NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կենսաթոշակների յուրացման գործով կայացվեց մեղադրական վճիռ. Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Արշակ Վարդանյան) դեկտեմբերի 8-ին կայացրած վճռով մեղավոր ճանաչեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին 13 աշխատակիցներին։ Նրանք մեղադրվում էին 2006-2010թթ.–ին կազմակերպված խմբով պետական բյուջեից 260 956 681 ՀՀ դրամ կենսաթոշակային վճար յուրացնելու մեջ:
Ամենաբարձր պատժաչափը նշանակվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ կուսակցության նախկին պատգամավոր Վազգեն Խաչիկյանին՝ 12 տարվա ազատազրկում (մեղադրող դատախազը պահանջել էր 13 տարվա ազատազրկում):
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիքը): Այս երեք հոդվածները միասին նախատեսում են նվազագույնը 9, առավելագույնը՝ 20 տարի ազատազրկում։
Ամբաստանյալներ Վիգեն Գևորգյանը, Աշոտ Աբրահամյանը, Վահագն Խաչատրյանը, Հովհաննես Գրիգորյանը դատապարտվեցին 5,5 –ական տարվա ազատազրկման: Իսկ Սամվել Էլբակյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արթուր Սուքիասյանը, Սարգիս Սարգսյանը, Համլետ Մարտիրոսյանը, Հրանուշ Դանիելյանը, Բագրատ Մուրադյանը և Արմեն Խաչատրյանը թեև դատապարտվեցին 1,8-ից մինչև 4,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան մեկ տարի ժամկետով:
Խաչիկյանից և մյուս ամբաստանյալներից հօգուտ պետության պետք է բռնագանձվի 296 115 252 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ կատարված չարաշահումները 2011թ.–ին հայտնաբերել էր ՀՀ վերահսկիչ պալատը Սոցիալական ապահովության պետական ծառայությունում կատարած ստուգումների արդյունքում։ Փաստի առթիվ 2011-ի մայիսին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել։
Ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք աշխատակիցների հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:
