«Կոնֆլիկտների թույլ կողմն այն է, որ բացակայում է կողմերի ինքնաքննադատությունը». Ֆ. Գլազլ

Ֆրիդրիխ Գլազլը, ով 1967թ.-ից աշխատում է որպես խորհրդատու և միջնորդ տարբեր կազմակերպություններում, ինչպես նաև՝ քաղաքական կոնֆլիկտներում, քաղաքացիական պատերազմներում և միջազգային պատերազմական իրավիճակներում, այս օրերին կարճ այցով գտնվում է Հայաստանում, որի ընթացքում նա հանդես կգա դասախոսություններով:

Նա բազում գրքերի և հոդվածների հեղինակ է, որոնց թվում են «Կոնֆլիկտի կառավարումը», «Ինքնօգնություն կոնֆլիկտներում», «Բիզնեսի դինամիկ զարգացումը»:

Վերջին 10 տարիների ընթացքում պարոն Գլազլն իր խորհրդատվությամբ օգնել է մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Ավստրիական ավիաուղիները, «BMW AG»-ը, Գերմանական բանկը, Ֆրանկֆուրտի օդանավակայանը, «Porsche» հոլդինգը և այլն:

Ստորև ներկայացնում ենք պրն. Գլազլի հետ հարցազրույցը.

Միջնորդի դերը կոնֆլիկտներ լուծելու գործընթացում շատ կարևոր է: Ինչպիսի՞ որակավորումներ պետք է անձն ունենա կոնֆլիկտներին միջնորդելու համար:

Կան շատ կարևոր հատկանիշներ, որոնցից մեկն է՝ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում կոնֆլիկտի երկու կողմերում, առանց կողմերից որևէ մեկին քննադատելու։ Այսինքն՝ միջնորդը պետք է հետաքրքրված լինի կոնֆլիկտին լուծում տալու մեջ և չարտահայատի համակրանք կամ հակակրանք կողմերից որևէ մեկին նկատմամբ:

Փոխարենն անհրաժեշտ է, որ կողմերի մոտ առկա լինի ինքնաքննադատություն: Այսօրվա կոնֆլիկտների խնդիրներից է այն, որ կողմերի ինքնաքննադատությունը բացակայում է: Սովորաբար կոնֆլիկտներում երբ լինում է քննադատություն, այն ուղղված է մյուս կողմին, սակայն շատ կարևոր է հարցնել «Ես սխա՞լ եմ գործել, ինչպե՞ս ես կարող եմ փոխվել, ինչպե՞ս փոխեմ պահելաձևս»: Սա կարևոր մոտեցում է:

Մարդիկ իրենց բնույթով բաժանված են երկու մասի' ղեկավարողներ և ենթարկվողներ. դուք համաձա՞յն եք նման բաժանման հետ: Ո՞ր կոնֆլիկտն է հեշտ լուծել. այն, որում ներգրավված են մարդիկ, որոնցից մեկը իշխող, մյուսը հնազանդվող բնավորություն ունի՞, թե՞ երբ կոնֆլիկտում ընդգրկվածներն ունեն իշխող բնավորություն:

Նախ նշեմ, որ համաձայն չեմ, որ ոմանք իշխող, մյուսներն էլ հնազանդվող բնավորություն ունեն, քանի որ բնավորության երկու գծերն էլ առկա են բոլոր մարդկանց մեջ: Մեկը իշխող է մի իրավիճակում, և հակառակը՝ այլ իրավիճակում: Կարևոր է, որ կոնֆլիկտի լուծումն ընկալվի որպես երկկողմանի գործընթաց: Այսինքն՝ սա մի գործընթաց է, որի ժամանակ երկու կողմերն էլ ինչ-որ մի բան տալիս են և ձեռք են բերում, հատկապես կարևոր է, որ լինի ներդաշնակություն, թե որքան ես դու տալիս և որքան ստանում: Էական է նաև, որ կողմերը հատուկ ուշադրություն դարձնեն, թե որ իրավիճակում որքան է մի կողմը կախված մյուսից և հակառակը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ կոնֆլիկտն է ավելի հեշտ լուծել, ապա, այն կոֆլիկտները, ուր ներգրավված են առաջնորդի բնավորությամբ անհատները, ավելի հեշտ են լուծվում, քանի որ առաջնորդի բնավորություն ունեցող անձինք կախված չեն շրջապատից և նրա կարծիքից: Այս դեպքում արդյունքը, որին հասնում են կողմերը, ավելի լավ որակի է լինում: Իսկ երբ կոնֆլիկտում առկա է թույլ կողմ, որը շատ ավելի կախյալ է շրջապատից և նրա կարծիքից, արդյունքը, որին հասնում են կողմերը, կարող է իրենից արժեք չներկայացնել, քանի որ այն կարող է չընդունվել այն մարդկանց կողմից, ովքեր չեն մասնակցել բանակցություններին:    

