NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ավտոտեսուչները հաճախ են չարաշահում իրենց լիազորությունները». Էդ. Հովհաննիսյան

Հարցազրույց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության և աջակցության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ
ՀՀ ճանապարհային ոստիկանությունում վերջին ժամանակներում իրականացվեցին մի շարք բարեփոխումներ. դրանք ինչպե՞ս անդրադարձան վարորդների վրա։
Մեր կարծիքով՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» փոփոխված օրենքը և Կառավարության վերջերս ընդունված մի քանի որոշումները, ընդհանուր առմամբ, պաշտպանում են մեր վարորդներին կոռուպցիոն ռիսկերից։ Սակայն դեռ խնդիրներ կան, որոնց պետք է լուծումներ տրվեն։
Իհարկե, եթե համեմատենք երկու տարի առաջ մեր կողմից կատարված մոնիթորինգի արդյունքների հետ, կոռուպցիոն ռիսկերն այսճր նվազել են։ Բայց միևնույնն է վարորդ-ավտոտեսուչ հարաբերություններում դեռ առկա են կոռուպցիոն ռիսկերը։ Տեսուչների խնդիրն է պատժել վարորդներին և դրան նպաստում է ՀՀ օրենսդրությունը։ Ամեն մի տուգանված վարորդից նրանք ստանում են հավելավճարներ՝ տուգանքի գումարի՝ միջինը 15-25 տոկոսի չափով։ Այսօր խոսել խախտումները կանխելու մասին ավելորդ է։ Դա կլինի այն ժամանակ, երբ կվերացվեն այդ հավելավճարները։
Շարունակում է խնդիր մնալ ճանապարհային ոստիկանների գիտելիքների ցածր մակարդակը ճանապարհային երթևեկության կանոնների և օրենսդրության վերաբերյալ։ Ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) պետք է աշխատանքներ տանի այս ուղղությամբ, նաև էթիկայի կանոնները բարելավելու ուղղությամբ շատ անելիքներ կան։
Որո՞նք են ավտոտեսուչների կողմից թույլ տրվող ամենատարածված խախտումները։
Չեն նվազում անհիմն վերագրված խախտումները, որի վերաբերյալ մենք հայցեր ունենք դատարանում։ Մեքենաները տուգանային հրապարակ տանելիս տեղում չի կազմվում արձանագրություն։ Տարածված է տեսուչի պաշտոնեական լիազորությունների չարաշահումը։ Նա թույլ չի տալիս վարորդին գրառել իր անհամաձայնությունն իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ, չի վերադարձնում վարորդական վկայականը, խախտում է քաղաքացու՝ օրենսդրությամբ տրված պաշտպանվելու իրավունքը։ Օրենքն ասում է, որ վարորդն իրավունք ունի իր կարծիքն արտահայտել իրեն վերագրվող խախտման վերաբերյալ, ինչի հնարավորությունն իրեն չտալով՝ տեսուչը անցնում է իր լիազորությունները։ Մենք այդպիսի դատեր էլ ունենք շահած։
Մյուս խնդիրը՝ որոշ դեպքերում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով նախատեսված տուգանքները անհամաչափ մեծ են խախտումների համեմատ, իսկ դրանց եռապատկումը և հնգապատկումը, որը սահմանված է 305-րդ հոդվածով, մեր կարծիքով՝ անընդունելի է։
Վարորդների իրավունքների պաշտպանության և ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար ի՞նչ եք առաջարկում։
Ընդամենը պետք է, որ վարչական մարմնի աշխատողները՝ ցանկացած ստորաբաժանման, կատարեն իրենց վրա դրված պարտականությունները, այսինքն՝ հետևեն օրենքի պահանջներին և իրազեկեն վարորդներին իրենց իրավունքների մասին, ինչը նրանց պարտականությունն է։ Բայց տեսուչն իր մոտ չունի անգամ երթևեկության կանոնները, ինչը գրված է իր ծառայողական կանոնադրության մեջ և լիարժեք չի տիրապետում այդ կանոններին։
