NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՔՀԻ–ն չի ցանկանում մաս կազմել մի հանձնաժողովի, որը փաստացի չի գործում
Հոկտեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնում» Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ նախագահ Արման Դանիելյանը և ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը խոսեցին ուժային կառույցների նկատմամբ հասարակական վերահսկողության դերի, Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի իրավասությունների և դրանից բխող խնդիրների մասին։
ՔՀԻ-ին հոկտեմբերի սկզբին հայտարարեց հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին։ Պատճառը, ըստ Արման Դանիելյանի, հետևյալն էր. «Ես ակնկալում էի, որ հանձնաժողովն աշխատելու է։ Բայց, փաստորեն, այս ամիսների ընթացքում որևէ նիստ չի գումարվել։ Միակ նիստը, որ գումարվեց, իմ դուրս գալու դիմումից հետո եղավ, սակայն օրակարգում հանձնաժողովի իրավասության հետ կապված ոչ մի հարց չկար։ Ես փորձեցի ներկայացնել առաջարկություն, որ հասարակական կարգը պահպանող ոստիկանների բոլոր խախտումները քննարկվեն հանձնաժողովում, բայց իմ առաջարկը չընդունվեց։ Դա նշանակում է, որ հանձնաժողովը շարունակելու է աշխատել նույն ձևով, այսինքն՝ չաշխատել։ Հաշվի առնելով այս ամենը՝ հանձնաժողովի գործունեությունը ձևական բնույթ է կրում, և մենք չենք ցանկանում մաս կազմել չգործող կառույցի»։
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը պարզաբանեց, որ հանձնաժողովի հիմնական գործառույթը հավաքների ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ խախտումներն են։
Իսկ ոստիկանը կարգապահական կոպիտ խախտում կատարել է թե ոչ, պետք է պարզի ծառայողական քննությունը։ Եթե դա կոպիտ խախտում չէ, հանձնաժողովն իրավասու չէ քննարկել։ «Մենք ի սկզբանե չենք կարող ոստիկանության ծառայողի գործողություններին որակում տալ, մինչև ծառայողական քննությունը չավարտվի։ Դա, առնվազն, անմեղության կանխավարծակի խախտում է»,– նշեց Մերուժան Հակոբյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի նիստեր չեն գումարվել, որովհետև առիթ չի եղել։
Հակադարձելով ոստիկանության աշխատակցին՝ Արման Դանիելյանը կարծիք հայտնեց, որ ավելի արդյունավետ կլինի քննարկել բոլոր գործերը, նույնիսկ այն գործերը, որոնց դեպքում չի հաստատվել կարգապահական խախտում կատարելու փաստը։
«Այս պարագայում մենք կարող ենք ասել, որ հանձնաժողովը հասարակական վերահսկողություն է իրականացնում, այսինքն՝ ստուգում է՝ արդյո՞ք ոստիկանությունը պատճաշ քննություն է իրականացրել և չի՞ փորձում արդյոք կոծկել կամ հովանավորել խախտում կատարած ոստիկանին։ Իսկ եթե հանձնաժողովը քննարկում է ծառայողական քննության արդյունքում կոպիտ կարգապահական խախտում որակված գործերը միայն, ապա ակամայից դառնում է ոստիկանի պատժաչափ որոշող կամ ոստիկանին արդարացնող մարմին»,– համոզված է ՔՀԻ նախագահը։
Ոստիկանության իրավաբանական վարչության պետի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ 2014թ.–ին միայն մեկ դեպք է գրանցվել, երբ հավաքների ժամանակ ոստիկանը կոպիտ կարգապահական խախտում է կատարել։ Ոստիկանությունում հարուցված վարույթը կասեցվել է մինչև քրեական գործով որոշման ուժի մեջ մտնելը։
Արման Դանիելյանը ներկայացրեց խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տված մարդու իրավունքների ոտնահարման մի քանի դեպք, որոնք արդեն իսկ հաստատվել են վարչական դատական վճիռներով։ «Արդյո՞ք դատարանի վճիռները հիմք չեն՝ կարգապահական վարույթ սկսելու համար»,– հարցրեց նա։
Ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց, որ դատարանը ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարց չի լուծում, իրենք տեղյակ են այդ վիճռներից և առայժմ իրենք ուսումնասիրում են։
Ամփոփելով իր խոսքը՝ ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը նշեց, որ մեկ ու կես տարվա փորձը ցույց է տալիս, որ ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կանոնակարգը փոփոխության կարիք ունի։
«Կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավելու ոստիկանության նախաձեռնությունը կարևոր քայլ էր ուժային կառույցի նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու տեսանկյունից։ Եվ մենք պատրաստ ենք առաջարկություններ ներկայացնել կանոնակարգի փոփոխության և բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ անհրաժեշտ է հստակեցնել և ընդլայնել հանձնաժողովի իրավասության շրջանակները։