NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ամուլսար. մարդու իրավունքների խախտումներ և շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում» զեկույցը ներկայացվեց լայն հանրությանը
2022թ. հունիսի 28-ին տեղի ունեցավ «Ամուլսար. մարդու իրավունքների խախտումներ և շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում» զեկույցի շնորհանդեսը: Հանդիպումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի, «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից:
Քննարկման ժամանակ զեկույցի հիմնական արդյունքներին անդրադարձան «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի ՎԶԵԲ-ի քաղաքականության պատասխանատու Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթը և Հայաստանում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) անդամ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը:
15 տարի շարունակ միջազգային զարգացման բանկերը՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) ֆինանսավորել են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը, որը վնասում է շրջակա միջավայրին և տեղի համայնքների իրավունքներին։ Քաղաքացիական ակտիվիստները քննադատում էին այդ գործունեությունը` արգելափակելով դեպի հանքավայր տանող մուտքերը: Հայաստանի կառավարությունը, որն ընտրվել է 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, ժողովրդավարական բարեփոխումների խոստումների ներքո ցանկանում է բացել հանքավայրը և ընդունել է օրենք, որը կարող է թուլացնել քաղաքացիական մասնակցությունը հանքարդյունաբերության ծրագրերում:
Գտնվելով խոցելի տարածաշրջանում, որտեղ առկա են պահպանվող կենդանիների և բույսերի տեսակներ, կան գետեր և ջրամբարներ, որոնք կենսական նշանակություն ունեն մոտակա առողջարանային Ջերմուկ քաղաքի համար, Ամուլսարի ծրագիրը 2007 թվականի սկզբից ի վեր ունեցել է ռիսկերի կառավարման լուրջ խնդիրներ և ծրագրին հասցեագրվել են կոռուպցիոն մեղադրանքներ:
Օգտվելով Հայաստանի բնական ռեսուրսների ոչ թափանցիկ կառավարումից՝ «Լիդիանը», որը մինչև 2020 թվականը ցուցակված էր Տորոնտոյի ֆոնդային բորսայում, մշակել է ծրագիրը՝ առանց լուրջ քննարկումներ անցկացնելու ազդեցության գոտում գտնվող տեղի բնակչության հետ: Դեռևս 2018թ. Ջերմուկում հարցվածների 85.7 %-ը նշել է իր առողջության վրա այնպիսի ազդեցություններ, ինչպիսիք են ասթմայի նոպաները, թոքային հիվանդությունները, գլխացավերը և անքնությունը:
«Թավշյա հեղափոխության ժամանակ բնակիչների ձայնն ավելի ուժգնացավ, և նախագծի դեմ համախմբումն առավել ամրապնդվեց: Մեր բողոքը հիմնված է տասնյակ անկախ փորձագետների կողմից տրված լուրջ գնահատականների և հավաստի գիտական տվյալների վրա: Այսքան տարի անց մենք իրավունք ունենք վիճարկել անհիմն և հակաժողովրդավարական որոշումները»,- ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։ «Բայց հանքարդյունաբերական ընկերությունն ամեն ինչ անում է մեզ կանգնեցնելու համար»,- նշեց նա:
2018 թվականին «Լիդիանը» նախաձեռնել է ավելի քան 20 հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատավարության հայցեր (SLAPP), որոնք իրավական գործողություններ են՝ նպատակ ունենալով լռեցնել կամ վախեցնել մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպաններին, լրագրողներին և նույնիսկ մեկ պատգամավորի: Ծրագիրը քննադատողները պարբերաբար հալածվում են զրպարտչական արշավների միջոցով։ Չնայած նման զրպարտչական արշավներին և բռնաճնշումներին, հանքի հարևանությամբ ապրող բնակչությունը արգելափակել էր դեպի հանքավայր տանող մուտքերը ավելի քան երկու տարի՝ 2018-2020 թթ.։