Տեսուչը վարորդին երբեք չի ծանոթացնում իր իրավունքներին։ Եթե դուք վերցնեք իրավախախտման արձանագրության ձևաթուղթը՝ ակտը, դրանում ոչ մի բառ չկա վարորդի իրավունքների մասին։ Մենք միշտ ասել ենք, որ այդ ձևաթուղթը հնացած է և պետք է փոխվի։
Վարորդներն էլ թող ինքնուսուցմամբ զբաղվեն, որովհետև, գաղտնիք չէ, որ նախկինում վարորդական վկայական ստանում էին կաշառքով, իսկ ներկայումս գրեթե անհնար է դարձել կաշառքով վարորդական իրավունք ստանալը։ Բայց 450.000 վարորդներ, ովքեր նախկինում են ստացել իրենց վկայականները, գիտելիքներ չունեն, կանոններին լավ չեն տիրապետում, մանավանդ որ երկու անգամ օրենքի փոփոխություն է եղել։ Երևի միակ երկիրն ենք, որտեղ գործում է երկու օրենք և կառավարության որոշումներ։ Ես գտնում եմ, որ պետք է լինի մեկ օրենք, որը կներառի բոլոր կանոնները և կառավարության որոշումները։
Պետավտոտեսուչների չարաշահումներից պաշտպանվելու համար վարորդներին ի՞նչ խորհուրդ կտաք։
Պաշտպանվելու ամենաարդյունավետ եղանակը սա է. եթե վարորդը համաձայն չի տեսուչի կողմից իրեն վերագրված խախտման հետ, թող գրի արձանագրության մեջ, որ՝ «նշված խախտումը չեմ կատարել, արձանագրությունը կազմված է առանց ապացույցների, պահանջում եմ փաստաբանի օգնություն և խնդրում եմ քննությունն անցկացնել իմ ներկայացուցչի մասնակցությամբ»։ Իհարկե, տեսուչի կայացրած որոշումը կարելի է հետագայում բողոքարկել։ Սակայն եթե դուք սա գրում եք, տեսուչն այլևս իրավունք չունի տեղում կայացնելու որոշում։ Այսպես դուք ավելի պաշտպանված կլինեք, քանի որ կունենաք ներկայացուցիչ։ Իսկ եթե տեսուչը տեղում որոշում կայացնի, դա անվավեր է, որովհետև ձեզ զրկել են պաշտպանվելու իրավունքից։
Ավտովարորդների ո՞ր իրավունքներն են ավելի հաճախ խախտվում, և ի՞նչ խնդիրներով են դիմում «Աքիլես»-ին։
Կարող եմ ասել, որ բոլոր իրավունքներն էլ խախտվում են՝ առանց բացառության։ Վերջին շրջանում շատ էին բողոքները ՃՈ Հաշվառման քննչական բաժանմունքներում (ՀՔԲ) առաջացող հերթերի վերաբերյալ։ Բարեփոխումների շնորհիվ կոռուպցիոն ռիսկերի զգալի նվազում է նկատվում։ Վերացել է նախկինում տարածված՝ գործերը կաշառքով արագացնելու արատավոր պրակտիկան։ Հիմա ՀՔԲ-ներում 5 տեսուչ է սպասարկում։ Վարորդը թակում է մի քանի պատուհան, բացում է մի քանի դուռ, բայց գործերը հանձնում և ընդունում է մեկ պատուհանից։
Կարելի՞ է ասել, որ հերթերի գոյացման պատճառը նաև վարորդների կողմից օրենքների չիմացությունն է։
Ինչ-որ տեղ՝ այո։ Հաշվառման քննչական բաժանմունքների վերաբերյալ մեզ դիմում են հիմնականում տեղեկատվական, խորհրդատվական բնույթի հարցերով։ Բողոքները շատ չնչին տոկոս են կազմում, իսկ կոռուպցիայի դեպքերի չենք հանդիպել։
Որքա՞ն հաճախ են ձեզ դիմում վարորդներն իրենց խախտված իրավունքը վերականգնելու կամ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով։
Վերջին 5 ամիսներին 1727 ավտովարորդներ են դիմել մեզ, որից 130-ը մարզերից են։ Մարզերից դիմողների քանակը շատացել է, նախկինում ընդհանուր դիմողների 1 տոկոսը չէր գերազանցում։ Նույն ժամանակահատվածում 50 դատական հայցով դիմել ենք դատարան, որոնց կեսից ավելիի դեպքում մենք համարում ենք, որ հաղթանակել ենք, որովհետև եղել են դեպքեր, երբ դատը չենք շահել, բայց դատարան դիմելու շնորհիվ վարորդը վճարել է ոչ թե տուգանքի 5-ապատիկը կամ եռապատիկը, այլ՝ միապատիկը։
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
