Մարտիմեկյան սպանություններից հինգ տարի անց մեղավորները չեն բացահայտվել

Քաղաքացիական հասարակության ինստիտուտն այսօր հայտարարություն է տարածել, որով կոչ է անում իշխանություններին ապահովել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած մահվան դեպքերի անկախ և մանրակրկիտ քննությունը, ինչպես նաև՝ զոհերի հարազատներին տրամադրել պատշաճ փոխհատուցում։Հայտարարության մեջ ասված է.

«2008 թ.-ի մարտի 1-ից հետո անցել է հինգ տարի: Մինչ օրս ոչ ոքի նկատմամբ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել տաս մահվան դեպքերի համար։ Այսօր բացակայում է հանրության վստահությունը քննություն իրականացնող մարմինների հանդեպ՝ քննության թափանցիկության և անկախության բացակայության պատճառով։

«ՀՀ իշխանությունները ցույց տվեցին, որ չեն կամենում իրականացնել այս գործի քննությունը, նույնիսկ այն պարագայում, որ հանցագործությունները կատարվել են իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցների ներկայությամբ: Իշխանությունները պետք է զեկուցեն հասարակությանը այս ընթացքում ձեռնարկված գործողությունների և հանցագործությունների չբացահայտման պատճառի մասին: Մարտի 1-ի հանցագործությունների ստվերը, որն առկա էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարության առաջին հինգ տարիների ընթացքում, կշարունակվի մնալ նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում այնքան ժամանակ, քանի դեռ մեղավոր անձինք պատասխանատվության չեն ենթարկվել»,- նշում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը:

2008թ.-ին կայացած նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերից հետո` 2008թ. մարտի 1-ին իրավապահ մարմինների կողմից ուժի չափից ավելի գործադրումը հանգեցրել էր ոստիկանության և ընդդիմության ակտիվիստների միջև բազմաթիվ բախումների: Արդյունքում տաս մարդ զոհվեցին և երկու հարյուր մարդ տարբեր տեսակի վնասվածքներ ստացան։ Չնայած հարուցվել են քրեական գործեր, որոնք ո՛չ կասեցվել են, ո՛չ կարճվել, որևէ առաջընթաց այդ հարցում չկա. հրազենային վերքերի և մարմնական վնասվածքների հանգամանքները մինչ օրս պարզված չեն, իսկ տուժողները հատուցում չեն ստացել:

2011թ. ապրիլի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քննություն իրականացնելու կարևորությունը, սակայն հայտարարությանը չհաջորդեցին այս ուղղությամբ որոշակի քայլեր:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) բազմիցս արտահայտել են իրենց մտահոգությունը և կրկին կոչ են անում իշխանություններին ապահովել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած մահվան դեպքերի անկախ և մանրակրկիտ քննությունը, ինչպես նաև զոհերի հարազատներին տրամադրել պատշաճ հատուցում։

«Իրական և անաչառ արդարադատության վերականգնումը պետք է առաջնահերթություն լինի նախագահ Սարգսյանի համար, ով իր նոր պաշտոնավարությունը սկսում է 2013 թ.-ի փետրվարի 18-ին հանրահավաքների և ընտրակեղծիքների մեղադրանքների համատեքստում: Մենք չենք դադարի պահանջել 2008թ.-ի մարտի սպանությունների անկողմնակալ և թափանցիկ քննության իրականացում»,– ասում է FIDH–ի Գլխավոր քարտուղար և ՔՀԻ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը»: