NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բաց նամակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը օգոստոսի 5-ին բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որը վերաբերում է ոստիկանների կողմից Երևանի քաղաքապետարանի մոտ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստների վրան տեղադրելու գործողությունների խոչընդոտմանը: Նամակի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ պարոն Գասպարյան,
Սույն թվականի օգոստոսի 1-ին ժամը 12.00-ի սահմաններում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի (ՔՀԻ) աշխատակիցները գտնվում էին Երևան քաղաքի քաղաքապետարանի շրջակայքում՝ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության մասնակիցների կողմից կազմակերպված նստացույց-ակցիայի մշտադիտարկում իրականացնելու նպատակով:
Նրանք ականատես դարձան, թե ինչպես արձագանքեցին ՀՀ ոստիկանության աշխատակիցները, երբ ցուցարարները վրան բացեցին այն տեղադրելու նպատակով. ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ վերցրեցին ցուցարարներին պատկանող վրանը և հապճեպ հեռացան՝ առանց որևէ արձանագրություն կազմելու: Նման վարվելակերպը թույլ է տալիս ենթադրել, որ ոստիկանության աշխատակիցների գործողությունները տվյալ պարագայում անօրինական էին:
Համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի՝ ոստիկանության առջև դրված է մի քանի խնդիր, այդ թվում. հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը և օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը: Օրենքում հստակորեն նշված է, որ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա:
ՔՀԻ-ի կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ մասնավորապես նստացույցերի ժամանակ ոստիկանության աշխատակիցները միշտ չէ, որ առաջնորդվում են վերոնշյալ սկզբունքներով: ՀՀ ոստիկանությունը վերջին տարվա ընթացքում բազմիցս խոչընդոտել է զանազան պահանջներով նստացույցեր անցկացնող քաղաքացիների կողմից վրան տեղադրելը: Ավելին, այդ ամենը արվել է անձանց՝ սեփականության իրավունքով պատկանող վրանները վնասելու կամ/և բռնի ուժով խլելու միջոցով: Հատկանշական է, որ վերոնշյալ բոլոր դեպքերում ոստիկանության աշխատակիցները երբևիցե չեն բացատրել, թե օրենքի որ դրույթի համաձայն նստացույց անցկացնելիս վրան տեղադրելը ապօրինի է:
ՔՀԻ-ին մտահոգված է, որ նման իրավիճակներում ոստիկանության աշխատակիցները չեն հետևում օրենսդրության պահանջներին, և այդ պրակտիկան կրում է կրկնողական բնույթ: Ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորած մոտեցումը նվազեցնում է ոստիկանության նկատմամբ բնակչության վստահությունը և թույլ է տալիս ենթադրել, որ ոստիկանությունը գործում է կամայականորեն:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ օրենքով նախատեսված ժամկետներում պարզաբանել.
-Ո՞ր իրավական ակտով է արգելվում նստացույցի ընթացքում վրան տեղադրելը և որ դեպքերում:
-Ո՞ր օրենքով է կարգավորվում ոստիկանության աշխատակիցների հետևյալ գործողությունները՝ ցուցարարների ձեռքից վրան խլելը և առանց արձանագրություն կազմելու արագ հեռանալը, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, ս.թ. օգոստոսի 1-ին:
-Եթե ցուցարարների արարքը որակվել է որպես իրավախախտում, ապա ինչու՞ ՀՀ ոստիկանության աշխատակիցները չեն հետևել օրենքով նախատեսված ընթացակարգին: Ինչու՞ չեն կազմել իրավախախտման մասին որևէ արձանագրություն, ինչպես պահանջում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը»:
