NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ազատ խոսքը ազատ հայհոյելը չէ. Աշոտ Մելիքյան

«Խոսքի ազատությունից է սկսվում ժողովրդավարությունը»,- ասում է խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նրա հետ հարցազրույցը անդրադառնում է Հայաստանում խոսքի և մամուլի ազատության վիճակին, ոլորտի օրենսդրական բացթողումներին և ապագա միտումներին:
Ինչպե՞ս եք գնահատում խոսքի ազատության վիճակը Հայաստանում։
Կարծում եմ, որ Հայաստանում վերջին տարիներին այդ ոլորտում բավականին ռեպրեսիվ միտումներ են նկատվում և գրանցվում, մանավանդ 2008-ի մարտի իրադարձություններից հետո, երբ, փաստորեն, մի շարք լրատվամիջոցների գործունեությունը կասեցվեց:
Այդ ռեպրեսիվ միտումների հետևանքները զգացվում են մինչև այսօր։ Մասնավորապես, օրենսդրական փոփոխությունները, իսկ ավելի ստույգ՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» փոփոխված օրենքը, փաստորեն, հանգեցնում է նրան, որ նույնիսկ տեխնոլոգիաների զարգացման պարագայում երկրի իշխանությունները ամեն ինչ անում են, որ հեռարձակման ոլորտը պահեն վերահսկողության տակ: Չեն ուզում ազատականացնել այդ ոլորտը և, հետևաբար, ամենամասսայական լսարան ունեցող լրատվամիջոցները չեն կարող տեղեկատվությունը ազատորեն հասցնել հասարակությանը։
Որո՞նք են Հայաստանում տեղեկատվության սահմանափակման հիմնական պատճառները։
Ինչպես և ցանկացած իրավունքների սահմանափակումներ, այս սահմանափակումներն էլ առաջին հերթին քաղաքական բնույթ են կրում։ Այսինքն՝ այն գործընթացները, որոնք տեղի էին ունենում այս ոլորտում Հայաստանի անկախությունից ի վեր, ցույց են տալիս, որ իշխանությունները պատրաստ չեն երկրում ունենալ ազատ մամուլ, ազատ խոսք, պատրաստ չեն ընկալել և ընդունել քննադատությունները իրենց հասցեին: Փաստորեն, և՛ խոսքի ազատությունը, և՛ մամուլի ազատությունը մեզանում, մանավանդ 2002-ից հետո, երբ եթերազրկվեց «Ա1+»-ը , առաջընթաց գրեթե չեն ապրել, և միջազգային կազմակերպությունների գնահատականներն էլ այդ առումով բավականին հիմնավորված են։ Մենք այդ կազմակերպությունների զեկույցներում նկատում ենք որոշ փոքր բացթողումներ, անճշտություններ, բայց, ընդհանուր առմամբ, այդ զեկույցները բավականին օբյեկտիվ են իրենց գնահատականներով և մոտեցումներով։ Իսկ այդ գնահատականները հետևյալն են. 2002-ից սկսած՝ Հայաստանի լրատվամիջոցները դասվում են ոչ ազատների շարքին։
Հաշվի առնելով ներկայիս վիճակը, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, ինչի՞ կարող է հանգեցնել այս ամենը։
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նորացված օրենքով, կարծում եմ, հեռարձակման ոլորտում որևէ առաջընթաց սպասել հնարավոր չէ, համենայն դեպս, մինչև 2015 թվականը: Գիտեք, որ 2015-ին արդեն անալոգային հեռարձակումից Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի թվային հեռարձակման։ Ներկայումս մենք անցումային շրջանում ենք։ Այն օրենքը, որը ընդունվեց, խոչընդոտում է ոլորտի ազատականացմանը, հեռարձակող լրատվամիջոցների ազատ գործունեությանը և այդ դաշտում որևէ նոր խաղացողի ի հայտ գալուն: Իսկ դա շատ վատ է, որովհետև միայն ազատ մրցակցության պարագայում կարելի է ակնկալել ոլորտի զարգացում։ Մինչ 2015 թվականը եթե գործի միայն այս օրենքը և փոփոխություններ չլինեն, ոչ մի լավ ակնկալիք չենք կարող ունենալ։ Եթե հաջողվի օրենքը բարեփոխել, իսկ այդպիսի առաջարկներ կան ՀԿ-ների կողմից, այդ թվում՝ նաև մեր կազմակերպության կողմից, ապա մենք կունենանք սկզբունքորեն այլ եթեր: Իսկ եթե քաղաքական իշխանությունները պատրաստ չլինեն ընդունելու մեր առաջարկները, ուրեմն առնվազն մինչև 2015 թվականը մենք ունենալու ենք այն, ինչ ունենք այսօր։
Իսկ օրենքը բարեփոխելու ի՞նչ առաջարկություններ են արվել ձեր կազմակերպության կողմից:
Մեր կազմակերպության աշխատանքային խումբը բարեփոխումների մեծ փաթեթ է նախապատրաստել, որին մեր ցանկացողները կարող են ծանոթանալ մեր կայքում՝ www.khosq.am: Նաև ուզում եմ նշել, որ մեր աշխատանքային խումբը չշփոթեն նախկին օմբուդսմենի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի հետ։
Այն իրավիճակը, որ նախքան այդ օրենքի ընդունումն էր, մեզ նույնպես շատ մտահոգում էր, որովհետև լուծված չէր ՀՌԱՀ-ի իրական անկախության հարցը, ձևավորման կարգը, մրցույթների թափանցիկ, արդար լինելը։ Հիմա էլ այդ բոլոր խնդիրները կան, և վերջին մրցույթները դա ապացուցեցին: Դրա հետ մեկտեղ նոր մարտահրավերներ ի հայտ եկան:
Մենք տեսնում ենք, որ այս բարդ ընթացակարգի ժամանակ թույլ են տրվում տարբեր տեսակի չարաշահումներ, սուբյեկտիվ մոտեցումներ, քաղաքական պատվերներ և այլն։ Դրա համար մենք առաջարկում ենք լիցենզավորման բարդ ընթացակարգից անցել պարզ ընթացակարգի: Այսինքն՝ ինչ-որ փաստաթղթերի առկայության պարագայում տրվում է լիցենզիան, արտոնագիրը, և հետո արդեն ինքը՝ հեռարձակողը, որոշում է՝ ինչպես է ինքը ուզում հեռարձակել իր ծրագրերը։ Եթե ուզում է պետական մուլտիպլեքսներով հեռարձակել, ապա մասնակցում է ՀՌԱՀ-ի կողմից կազմակերպված համապատասխան մրցույթին: Կամ ընտրում է այլ՝ մասնավոր, արբանյակային կամ կաբելային կապուղիները: Սա տեխնոլոգիաների զարգացմանը համապատասխան առաջարկ է և գրեթե բացառում է լիցենզիա չտրամադրելու և տարբեր տեսակի կոնֆլիկտներ ստեղծելու խնդիրը։
Ձեր կարծիքով՝ մամուլի և խոսքի ազատության սահմանափակումները ինչպե՞ս կարող են անդրադառնալ մարդու այլ իրավունքների վրա, այսինքն՝ կարո՞ղ են հանգեցնել այլ իրավունքների սահմանափակմանը։
Առհասարակ, համարվում է, որ խոսքի ազատությունը մարդու այն հիմնական ազատությունն է, որի վրա հիմնվում են մնացյալ ազատությունները, որովհետև մարդը կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչներից տարբերվում է առաջին հերթին նրանով, որ խոսում է։ Եվ միայն ազատ խոսքի միջոցով նա կարող է տեղ հասցնել իր համար կարևոր գաղափարները և մոտեցումները։ Եվ միայն խնդիրների ազատ, բաց քննարկումների, տարբեր տեսակի կարծիքների և մոտեցումների համատեղմամբ կարելի է գտնել լավագույն լուծումները հասարակության զարգացման համար։
Եվ կարծում եմ, որ հենց խոսքի ազատությունից է սկսվում ժողովրդավարությունը։ Չորրորդ իշխանության կայացմամբ է որոշվում ժողովրդավարությունը: Եթե չկա անկախ մամուլ, ուրեմն չկա նաև ժողովրդավարություն, այսինքն՝ խոսքի և մամուլի ազատության մակարդակով կարելի է չափել, թե որքանով է ժողովրդավարությունը առաջ գնացել։ Եթե հայաստանյան իշխանությունները, քաղաքական վերնախավը ուզում է երկիրը տանել ժողովրդավարական ճանապարհով, ապա առաջին հերթին պետք է վերանայի իր մոտեցումները և բարենպաստ պայմաններ ստեղծի խոսքի ազատության և անկախ մամուլի կայացման համար։
Հաճախ խոսքի և մամուլի ազատությունը շփոթում են բացարձակ ազատության և ամենաթողության հետ: Որտե՞ղ է ազատության այն սահմանը, որը չի ոտնահարում այլոց իրավունքներն ու ազատությունները:
Բացարձակ ազատություն չի լինում, առհասարակ և խոսքի ազատությունը, մասնավորապես, բացարձակ չի լինում։ Վատն այն է, որ խոսքի ազատությունը հաճախ շփոթում են ամենաթողության, սանձարձակության հետ, մինչդեռ ազատ խոսքը և ազատ մամուլը պրոֆեսիոնալ և պատասխանատու մամուլն է։ Այն պիտակավորումը, այն հայհոյանքները, որոնք հանդիպում են մամուլի որոշ տեսակներում, ոչ մի կապ չունեն ազատ խոսքի և մամուլի ազատության հետ։ Մարդուն քննադատելու համար անպայման չէ նրան հայհոյես կամ պիտակավորես: Կարելի է քննադատել շատ ավելի սուր, խիստ և ցավալի՝ առանց այդ պիտակների։ Եվ այստեղ է երևում, թե որ լրատվամիջոցն է որակյալ, իսկապես ազատ և պատասխանատու։ Երբ մենք խոսում ենք մամուլի իսկական պրոֆեսիոնալ ազատության և պատասխանատվության մասին, մենք խոսում ենք մամուլի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին, երբ ոչ մի ճնշում չի գործադրվում քննադատության համար, ոչ մի խոչընդոտ չի կիրառվում տեղեկատվություն ստանալու և ազատ տարածելու համար, լրագրողները կարող են առանց ներքին քննադատության կամ առանց արտաքին թաքնված քննադատության ազատորեն հայթայթել և տարածել տեղեկատվությունը։ Խոսքը այս ազատության մասին է և ոչ թե ազատ հայհոյելու և պիտակավորելու մասին։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