Ծրագիրը ֆինանսավորել են երկու զարգացման բանկ
Զեկույցում ընդգծվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC` Համաշխարհային բանկի մասնաճյուղ) ձախողումը, որոնք աջակցել են ծրագրին համապատասխանաբար՝ 2007-2017 և 2009-2021 թթ.: Այս երկու բանկերի որդեգրած քաղաքականության մեջ նշված է, որ նրանք պարտավոր են պահպանել մարդու իրավունքները և բնապահպանական պարտավորությունները միջազգային չափանիշներին և իրենց սեփական քաղաքականությանը համապատասխան: Զարգացման բանկերը մինչ այժմ հրաժարվում են որևէ պատասխանատվություն ստանձնել ծրագրի ձախողումների համար կամ ֆինանսական միջոցներ տրամադրել տեղի համայնքներին պատճառված վնասի փոխհատուցման համար: 2014 թվականին ՎԶԵԲ-ի բողոքների դիտարկման անկախ մեխանիզմը որոշեց, որ ազդեցության տակ գտնվող բնակիչների կողմից ներկայացված երկու բողոքներն անընդունելի էին, սակայն բանկի բողոքների ներկայացման նոր մեխանիզմը վերջապես սկսեց համապատասխանության հետաքննությունը 2020 թվականին, որը դեռ ընթացքի մեջ է:
«ՄՖԿ-ին և ՎԶԵԲ-ին չհաջողվեց ներդնել թափանցիկության, որոշումների կայացման մասնակցության և հաշվետվողականության բարձր չափանիշները հանքարդյունաբերության ծրագրում: Օրինակ ծառայելու և հավելյալ արժեքներ ստեղծելու փոխարեն, ՎԶԵԲ-ը հրաժարվեց Ամուլսարի թեմայով հաղորդակցվել քաղաքացիական հասարակության հետ և հանդուրժեց «Լիդիանի» տասնյակ հայցադիմումները, ինչն աննախադեպ էր մեր պատմության մեջ: Հուսով եմ, որ ՎԶԵԲ-ի հաշվետվողականության մեխանիզմը շուտով քննադատական վերանայում կիրականացնի և առաջարկություններ կներկայացնի արդյունավետ լուծումների մասով»,- ասաց Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթը:
Ամուլսարի ապագան՝ փորձություն հայկական ժողովրդավարության համար
Ամուլսարի ծրագիրը կարող է դիտվել որպես փորձություն Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության համար, որը երեք տարվա ընթացքում վերապրել է հեղափոխություն, համաճարակի հետևանքներ, այնուհետև դաժան զինված հակամարտություն, որը պատճառել է մարդկային, բարոյական, տարածքային և տնտեսական ծանր կորուստներ։
Դիվանագիտական և տնտեսական ինտենսիվ ճնշման ներքո Հայաստանի կառավարությունը 2021 թվականի նոյեմբերին հաստատեց գործողությունների հնգամյա ծրագիրը, որը ներառում էր Ամուլսարի հանքի շահագործումը։
Ի լրացումն զարգացման բանկերի և «Լիդիանի» առաջարկությունների, զեկույցը կոչ է անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել Ամուլսարի ծրագրի համար տրված թույլտվությունները և անհապաղ իրականացնել ՄԱԿ-ի միջազգային փորձագետների և Բեռնի կոնվենցիայի բոլոր առաջարկությունները, որոնք վերաբերում են տվյալ իրավիճակին:
«Մենք մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերջին զարգացմամբ։ Կառավարությունը կարծես թե իրականացնում է վտանգավոր բարեփոխումներ, որոնք կարող են ավելի թուլացնել քաղաքացիների մասնակցությունը նախագծերի վերաբերյալ որոշումների կայացմանը՝ Ամուլսարից դասեր քաղելու փոխարեն: Այո, հանքարդյունաբերության կարգավորման ոլորտում բարեփոխում է անհրաժեշտ։ Բայց միայն այն դեպքում, եթե տվյալ բարեփոխումը կարևորում է ազդակիր համայնքների արդյունավետ մասնակցությունը և մարդու իրավունքների ու շրջակա միջավայրի պաշտպանությունը», - ասաց Արտակ Կիրակոսյանը:
ԱՄՈՒԼՍԱՐ․ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿՈՒ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ․ ԶԵԿՈՒՅՑ
ԱՄՈՒԼՍԱՐ․ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿՈՒ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ․ ԱՄՓՈՓԱԳԻՐ