NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պետք են համակարգային փոփոխություններ

Հարցազրույց FIDH-ի գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանի հետ
-Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա / FIDH/ իրավապաշտպան կազմակերպությունը, ի թիվս այլ միջազգային կառույցների դատապարտեց ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում ապրիլի 13-ին արձանագրված 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան դեպքը: ՀՀ ոստիկանապետն էլ, իր հերթին, ընդունեց, որ ապատեղեկատվություն է տարածել:
-Ողջունելի է, որ Հայաստանի ոստիկանապետն ընդունեց, որ շտապել է ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում ապրիլի 13-ին արձանագրված դեպքի հետ կապված հայտարարություն անել: Նա խնդիր դրեց, որ խոշտանգումներն իսկապես անընդունելի են: Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում բարձրացվում է խոշտանգումների հարցը: Մասնավորապես, FIDH-ը մի քանի անգամ հանդես է եկել հայտարարություններով: Հիշենք Լևոն Գուլյանի գործը, երբ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան հանդես եկավ հայտարարություններով: Ի դեպ, պետք է նշեմ, որ գործի ընթացքը մեզ այսօր չի բավարարում: Կարծես իրավապահ մարմինները ամեն կերպ ջանում են կոծկել գործը: Նմանատիպ խնդիրներ կան նաև Սաշա Դավթյանի գործով, ինչի կապակցությամբ ևս FIDH-ի կողմից տարածվել է հայտարարություն: Փաստորեն Սաշա Դավթյանին խոշտանգելու հետ կապված մինչ օրս քննություն չի կատարվում: Նման դեպքերն իրականում շատ են:
-Այս դեպքում ի՞նչ լուծումներ կարող են առաջարկել իրավապաշտպանները:
-Ժամանակն է այս խնդիրներին տալ համակարգային լուծումներ: Մոտ երեք տարի առաջ մենք բարձրաձայնել ենք այս հարցը. անհրաժեշտ է ձևավորել հասարակական վերահսկողության դիտորդական անկախ խումբ' ոստիկանության նկատմամբ: Խումբը, այցելելով ոստիկանության բաժանմունքներ, պիտի կարողանա հասարակության լայն շերտերին իրազեկել կատարված խախտումների մասին: Ոստիկանության բաժանմունքներում մարդիկ անօրինական պահվում են, խոշտանգվում: Անգամ ՔԿՀ-ներում փաստեր կան արձանագրված, որ մարդիկ իրենց մոտ են ընդունվում մարմնական վնասվածքներով: Սակայն, ցավոք, մինչ օրս այս խնդիրը համակարգային լուծում չի ստացել: Բաժանմունքները պիտի լինեն բաց. դիտորդական խմբի անդամները պիտի մուտք ունենան ոստիկանություն' տեսնելու այս կամ այն ժամին ինչ է կատարվում բաժիններում:
Պետք է պարզել, թե ինչ կարգով են քաղաքացիները պահվում ոստիկանության բաժիններում, ինչպիսի պայմաններում: Դատախազությունը հաղորդագրություն է տարածում, ըստ որի քաղաքացուն քննում են, ապա մի երկու ժամ էլ պարզապես զրուցում: Այս տարօրինակ զրույցների ֆոնի վրա' մարդիկ իրականում անօրինական կերպով պահվում են ոստիկանությունում, ծեծի ենթարկվում, էլ չենք խոսում նրա մասին, որ կան մարդկային արժանապատվությունը վիրավորող այլ մեթոդներ ևս:
- Ի՞նչ է անհրաժեշտ դիտորդական խումբը ձևավորելու համար:
- ՔԿՀ-ներում արդեն 5 տարի է գործում է հասարակական դիտորդների խումբ: Արդարադատության նախարարության կողմից որևէ անգամ դիտողություն, դժգոհություն չի հայտնվել խմբի աշխատանքների հետ կապված: Հակառակը' խումբը արդյունավետ է աշխատում, ինչ-ինչ խնդիրներ են լուծվում, քանի որ խումբը ինքնին մեկ այլ հայացք է: Իհարկե, բարձրացված ոչ բոլոր հարցերն են լուծում ստանում, սակայն այն, որ այդ խնդիրների մասին տեղեկանում է հասարակությունն ու նախարարությունը, արդեն իսկ ձեռքբերում է: Իսկ խումբը ձևավորելու համար ընդամենը անհրաժեշտ է ՀՀ ոստիկանապետի մի որոշում:
- ՀՀ ոստիկանապետն արդեն ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, ում իր հայտարարությամբ ապատեղեկատվություն էր տարածել: Ձեր կարծիքով, արդյո՞ք միայն ներողությունը էր նման ճակատագրական հարցում, երբ անդառնալի կորուստ է արձանագրվել:
ՀՀ ոստիկանապետը միայն ներողություն չի խնդրել, ասել է նաև, որ բոլոր մեղավորները խստագույնս կպատժվեն: Բայց կրկնում եմ' Վահան Խալաֆյանի հետ կատարվածը առաջին դեպքը չէ, ուստի, մեր կարծիքով անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Եթե լուրջ փոփոխություններ չլինեն, ցավոք, այս դեպքը վերջնն էլ չի լինի' հաշվի առնելով այն աշխատաոճը, որն այսօր ունի մեր ոստիկանոթւյունը:
