NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ կալանավայրերը գերծանրաբեռնված են

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Արման Դանիելյանը կալանավայրերում դիտարկումներ անցկացնող հասարակական խմբի մյուս անդամների հետ հաճախ է լինում կանավայրերում' 2001 թվականից: Համակարգի թափանցիկությունը և նոր շենք-շինությունների կառուցումը երկու դրական կետերն են, որոնք նա նշում է 2001 թվականից կատարված իր դիտարկումների արդյունքում: Բայց այս երկու կետերով էլ այսօրվա քրեակատարողական համակարգը հետ է գնացել:
Շինարարությունը կանգ է առել ճգնաժամի պատճառով, իսկ «թափանցիկություն» ասածը վերջին երկու տարում վտանգված է, քանի որ կալանավայրերի վարչության պետը փակում է համակարգը լրատվամիջոցների առաջ: Թե ինչն է ցանկանում գաղտնի պահել հասարակությունից վարչության պետ Աշոտ Գիզիրյանը, պարզել չենք կարող, քանի որ մեր մուտքը քրեակատարողական հիմնարկներ խստիվ արգելված է:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Աշոտ Գիզիրյանը երեք մերժում է ուղարկել մեզ՝ մեկը մյուսից աբսուրդ պատճառաբանություններով: Սրան մենք կանդրադառնանք ապագայում, իսկ առայժմ, «թե ինչն է փակում Աշոտ Գիզիրյանը հանրության աչքերից», փորձեցինք հասկանալ՝ զրուցելով Արման Դանիելյանի հետ, քանի որ դիտորդական խմբի այցելություններն առայժմ չեն հանդգնում արգելել:
- Վերջերս տպավորություն ունեմ, որ կալանավայրերը փակում են լրագրողների առաջ: Իսկ Դուք չունե՞ք նման տպավորություն:
- Ճիշտն ասած, մենք նկատել ենք այդպիսի միտում: Չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց նույնիսկ ունենք մի քանի դեպք, երբ լրատվամիջոցները բողոքել են, որ մուտքի հետ կապված խոչընդոտներ կան: Օրինակ, "Human rights in Armenia" կազմակերպության լրագրողի հետ այդպիսի դեպք եղավ, որը հետագայում, սակայն, մեր միջամտությամբ հարթվեց: Եթե այս միտումը շարունակվի, ապա մենք այն արտացոլելու ենք մեր տարեկան հաշվետվությունում:
- Ձեր կարծիքով, մենք մոտեցե՞լ ենք գոնե մի փոքր եվրոպական ասած ստանդարտներին և որքանո՞վ:
- Այսօրվա դրությամբ եվրոպական չափանիշներից մեկն է շինությունների կառուցումը: Խորհրդային Միությունից ստացած շինությունները չեն համապատասխանում, եւ հնարավորություն էլ չկա հարմարեցնելու եվրոպական չափանիշներին: Խորհրդային քրեակատարողական հիմնարկը' բանտը կամ գաղութը, մեծ հանրակացարան է, որտեղ 50-100 մարդ մի սենյակում է բնակվում: Իսկ եվրոպական նորմը խցային պայմաններն են, որտեղ հնարավորինս քիչ մարդ բնակվի, իսկ ցանկալի է, որ մարդը լինի մենակ: Այսօրվա եվրոպական չափանիշը սա է: Այսօր մենք մի քանի նոր շինություն ունենք, որտեղ քիչ թե շատ պայմաններ են ստեղծվել, բայց նաև ունենք երեք քրեակատարողական հիմնարկ, որտեղ մարդիկ պահվում են խորհրդայինին մոտ պայմաններում: Դա «Էրեբունի», «Կոշ» և «Սևան» ՔԿՀ-ներն են: Սա հակասում է ոչ միայն միջազգային չափանիշներին, այլև հայկական օրենսդրությանը, որովհետև հայկական օրենսդրությունը նույնպես սահմանափակում է մարդկանց թվաքանակը: Մի կացարանում կարող է պահվել 4-ից մինչև 6 մարդ, բաց տիպերի համար՝ մինչև տասը մարդ:
- Որո՞նք են վերջիվերջո համարվում եվրոպական չափանիշները:
- Դա, նախևառաջ, խցային տիպն է, մեկ մարդու համար նախատեսված տարածքն է: Գիտեք, դժվար է խոսել եվրոպական չափանիշների մասին, որովհետև դրանք կայուն չեն եւ զարգանում են, ինչպես զարգանում է բանտային համակարգը: Եվրոպական բանտային կանոնները, օրինակ, ժամանակ առ ժամանակ փոխվում են: Վերջին անգամ փոխվել են 2007 թվականին: Եթե մեր օրենսդրությունը համապատասխանեցրել ենք եվրոպական չափանիշներին և ասում ենք, որ մեկ մարդուն եվրոպական չափանիշներով 4 քմ տարածքով է պետք ապահովել, ապա այսօր արդեն եվրոպական չափանիշը 7 քմ է: Մենք էլ պետք է փորձենք հասնել այդ չափանիշների զարգացման ետևից:
- Ես հաճախ նկատել եմ, որ մեր նոր վերանորոգված կամ կառուցված բերդերում դատապարտյալները չեն ուզում մնալ: Նրանք ավելի ձգտում են տեղափոխվել Ձեր ասած գաղութի տիպի հիմնարկներ, քան մնալ եվրոպական չափանիշներով կառուցված «Վանաձորում» կամ ընդամենը 2 տարի առաջ վերանորոգված «Արթիկ» ՔԿՀ-ում: Ինչո՞ւ:
- Եթե եվրոպացիներն ասում են, որ խցում մարդը պետք է մենակ լինի, սա չի նշանակում, որ մարդը պետք է այնտեղ մենակ փակված լինի ամբողջ օրը: Դա նշանակում է, որ ինքը պիտի ունենա անհատական քնելատեղ, բայց ցերեկվա ժամերին պետք է հնարավորություն ունենա նաև այլ տարածքներում շրջելու: Էսօր մեր խցային տիպի հիմնարկներում մարդիկ 23 ժամ օրվա մեջ փակված են խցերում: Եվրոպական դատարանում գործեր կան, որոնցով, եթե մարդը խիստ սահմանափակում ունի շարժման, գնահատվում է որպես վատ վերաբերմունք: Վերցնենք, օրինակ, «Վարդաշենը», որն առաջինն է հիմնարկներից վերակառուցվել: Այն կիսաբաց տիպի է, ինչպես և «Էրեբունին»: Մարդիկ ապրում են սենյակներում, որոնք խցեր չես կարող անվանել, որովհետև դրանք չեն կողպվում: Եվ դատապարտյալը հնարավորություն ունի իր սենյակում հանգստանալ և շփվել մյուսների հետ: Բայց այստեղ էլ պետք է հնարավորություն ստեղծել սպորտով, այլ բաներով զբաղվելու, էլ չեմ ասում աշխատանքի, զբաղվածության մասին: Դատապարտյալներն այսօր, ցավոք, անգործության են մատնված բոլոր հիմնարկներում, ինչը շատ բացասական է անդրադառնում նաև իրենց հոգեբանական վիճակի վրա: Վերջապես, դժվար թե այդպիսի պայմաններում նրանք ուղղվեն: Մենք էլ մի երկու օր տանն ենք մնում, ուզում ենք մի բանով զբաղվել: Էլ ուր մնաց՝ երկար տարիներով ազատազրկվածները:
- Այս վերջին երկու-երեք տարիներին ի՞նչ դրական տեղաշարժ եք նկատել:
- 2001 թվականից մենք նկատել ենք համակարգի թափանցիկացումը: Հասարակության մուտքը մի պահ թույլատրվեց այդ համակարգ, ինչը դրական ազդեցություն թողեց, այդ ընթացքում բարելավվեց վերաբերմունքը դատապարտյալների և կալանավորված անձանց նկատմամբ: Երկրորդը՝ շինությունների վերակառուցումն է, որը պետք է շարունակվի: Բայց, ցավոք, ճգնաժամի պատճառով այսօր աշխատանքները դադարեցվել են, եւ մենք ունենք գերբնակեցման խնդիր: Հիմնարկներ ունենք, օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, որտեղ մարդիկ անգամ անհատական քնելատեղ չունեն: Այս տենդենցը նոր է, վերջին 2-3 տարում է նկատվում:
- Ինչի՞ հետ եք սա կապում:
- Մի քանի խնդիր կա: Դրանցից առաջինը մենք նշում ենք վաղաժամկետ ազատման հետ կապված բարդությունները: Ստեղծված վաղաժամկետ ազատման հանձնաժողովները չեն ստեղծում պայմաններ, որ մարդիկ ընկալեն իրենց վաղաժամկետ ազատման հնարավորությունը: Եթե ավելի պարզ ասեմ, մարդը չգիտի, թե իրեն ինչպես պետք է պահի, որ արժանանա այդ հանձնաժողովի հավանությանը: Ինքը կարող է աշխատել տնտեսական մասում, կարող է չաշխատել, լավ կամ վատ պահել իրեն: Վաղաժամկետ ազատման հանձնաժողովը չունի հստակ սահմանված չափանիշներ, որոնց մարդը ծանոթ լինի եւ իմանա, որ այս չափանիշներին համապատասխան եթե վարք ունենա, կազատվի: Քանի որ չկան այդ չափանիշները, ապա, նախ, բավականին լարված մթնոլորտ է ստեղծվում ներսում: Պատկերացրեք, գնում եք քննության, Ձեզ հարցեր են տալիս, բայց Ձեր պատասխանները նշանակություն չունեն: Դուք չգիտեք, թե ինչ գնահատական կստանաք այդ Ձեր պատասխանի արդյունքում' «հի՞նգ», թե՞ «երկու»: Քանի որ կտրուկ նվազել է ազատվողների թիվը, դրա արդյունքում ևս մենք ունենք գերբնակեցում: Անցյալ տարվա համաներումը շատ քիչ չափով ազդեց գերբնակեցման խնդրի վրա, և կարող եմ ասել, որ մենք այսօր արդեն հասել և անցել ենք էդ համաներումից առաջ եղած բանտերի բնակեցման թվերից:
«Հրապարակ» օրաթերթ
