ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՈՒՄ. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ

Պայմանական վաղաժամկետ ազատումն իրավունքի գերակայության սկզբունքի համատեքստում 

Ներկայումս Հայաստանի Հարնապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մոտ մեկ տարի առաջ ընդունված պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգը գործնականում կիրառվում է օրենքի խախտումներով, առանց պատշաճ իրավական գործընթացների և ընթացակարգերի պահպանման, ինչը հանդիսանում է օրենքի գերակայության սկզբունքի կոպտագույն խախտում: Ավելին, ստեղծվել է փակուղային իրավիճակ, որից դուրս գալն օրհասական է մարդու իրավունքնեի և հիմնարար ազատությունների և հատկապես ազատության իրավունքի պահպանման համատեքստում: 

 

Մեկ տարի առաջ Հայաստանում ուժի մեջ մտավ պայմանական վաղաժամկետ ազատման նոր ընթացակարգը: Քաղաքացիական հասարակության ինստիտուտն (ՔՀԻ) այդ կապակցությամբ արտահայտել է իր կարծիքը և մտահոգությունները, ինչպես նաև բոլորովին վերջերս գնահատել է, թե ինչպես է այդ ընթացակարգը գործում գործնականում: Բարեփոխումից 13 ամիս չանցած www.e-draft.am կայքի միջոցով, /պլատֆորմ, որտեղ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվում ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկություններն իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ/ ներկայացվեց պայմանական վաղաժամկետ ազատման բոլորովին նոր կարգ: Կառավարությունը կարծես թե ընդունեց, որ հեռանկարային, սակայն մինչև վերջ չմտածված նախաձեռնություններն ի զորու չեղան լուծելու Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի խնդիրները: Այնուամենայնիվ, ընտրվեց բավականին տարօրինակ ճանապարհ:

Այսօր իրականությունն այնպիսին է, որ օրենքի նախագծում ներկայացված կարգն արդեն իսկ կիրարկվում է պայմանական վաղաժամկետ ազատման դիմողների նկատմամբ: Սույն հոդվածի շրջանակներում հիմնավորվում է, որ գործող կարգն անօրինական է: Այն իրականացվում է առանց պատշաճ իրավական գործընթացների և ընթացակարգերի պահպանման, ինչը հանդիսանում է օրենքի գերակայության սկզբունքի կոպտագույն խախտում:

««Հայաստանի Սահմանադրություն. հոդված 1.«Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է» 

«Օրենքի գերակայությունը կառավարման սկզբունք է, ըստ որի բոլոր անձինք, հաստատություններն ու կառույցները, այդ թվում՝ հանրային և մասնավոր, ներառյալ պետությունը, ենթարկվում են հանրային ընդունված օրենքներին, որոնք հավասարապես ուժի մեջ են բոլորի համար, մեկնաբանվում են անկախ և որոնք համադրելի են մարդու իրավունքների բնագավառում միջազգային նորմերին և չափանիշներին: Օրենքի գերակայությունը պահանջում է նաև միջոցառումներ՝ երաշխավորելու օրենքի առաջնայնության, օրենքի առջև բոլորի հավասարության, հաշվետվողականության, օրենքի անաչառ կիրառման, իշխանության տարանջատման, որոշումների կայացման գարծընթացներին մասնակցության, իրավական որոշակիության, ինքնիրավչությունից խուսափելու և դատավարական և իրավական թափանցիկության սկզբունքները»:

Այսպիսով, օրենքի գերակայությունը պահանջում է ինչպես անհատների, այնպես էլ կառավարությունների ենթակայություն գործող օրենքներին: Պետության բոլոր գործողությունների հիմքում պետք է լինեն հստակ և կանխատեսելի օրենքներ, որոնք առանց խտրականության կգործեն բոլորի համար: Սա էլ ավելի օրհասական է՝ հաշվի առնելով մարդու իրավունքների, այս դեպքում հատկապես ազատության իրավունքի կարևորությունը:

Այնուամենայնիվ, որքան էլ լավ մշակված լինի նոր մոտեցումը /ինչն իրականում այդպես չէ/, այն այդպես էլ կմնա նախագիծ, քանի դեռ պատշաճ ընթացակարգով չի ընդունվել Ազգային Ժողովի (ԱԺ) կողմից: Օրենքի նախագիծն երբեք չի քննարկվել ԱԺ-ում, ՀՀ Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերն այդպես էլ չեն լրացվել, որևէ ենթաօրենսդրական ակտ այդպես էլ չի մշակվել: Անկախ հանձնաժողովները, շարունակում են մնալ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի դերակատարների ցանցի պատշաճ կերպով լիազորված միակ մարմինը և կապող օղակը /ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 76, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 434, ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի հոդվածներ114-116/: Սակայն նրանց գործունեությունը սառեցվել է Նախագահի թիվ ՆՀ-228-Ն հրամանագրով, որով ուժը կորցրած է ճանաչվել Հանձնաժողովների կազմավորումը և գործունեությունը կարգավորող 26.08.2006 ՆՀ-163-Ն ենթաօրենսդրական ակտը:

Այս պահին մենք կարող ենք միայն ենթադրություններ անել, թե ինչպես ստացվեց, որ հայտնվեցինք նման իրավիճակում:

Հնարավոր է՝ անցումը կառավարման նախագահական ձևից խորհրդարանական ձևին չափազանց բարդ և լարված էր, և նախկին իշխանությունները պարզապես ժամանակ չեն ունեցել ներդաշնակացնելու օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ամբողջ շրջանակը: Հասկանալի չէր` արդյոք նորանշանակ նախագահն իրավասություն ունի հաստատելու Հանձնաժողովների կազմավորման և գործունեության նոր կարգը, /ըստ գործող Քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի՝ «...Անկախ հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով»/:

Հնարավոր է՝ իրավաստեղծ գործընթացի դերակատարները չէին ցանկանում ժամանակ վատնել և նոր իրավական դաշտ բերել հին և ոչ արդյունավետ կարգը՝ նպատակ ունենալով ստեղծել նորը: Իսկապես, մեկ ամիս առաջ ԱԺ-ն շատ կարճ ժամանակում կարող էր ընդունել ցանկացած նոր օրենսդրություն: Հանձնաժողովների աշխատանքը դադարեցվում է ապրիլի 9-ին, իսկ ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանն ընտրվում է վարչապետ: Եթե դեպքերը զարգանային նախնական ծրագրի համաձայն, հնարավոր է, այսօր մենք գործողության մեջ տեսնեինք նոր կարգը, և պայմանական վաղաժամկետ ազատման դիմումները չկուտակվեին:

Հնարավոր է՝ կային նաև զարգացման այլ տարբերակներ, սակայն, ակնհայտ է, որ բոլորի հիմքում այն վստահությունն էր, որ դրանք ժամանակին կարժանանան ԱԺ հավանությանը: Սակայն այդ օրերն անցյալում են և այժմ պարզ է, որ ներկայիս արմատական քաղաքական փոփոխությունների պարագայում նոր կարգը մոտ ապագայում չի հաստատվելու այդ թվում և այն պատճառով, որ մենք` հասարակական կազմակերպություններս, ակնկալում ենք, որ նոր օրենսդրական նախաձեռնությունները դրվել են բազմակողմանի քննարկման:

Միաժամանակ, օրենքի ընդհանուր սկզբունքը պահանջում է, որ օրենքում ցանկացած բացթողում և բախում մեկնաբանվի տուժողի օգտին: Ստեղծված պայմաններում մեր պետությունը չի ապահովում պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա անձանց գործուն և օրինական մեխանիզմով: Այսպիսով, չնայած նյութական իրավունքի նորմերի պահանջներին՝ բացը դատավարական իրավունքի նորմերում անօրինական է դարձնում այս համատեքստում բոլոր տուժողների հետագա ազատազրկումը: Անհապաղ անհրաժեշտ է անցումային լուծում, հակառակ դեպքում պետությունը ստիպված է լինելու հարյուր միլիոնավոր դրամի չափով փոխհատուցումներ վճարել ապօրինի ազատազրկման դիմաց բոլոր այն անձանց, ովքեր պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք ունեին:

 

«Հայաստանի Սահմանադրությունը սահմանում է. յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով: Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

«Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը. 1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:. 2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:»

Եվ չմոռանանք, որ «ցանկացած հանրային իշխանություն, այդ թվում դատավորները, սահմանափակված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:»

 

Ամեն դեպքում, մի քանի հարյուր ազատությունից զրկված անձինք, որոնց թվում են նաև հանրային լայն հնչեղություն ստացած դեպքերը, ստեղծված փակուղային իրավիճակի զոհ են դառնում: Դատավորների մեծամասնությունը հասկանում է, որ իրավիճակն փակուղային է և արհեստականորեն հետաձգում են պայմանական վաղաժամկետ ազատման գործերով լսումները: Սակայն նման իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել:

ՔՀԻ-ն և ես` որպես արդեն նախկին Անկախ Հանձնաժողովի անդամ, հավատացած ենք, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը կլինի Անկախ Հանձնաժողովների վերակենդանացումը և գործող կարգը, որոշակի փոփոխություններից հետո՝ իր ամբողջական ներուժով գործարկելը: Այս լուծումն ավելի քիչ օրենսդրական ջանքեր կպահանջի, քանի որ շտկումները հնարավոր է կատարել ենթաօրենսդրական ակտերի միջոցով առանց ԱԺ պարտադիր հավանության: Անհրաժեշտ է միայն, որ նոր ենթաօրենսդրական ակտը չհակասի հանձնաժողովների աշխատանքը կանոնակարգող օրենսգրքերի ընդհանուր դրույթներին: Խոսքը հիմնականում ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածին է վերաբերում, որով սահմանվում է, որ «Անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հոգեբան, հոգեբույժ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, սոցիալական աշխատող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, քրեաբան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում քրեակատարողական համակարգի բարեփոխման բնագավառում գործունեություն ծավալած հասարակական կազմակերպության` դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացրած ներկայացուցիչ»։

Նման մոտեցումը, մեր կարծիքով, հնարավորություն կտա լրացնելու ստեղծված վակուումը և առհասարակ դրական կանդրադառնա պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի կայացման գործընթացի վրա:

 

Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։