Եզդիներն էլ են արտագաղթում Հայաստանից

Հարցազրույց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանի հետ

Մե՞ծ է եզդիների համայնքն աշխարհում։

Մոտ 1,5 միլիոն: Եզդիները հիմնականում ապրում են Իրաքում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Շվեդիայում: Ընդ որում, եզդիների ամենամեծ սփյուռքը Իրաքում է, իսկ ամենահզոր և ազդեցիկ սփյուռքը՝ Շվեդիայում, որտեղ եզդիներն ունեն իրենց տպագիր մամուլի օրգանը և պատգամավոր պառլամենտում:

Հայաստանում 11 ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ կան, որոնցից ամենամեծաթիվը եզդիներն են՝ 50-60 հազար, հետո՝ ռուսները և ասորիները:

Ե՞րբ է ստեղծվել ձեր հասարակական կազմակերպությունը և ինչո՞վ է զբաղվում:

Մեր կազմակերպությունը ստեղծվել է 2011թ. մարտի 26-ին,  երբ տեղի ունեցավ մեր կազմակերպության հիմնադիր համագումարը: Զբաղվում ենք ազգային փոքրամասնությունների սոցիալ-տնտեսական հարցերով և մարդու իրավունքների պաշտպանությամբ:

Ինչպե՞ս են ազգային փոքրամասնությունները, մասնավորապես՝ եզդիները,  իրենց զգում Հայաստանում: Որևէ խտրականության հանդիպո՞ւմ են:

Դարեր շարունակ հայ ժողովուրդը միշտ էլ բարյացակամ է վերաբերվել բոլոր ազգային փոքրամասնություններին: Եվ սխալված չեմ լինի ասել, որ եզդիների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորվել՝ ելնելով այն հանգամանքից, որ եզդիները պետականություն չունեն, դարեր շարունակ եղել են հայ ժողովրդի հետ: Ո՛չ մի պատմաբան, ո՛չ մի ազգագրագետ, ո՛չ մի մտավորական մեր երկու ժողովուրդների փոխհարաբերությունների մասին որևէ բացասական բան չեն գրել, որովհետև չի եղել: Ու հավատացած ենք, որ չի էլ լինի:

Մենք Հայաստանում մեզ զգում ենք, ինչպես բոլոր քաղաքացիները: Իրավական առումով ես կարող եմ ասել, որ ոչ մի խտրականություն չկա, բայց կյանքում, ինչպես ամենուր, ինչ-որ երևույթներ կան, որոնք թաքցնել ես համամիտ չեմ: Բացասական ինչ-որ կա, պիտի վերհանվի, վերլուծվի և վերացվի:

Ի՞նչ նկատի ունեք:

Ես միշտ ասել եմ, որ ազգային փոքրամասնությունների մասին օրենք պիտի ընդունվի, որը ազգային փոքրամասնությունների համար կլինի ինչպես սահմանադրություն, հիմնական օրենք: Եվ այդ օրենքում պիտի այնպիսի դրույթներ ընդունվեն, որպեսզի ապահովեն ազգային փոքրամասնությունների մուտքը խորհրդարան, որ մեզ չզրկեն օրենսդրական գործունեությանը մասնակցելու հնարավորությունից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ: Այս դրույթները պետք է ամրագրվեն օրենքում, որպեսզի կյանքի կոչվեն:

Ասացիք, որ կյանքում խտրականության դեպքեր լինում են մարդկանց կողմից, կմանրամասնե՞ք՝ ինչպիսի դեպքեր են լինում:

Ես ասացի, որ խտրականությունը հիմնականում բացառում եմ պետական մարմինների կողմից: Կյանքում պատահում են երևույթներ, մի քանի դեպքեր եմ հանդիպել, որ մարդիկ բանակում մանավանդ զինվորը հրամանատարության կողմից դիտվում են որպես հավասար, բայց բանակում մի եզդի տղա մեկ ուրիշին մարմնական վնասվածք էր պատճառել, Ոստիկանության հաղորդագրությունում և ԶԼՄ-ներով դեպքի մասին հաղորդելիս հոլովվում էին, որ ազությամբ եզդի Սուրենը այսինչին հարվածել է։ Ես դեմ եմ, գտնում եմ, որ ճիշտ չի ազգային էթնիկ պատկանելությունը շեշտելը: Նման մանր-մունր երևույթներ կան, որոնց դեմն առնելն ավելի ճիշտ է, քան թողնել, որ խորանան:

Որպես ՀՀ քաղաքացիներ՝ ձեր ո՞ր իրավունքներն են պաշտպանված, և որո՞նք են ոտնահարվում:

Օրենսդրորեն հավասար իրավունքներ ունենք բոլորս: Բայց ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք խորհրդարանում մեր ազգային փոքրամասնության ներկայացուցիչն ունենանք, որովհետև 20 տարեկան է անկախ Հայաստանը, բայց խորհրդարանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չի եղել:

Երկքաղաքացիության մասին օրենքում մի կետ կա, որտեղ շեշտում է, որ հայերը կարող են պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալ: Եթե ես խորհրդարանում լինեի, այնտեղ մի ստորակետ կդնեի և կավելացնեի, որ պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ նաև Հայաստանում ծնված, բայց այլ պետության քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:

Ես ուզում եմ ինձ ճիշտ հասկանան, ոչ մեկը չի կարող այլ ազգի ներկայացուցչի շահերը ճիշտ ներկայացնել ամբողջությամբ, որովհետև յուրաքանչյուր ազգն ունի իր էթնիկ սովորություններն ու բնորոշ գծերը:

Այսինքն՝ կարծում եք, որ սահմանափակված են ազգային փոքրամասնությունների՝ պետության կառավարմանը մասնակցելու իրավունքները:

Սահմանադրության 2-րդ հոդվածում գրված է, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իսկ ժողովուրն իր իշխանությունն իրականացնում է պաշտոնատար անձնաց ընտրությունների միջոցով: Եթե խորհրդարանում ազգային փոքրամասնության ներակայացուցիչ չկա, բնականաբար, լիիրավ չի կարող լինել ազգային փոքրամասնությունների մասնակցությունը օրենսդրական գործունեությանը: Եթե պետական մարմիններում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չկա, էլի չի կարող լինել մասնակցություն պետական կառավարմանը, որը սահմանադրական իրավունք է:

Մյուս ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն, աշխատանք, օրենսդրորեն ապահովված են հավասար իրավունքներ, բայց եթե ամեն ինչ կյանքում այնպես լիներ, ինչպես գրված է, մենք խնդիրներ չէինք ունենա:

Աշխատանքի ընդունվելու հարցում ինչ-որ տեղ քավոր-խնամիությունը գործում է, եկեք շիտակ խոսենք: Եթե ինչ-որ մեկը նշանակվում է մի հիմնարկի պետ, իր շուրջն է համախմբում իր ծանոթներին ու բարեկամներին: Եթե ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չկա հիմնարկում, նրանց մուտքն այնտեղ չի ապահովվի: Մենք ՀՀ-ում չունենք ազգային փոքրամասնության ներկայացուցիչ դատավոր, մի իրավաբան չկա:

Դուք ինձ ճիշտ հասկացեք, ինձ համար թանկ է ՀՀ հեղինակությունը: Ազգային փոքրամասնությունները և մեր կազմակերպությունը միշտ կայուն պետության կողմնակից են: Մենք ուզում ենք բարեկեցիկ կյանք, արդար հասարակություն և համախմբում մեր նախագահի շուրջը. ահա մեր նպատակները:

Դրա՞նք են ձեր կազմակերպության նպատակները:

Ոչ, բավականին ծրագրեր մենք ունենք: Մեր կազմակերպության կանոնադրության մեջ կետ ունենք, որ մեր անդամները կարող են լինել նաև այլ երկրի եզդի քաղաքացիներ: Մենք կանոնադրային կետ ունենք արտասահմանում համագործակցել հայկական և եզդիական բոլոր կազմակերպությունների հետ գլոբալ հարցերի շրջանակներում, օրինակ՝ հայոց եղեռնի կամ եզդիների եղեռնի ընդունման հարցում:

Ես ևս մի առիթով կարծիք եմ հայտնել, որ շատ լավ կլիներ, որ Սփյուռքի նախարարությունում մենք ունենայինք եզդիների ներկայացուցիչը՝ օգնականի կամ խորհրդականի պաշտոնում: Որովհետև որտեղ հայերն են, այնտեղ էլ եզդիներն են, ու ամեն տեղ իրար հետ համագործակցում են:

Մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում հիմնականում մշակութային հարցերն են: Մեր հիմնական խնդիրն է կանխել արտագաղթը և այդպիսի ծրագիր ունենք, որովհետև ինչպես հայերը, այնպես էլ եզդիները հեռանում են մեր երկրից:

Եզդիների արտագաղթի պատճառն է՞լ հիմնականում սոցիալական խնդիրներն են։

Արտագաղթի պատճառը միայն սոցիալական վիճակը չէ, որովհետև սոցիալապես ապահով մարդիկ էլ են գնում: Պատճառներն այլ տեղ պիտի փնտրել և կանխել: Մենք մեր առջև խնդիր ենք դրել վեր հանել այդ բոլոր պատճառները: Ինչ-որ տեղ մարդիկ, ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մարդիկ ձգտում են արդարության: Ուրեմն մենք ինչ-որ խնդիրներ ունենք լուծելու, որպեսզի արտագաղթը՝ ամենաչարաբաստիկ երևույթը, կանխվի: Մարդիկ իրավունք ունեն լավ ապրելու, ժամանակն է, որ լավ ապրենք մենք:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am