Հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող Շեքսպիր Հակոբյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին փետրվարի 6-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելը):

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, ժամը 16:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից դիտավորությամբ արձակված կրակոցի հետևանքով մեջքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի մարտական դիրքում հերթապահության իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Շեքսպիր Հակոբյանը 25 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ երեխա։ Նրա ընտանիքի բոլոր անդամները Ռուսաստանի Դաշնությունում են, իսկ ինքը Հայաստան էր եկել ծառայելու նպատակով։
ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակը Շեքսպիր Հակոբյանին հետմահու պարգատրել է «Մարտական ծառայություն» մեդալով։