NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Մտածում էի` լավ է մեռնեի, քան հետ գայի, անցնեի այդ ամենի միջով»

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի հաճախ սեռական շահագործման զոհ են դառնում սոցիալապես խոցելի վիճակում գտնվող կանայք և աղջիկները: Թրաֆիքինգի այդպիսի մի զոհ է Ա.-ն (իր խնդրանքով չենք նշում անունը և բնակության վայրը):
Ժամանակավոր աշխատանք փնտրող 19-ամյա ուսանողուհուն այնքան էլ դժվար չի եղել գայթակղել ամսական 500 դոլար աշխատելու առաջարկով։ Մոտ հարևանուհին առաջարկել է տնային տնտեսուհու աշխատանք Թուրքիայում իր ծանոթներից մեկի տանը: Առաջարկը գրավել է աղջկան, մանավանդ որ ընտանիքը գտնվում էր սոցիալապես ծանր վիճակում, և ծնողները դեռ ստիպված էին հոգալ նաև իր ուսման ծախսերը:
Վիզայի և տեղափոխման բոլոր ծախսերը հոգալուց հետո Ա.-ին փոխադրել են Թուրքիա, նրանից վերցրել անձնագիրը և ստիպել սեռական ծառայություններ մատուցել մի բարում: Դեպքից անցել է 2 տարի, մեղավորները բանտում իրենց պատիժն են կրում:
Ա.-ն համաձայնեց խոսել իր հետ կատարվածի մասին, որ բոլոր աղջիկներն իմանան ու խուսափեն Թուրքիայում փող աշխատելու գայթակղիչ առաջարկություններից:
Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:
Ծնողներդ ինչպե՞ս վերաբերվեցին Թուրքիայում աշխատելու առաջարկին։
Ծնողներս դեմ էին։ Ես ասում էի, որ քննություններս արդեն վերջացրել եմ, տանը պարապ նստած եմ, կարող եմ արձակուրդների ընթացքում գնալ, գոնե իմ ուսման վարձի փողը աշխատել, տեսնում եմ, որ նեղն ենք ապրում, հազիվ եք ծայրը ծայրին հասցնում։ Ծնողներիս հետ շատ վիճեցի, վերջում համաձայնվեցին։ Գործի մասին ասող մարդն էլ շատ մոտիկ հարևան էր մեզ ու վստահելի էինք համարում, չէինք մտածում...
Գործատուն ո՞վ էր։
Մեր հարևանուհու խնամիներն էին իբր։ Էդ կինը հայ էր, ամուսնացել էր թուրքի հետ, երկար տարիներ Թուրքիայում էր ապրում։ Ծնողներս էլ նախապես խոսեցին իր հետ, որ իմանան՝ ուր եմ գնում։ Ասեց, եթե ձեր երեխային աշխատանքը դուր չեկավ, հաջորդ օրը հետ կուղարկենք։
Հետո իմացա, որ էդ կինը միշտ հայ աղջիկներ է բերել էդտեղ աշխատացնելու համար։ Ցավալի է, որ հայ կինը կարող է փողի համար հայ աղջկան վաճառել թուրքին։
Ինչ-որ կասկած եղե՞լ է ձեր մեջ կամ երբևէ լսե՞լ էիք թրաֆիքինգի մասին։
Չէ՛, ոչ մի կասկած չի եղել։ Թրաֆիքինգի մասին ընդհանրապես տեղեկություն չունեի։
Ե՞րբ և ինչպե՞ս իմացաք, թե իրականում ինչ աշխատանք էր ձեզ առաջարկվում։
Առաջին երկու օրը մեզ քաղաքով ման տվեցին: Երրորդ օրը ես հարցրեցի, բա ե՞րբ պիտի աշխատանքի անցնեմ, ասեցին այսօր երեկոյան։ Ինձ հետ երեք հայ աղջիկներ էլ կային, որ եկել էին այլ աշխատանքի համար: Երեկոյան ասեցին սիրուն հագնվեք, տեղ ենք գնում։ Մեզ տարան մի բար, որտեղ թուրք կանայք նստած էին, թուրք հաճախորդները գալիս էին, ընտրում էին որևէ մեկին ու իրենց հետ ժամանակ էին անցկացնում։ Ասեցին նստեք էդ կանանց կողքին, էստեղ պիտի աշխատեք։ Ես փորձեցի ընդդիմանալ։ Իրենք ասեցին՝ «քո ուզելով չի, դու հիմա մեր ձեռքերում ես, ոնց կուզենք, նենց էլ կանես, քո լացուկոծին ոչ ոք չի հավատում»։ Իսկ իմ հետ գնացած մյուս աղջիկները իրենց աշխատանքի հետ մերվեցին, մտածում էին` «մեկ է, Հայաստանում չգիտեն՝ մենք այստեղ ինչով ենք զբաղվում»։
Մեզ գիշերը 8-ին տանում էին բար, առավոտյան 6-ին հետ էինք գալիս։ Մեզ կանչում էին հաճախորդները, զզվելի առաջարկներ էին անում...
Իսկ երբ փորձում էիք ընդդիմանալ, ինչո՞վ էին վախեցնում, սպառնում։
Ծեծում էին, հաց չէին տալիս, ասում էին, մինչև չաշխատես հաց չես ուտի, չոր գետնի էին քնացնում։ Սպառնում էին վնասել փոքր քրոջս, ծնողներիս:
Թուրքիայից փախնելուց և Հայաստան հասնելուց հետո առաջին բանը որ արեցիք, ո՞րն էր։
Հենց առաջին օրը, որ եկա, միանգամից գնացի ոստիկանություն։ Ոչ թե քինախնդրությունից դրդված, այլ որ էդ մարդիկ չկարողանան ուրիշներին ինձ նման խաբել ու տանել Թուրքիա։ Մարդիկ ինձ ասում էին, «ինչո՞ւ իզուր անունդ հանես, որ գնացել ես Թուրքիա, փոքր քաղաք ա, բոլորը կիմանան, գրողը, թե ուրիշներին չեն տանի»։ Բայց ես էդպես չէի մտածում։ Առաջին օրը, դեռ տուն չմտած, գնացի ոստիկանություն ու հայտարարություն տվեցի, ցուցմունք տվեցի։
Ես մի քիչ խորամանկություն ունեի, որ դուրս էինք գալիս, փողոցը, շուրջս ամեն ինչ ուշադիր նայում էի, մտապահում։ Մոտավորապես տեղը բացատրեցի, կարողացան գտնել-բերել։ Գալուցս հետո մեկ ամիս չէր անցել, թրաֆիկյորներին բռնեցին, բերեցին։ Հիմա բանտում նստած են: Քննիչը ասեց՝ «ուրախ ես չէ՞, որ նստել են»։ Ես ասացի, որ նման մարդկանց, ովքեր փորձում են ուրիշներին շահագործել, 12 տարին քիչ է։ Իրենց նմաններին եթե ցմահ էլ տային, էլի քիչ կլիներ։ Նրանք դուրս կգան ու էլի կշարունակեն, էդպիսի մարդիկ չեն փոխվում։
Իսկ ծնողներդ և շրջապատիդ մարդիկ երբ իմացան, թե ի՞նչ է եղել, ինչպե՞ս դիմավորեցին, ինչպե՞ս արձագանքեցին։
Փառք աստծո, ծնողներս ինձ ընդունեցին, հասկացան, հավատացին։ Շրջապատում լուրը արագ տարածվեց։ Շատերն ասում էին՝ «էդ աղջիկը գնացել ա Թուրքիա, ուրեմն լավ էլ իմացել ա՝ ուր ա գնում, ուրեմն էս ա, էն ա։ Հիմա էլ երևի դեպորտ են արել, էկել ա անմեղ ա ձևանում»։ Փողոցում ինձ խեթ-խեթ էին նայում, հետևիցս ռեպլիկներ էին թողում։ Չնայած իմ ծնողների և հարազատների ջերմ վերաբերմունքին, ես որ լսում էի հարևանները շրջապատում ինչեր են խոսում, ուզում էի մեռնել։
Ի՞նչ հոգեվիճակում էիր Հայաստան վերադառնալուց հետո։
Սկզբում որ եկա, շատ-շատ վատ էի։ Երկու անգամ դեղեր եմ խմել, որ կյանքիս վերջ տամ։ Չնայած ամեն ինչ հետևում էր, բայց երբ լսում ես անընդհատ քո հետևից կտտանքներ, ասում էին՝ «ձևեր ա թափում, որ իբր վատ վիճակում ա»։ Մեր տուն էին գալիս, ինձ ասում էին՝ «վայ ինչ մեղկ ես, ոչինչ, մի մտածի, լավ կլինի», բայց հետևից ասում էին՝ «տեղն ա իրան, շատ էր քիթը բարձր ման գալիս, տեսաք անբարոյականի մեկն ա»։ Էդ ավելի շատ ազդեց վրաս, ես մտածում էի էնտեղ, երբ թուրքերը, օտար մարդիկ էինք քեզ վատ վերաբերվում, ինչ-որ տեղ հասկանալի էր, բայց երբ քեզ ճանաչող մարդիկ են նման կերպ վարվում, էնպես են անում, որ դու ավելի շատ ընկնես սթրեսի մեջ...
Ասացիր, որ ինքնասպանության փորձեր ես արել, ե՞րբ և ինչպե՞ս դա եղավ։
Նոր էի եկել, 10 օր էր անցել։ Պատահական լսեցի, ինչպես էր մեր հարևանը իմ մասին ասում՝ «ինքը անբարոյականի մեկն ա, հեսա տեսե՛ք ո՜նց ա ոտքը բացվելու, ինչե՜ր ա անելու»։ Մի տղայի հետ էր խոսում, ասում էր՝ «էն ժամանակ, որ քիթը բարձր ման էր գալիս, թե ինձ ոչ ոք չի կարա բան ասի, հիմա կարաք ինչ ուզեք, ասեք, էլ բան չի կարա ասի»։ Ու էդ բանը դու լսում ես մի մարդուց, ով քո տուն էր եկել, ասում էր, որ «մի' նեղվի, ամեն ինչ լավ կլինի...»։
Էդ ժամանակ շատ վատ էի, գիտակցությունս կորցնում էի, նույնիսկ մորս չէի ճանաչում պահի տակ, ոչ մեկին չէի հիշում։ Գիշերները երազ էի տեսնում, որ ինձ անընդհատ ծեծում են։ Ուղիղ երկու ամիս ես գիշերները չէի կարողանում քնել, դեղերն էլ չէին օգնում: Անընդհատ վեր էի թռնում, լացում էի։
Իմ ծնողներն էլ իմ հետ շատ տանջվեցին ու ես ինձ էի մեղադրում, որ ծնողներիս նման վիճակի մեջ եմ դրել։ Գիտեմ շատ դեպքեր, որ ծնողները երես են թեքել։ Բայց իմ ծնողները և հարազատները միշտ իմ կողքին են եղել, ու եթե ես հիմա նորից վերադարձել եմ իմ առաջվա կյանքին, ուսումս եմ շարունակում, էդ ամենը իմ ծնողների և «Հույս և օգնություն» ՀԿ-ի շնորհիվ է։
Մեկ ամիս ես մնացել եմ կազմակերպության ապաստարանում, հոգեբան է աշխատել հետս։ Իրենք են ինձ փաստաբան տրամադրել։ Շատ-շատ մեծ աջակցություն են ինձ ցուցաբերել։ Եթե ես էդ մեկ ամիսը ապաստարանում չանցկացնեի, չգիտեմ թե հիմա ինչ վիճակում կլինեի։ Իրենք շատ մեծ ուժ են տվել ինձ պայքարելու համար։
Շատ-շատ դժվար է էդ ամեն ինչի միջով անցնելը, ու մեծ կամքի ուժ է պետք որ կարողանաս քեզ վերագտնես։ Ուղիղ մեկ տարի ինձ պետք է եղել, որ կարողանամ նորից առաջվա կյանքին անցնեմ։
Իսկ հիմա ամեն ինչ առաջվա պե՞ս է։
Հիմա ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ հետևում է։ Ուղղակի մարդկանց խնդրում եմ, որ նման մարդկանց չվերաբերվեն որպես իրի, ջնջոցի, որ կարող ես օգտագործել ու դեն նետել։ Հասարակությունը հիմնականում էդպես է վերաբերվում էդ մարդկանց, որ եթե իրենք գնացել են, ուրեմն իմացել են ուր են գնում։ Շրջաններում հատկապես էդ կարծրատիպը կա:
Կարծում եմ, որ շատ քչերն են, որ կարող է իմանալով գնան էդ աշխատանքին։
Հավատացեք, պահ է եղել, մտածել եմ, ավելի լավ էր մնայի էնտեղ ու չլսեի էս ամենը, չգայի, էս խայտառակության միջով չանցնեի, չտեսնեի էս արհամարհական վերաբերմունքը՝ սկսած փոքր երեխաներից մինչև մեծերը փողոցում հետևիցս խոսում էին, ռեպլիկներ էին բաց թողում՝ «քուրի՛կ, քանի՞ս ես» և այլն։
Էնտեղ, որ էդքան ծանր է եղել իմ համար, ես երբեք չեմ մտածել ինքնասպան լինելու մասին, որովհետև միշտ հավատացել եմ, որ լավ կլինի, ինչ-որ ներքին ուժ ինձ ստիպել ա, որ ելք փնտրեմ վիճակից։
Իսկ հիմա, դեպքից երեք տարի անց, շրջապատի վերաբերմունքը ինչպիսի՞ն է, նախապաշարմունք մնացե՞լ է։
Հիմա, փառք աստծո, ամեն ինչ նորմալ է։ Հիմա իրենք իրենց վատ են զգում նրա համար, որ նման բաներ են մտածել կամ խոսել։ Շատերը հետո ինձ խոստովանել են, որ «դու եկար, մենք մտածում էինք, որ կփոխվես բարոյապես, ուրիշ կյանք կվարես, հիմա ամաչում ենք, որ էդպես ենք մտածել»։
Ի՞նչը օգնեց հաղթահարել այդ ամենը։
Կամքի ուժը և հավատը։ Ես միշտ հավատացել եմ, որ ես անպայման կարամ էս ամեն ինչի միջով անցնեմ։ Էդ իմ համար կյանքի դաս էր, շատ դաժան դաս էր, բայց ես սովորեցի մարդկանց կուրորեն չհավատալ։ Քո ծնողներից բացի ոչ մեկին չպետք է վստահես, որովհետև մարդիկ, օգտագործելով քո սոցիալական վիճակը, կարողանում են համոզել, խաբել։ Հիմնականում սոցիալապես անապահով մարդիկ են ենթարկվում թրաֆիքինգի։
Ես ճանաչում եմ իմ նման աղջիկների, ովքեր դեպքից 2-3 տարի անց դեռ չեն կարողանում դուրս գալ սթրեսից։ Ամեն անգամ երբ խոսում են կամ հիշում են դրա մասին, ընկնում են հոգեկան ծանր ապրումների մեջ, լացում են։
Որ իմ համար հեշտ լինի հաղթահարել, ես հիմա մտածում եմ, որ էդ ամեն ինչը եղել է ուրիշի հետ, ոչ թե իմ։ Ուղղակի դա կինո է եղել, ես նկարահանվել եմ ու էդ դերն եմ խաղացել։ Մենակ էդպես կարող ես հաղթահարել, որ հետագա կյանքդ նորմալ ապրես։ Դու ինքդ պետք է ուզենաս օգնել քեզ, եթե դու չօգնես, ոչ մեկը քեզ չի օգնի։ Ես հիմա սկսել եմ սառը դատել, մեկ է, այդ ամենը եղել, վերջացել է։ Երևի իմ բախտը այնքանով է բերել, որ ես կրթված եմ եղել, որ կյանքին ուրիշ հայացքով եմ նայել։
Ի՞նչ խորհուրդ կտաս քո հասակակից աղջիկներին, որ նման վիճակներում չհայտնվեն։
Թող շատ զգույշ լինեն։ Եթե ուզում են ինքնուրույն լինել, գումար աշխատել, թող Հայաստանում հասնեն թեկուզ փոքր բաների, թեկուզ կամաց-կամաց, բայց չտարվեն ուրիշ երկրներում մեծ գումարներ աշխատելու առաջարկներով, որովհետև արտասահմանում լավ աշխատանքը շատ քչերին է բաժին ընկնում։
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am