Բացի դրանից, երբ կա կոնֆլիկտ, և մի կողմը ի սկզբանե գիտի, որ պարտվելու է, սա կարող է լինել միջնորդության գործընթացը սկսելու լավ նշան:  Ընդ որում՝ միջնորդություն սկսելու նախաձեռնությունը հիմնականում պատկանում է հենց թույլ կողմին, ոչ իշխողին:

Ըստ Դոնալդ Հորովիցի՝ էթնիկ խմբերը, որոնք ապրում են նույն տարածաշրջանում, միմյանց նկատմամբ հակակրանքով են լցվում այն պահից ի վեր, երբ նրանցից մեկի գոյատևմանը սպառնում է արտաքին վտանգ: Արդյունքում նրանք այլ խմբերի մասին նախապաշարմունքներով են լցվում, ինչն էլ իր հերթին խորացնում է կոնֆլիկտը: Կարող է արդյո՞ք այս երևույթը հիմնված լինել այն փաստի վրա, որ գոյություն ունի խմբի կամ կոլեկտիվի հոգեբանություն, և արդյոք հնարավոր է այնպես ազդել խմբի հոգեբանության վրա, որպեսզի խուսափենք կոնֆլիկտներից:

Հաստատելով Հորովիցի նկարագրած մեխանիզմները՝ պետք է նշել, որ «մենք» և «նրանք» կոլեկտիվ նախապաշարմունքներ կերտելու համար որոշակի ժամանակ է պետք: Կարելի է ազդեցություն ունենալ այս գործընթացի վրա տարբեր կերպ: Մի օրինակ է ընդհանուր եզրեր գտնելու տարբերակը: Չնայած կոնֆլիկտի երկու կողմերն էլ ունեն տարբերություններ, օրինակ՝ տարբեր հետաքրքրություններ և այլն, նրանք նաև ունեն ընդհանրություններ, ինչպես օրինակ՝ իրադարձություններ պատմության ընթացքում, որոշակի արժեքներ, և այլն: Հատկապես վատ է, երբ ընդհանուր եզր է դառնում ընդհանուր թշնամին: Ընդհանուր թշնամու շնորհիվ միավորվելն առաջ է բերում բացասական հետևանքներ, ինչպես օրինակ՝ ագրեսիա, պաշտպանողական պահելաձև և այլն:

Ուստի անհրաժեշտ է, որպեսզի ընդհանուր եզրերը կրեն դրական երանգ, ոչ բացասական:

Բացի դրանից կարևոր է ամրապնդել անձի անհատական բնավորությունը: Կոլեկտիվիստական մշակույթներն առաջ են քաշում նմանատիպ նախապաշարմունքներ: Որքան ուժեղ է կոլեկտիվիստական ինքնությունը, այնքան թույլ է անհատականությունը: Ուստի կարևոր է ուշադրություն դարձնել անհատական զգացումներին, հասկանալ, թե ինչ ես զգում որպես խմբի առանձին անդամ, անհատ և  որպես խմբի մասնիկ: Որքան շատ ես սա շեշտադրում, այնքան կոլեկտիվիստական նախապաշարմունքներն ավելի քիչ աղդեցություն են թողնում քեզ վրա:

Մեկ այլ հզոր միջոց, որն ինքս եմ կիրառում հատկապես քաղաքացիական պատերազմներում և հետպատերազմյան իրավիճակներում, կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ կոնֆլիկտի հետագա բացասական զարգացումների քննարկումն է: Հարց է բարձրացվում՝ արդյոք հնարավոր է կանխատեսել հետագա բացասական զարգացումները: Շատ հաճախ ես կոնֆլիկտի կողմերի հետ նախ աշխատում եմ առանձին, տալով նրանց հնարավորություն արտահայտել բոլոր այն բացասական զարգացումները, որոնց կարող է հանգեցնել այդ կոնֆլիկտը: Այնուհետև արտահայտած մտքերի փոխանակում է տեղի ունենում կողմերի միջև և քննարկվում է, թե ինչ պետք է արվի կոնֆլիկտի հետագա բացասական զարգացումներից խուսափելու համար: Ուստի այս դեպքում հետագայում բացասական երևույթը կանխելու ցանկությունը դառնում է ընդհանուր եզր երկու կողմերի համար:

Կարո՞ղ է նման միջոցը, որը կիրառվում է Ձեր կողմից, հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ևս կիրառվել:

Երկու կողմերն էլ կարող են նստել և քննարկել, թե ինչպես կարող է զարգանալ կոնֆլիկտը և ինչ բացասական արդյունքների այն կարող է բերել: Իսկ երբ նրանք ընդունեն, որ չեն ցանկանում կոնֆլիկտի նման զարգացումներ, նրանք կսկեն մտածել՝ ինչպես այն կանխել: Սակայն ցանկացած վախ, օրինակ՝ քաղաքական մանիպուլյացիայի ենթարկվելու վախը, կարող է ամեն ինչ փչացնել:

Այս կարգի կոնֆլիկտի համար  կարո՞ղ է գտնվել այլ լուծում, ասենք՝ տնտեսական համագործակցությունը:

Տնտեսական համագործակցությունը կարող է կոնֆլիկտի լուծմանը հանգեցնել, բայց միայն եթե այդ համագործակցությունը փոխադարձաբար  ձեռնտու է երկու կողմերին էլ: 2008թ-ին Երևանում ես մասնակցում էի մի կոնֆերանսի թուրք և հայ տնտեսագետների և կառավարական ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց սահմանի բացման, տնտեսական սերտ համագործակցության մասին, ինչպես նաև՝ տնտեսական խնդիրների խաղաղ լուծման մասին: Բայց տնտեսական հարաբերություննրը երաշխիք չեն, որ կրկին չի լինի քաղաքական կոնֆլիկտ, որի արդյունքում կխզվեն բոլոր տնտեսական հարաբերությունները: Եթե մենք դիտարկենք Լիբիայի օրինակը, ապա կտեսնենք, որ բոլոր այն երկրները, ուր Կադաֆի ընտանիքը ներդրումներ ուներ, պատերազմի արդյունքում սառեցրին ներդրումները և ընդհատեցին տնտեսական հարաբերությունները: Ուստի տնտեսական հարաբերությունները երշախիք չեն, սակայն լավ նախապայման են:

Տնտեսական փոխանակման տրամաբանությունը քաղաքական լարվածության թուլացումն է: Սակայն ամենաարդյունավետ դիվանագիտությունը բազմակողմանի հարաբերություններն են, այսինքն՝ համագործակցություն տնտեսական, մշակութային, քաղաքական, գիտական ոլորտներում: Ուստի որքան հնարավոր է շատ կապեր պետք է ստեղծել, որոնք ուղղված կլինեն քաղաքական պրոպագանդայից  զերծ պահելուն:

Երբ խոսում ենք մշակութային դիվանագիտության մասին և ուսումնասիրում ենք Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների միջև միջմշակութային հանդիպումները արտասահմանյան ծրագրերում, մենք ականատես ենք լինում , որ նրանք բավականին ընկերական են նման հանդիպումների ընթացքում, սակայն երբ վերադառնում են իրենց երկրներ, կապը կորում է: Ինչպե՞ս սա կարող եք մեկնաբանել:

Իհարկե, կարևոր է նման հանդիպումներին ընկերանալ, սակայն պակաս կարևոր չէ հետագայում ևս մնալ ընկերներ: Օրինակ՝ Իսրայելի և Պաղեստինի դեպքում հարյուրավոր մարդիկ միմյանց հետ փոխանակում են հեռախոսահամարները և երբ որևէ իրադարձություն է տեղի ունենում, նրանք զանգահարում են միմյանց և ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունենում, քանի որ նրանք գիտեն, որ իրենց ռադիոն, հեռուստաալիքները, թերթերը որոշակի ընտրովի նորություններ են ներկայացնում: Իսկ քանի որ հեռախոսազանգերը ավելի քիչ են հսկվում, քան օրինակ՝ էլեկտրոնային հասցեները, ուստի միմյանց զանգահարելով' նրանք ավելի օբյեկտիվ ինֆորմացիա են ստանում:

Իսկ ինչպե՞ս կարելի է լուծել այն կոնֆլիկտները, ուր կողմերը կնքում են համաձայնագիր առանց նախապայմանների, ինչպես օրինակ՝ Թուրքիայի և Հայաստանի դեպքում սահմանները բացելու մասին, սակայն հետագայում կողմերից մեկը որոշակի պայմաններ է առաջ քաշում: (Իհարկե, կարելի է համաձայնագիրը չեղյալ հայտարարել, սակայն կոնֆլիկտը կմնա չլուծված։)

Երբ կողմերը նման համաձայնագիր են կնքում, անհրաժեշտ է, որ մի պարբերություն ներառված լինի, որը նվիրված կլինի այն իրավիճակին, թե ինչ է պետք անել, երբ խնդիրներ են առաջանում համաձայնագիրն իրականացնելու կամ այն վավերացնելու դեպքում: Երբևէ չպետք է մոռանալ այս պարբերության մասին, որովհետև՝ այո, մենք հիմա ստորագրում ենք համաձայնագիր, բայց ինչպես վարվել, երբ հետագայում խնդիրներ առաջանան: Ուստի հետագայում թակարդն ընկնելուց խուսափելու համար այս պարբերությունը չպետք է մոռանալ:

Պարոն Գլազլի հետ հանդիպելու և ձեր սեփական հարցերը նրան ուղղելու համար կարող եք մասնակցել պրն Գլազլի դասախոսությանը մայիսի 10-ին:   

Հարցազրույցը` Սոֆյա Մանուկյանի

Աղբյուր`www.hra.am