեծ և ծաղրանք, հայհոյանք։ Ասում էին՝ մեր ասածով չշարժվես, մեր ասածով չանես, են չոբանի օրը կընկնես՝ գնդակահարություն էր սպասվում։ Հարցազրույցից առաջ կանչում և ասում էին, անգամ Կարմիր Խաչից առաջ էլ կանչում էին և ասում էին՝ Կարմիր Խաչը որ գա՝ ինչ պետք է ասես, նամակներն էին ընթերցում՝ իմ ընտանիքին, գրելուց էլ բովանդակությունն ասում էին, ես էլ իմանում էի՝ ինչ պետք է անեմ։ Դա էլ իմ կյանքի համար եմ արել, որ հիմա ես էստեղ եմ», - ասաց գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը։
Երրորդ երկիր տեղափոխվելը, Հակոբի պատմելով, դարձյալ պարտադրանքի ներքո է եղել, Ադրբեջանում Հակոբին սպառնացել են սպանել, եթե փորձի Հայաստան վերադառնալ։
Նյութն ամբողջությամբ կարող եք ընթերցել սկզբանղբյուր կայքում։
