NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գոռ Մովսիսյանի կարծիքով` Աժ առաջին ընթերցմամբ անցած օրենքի նախագիծը իրավական չէ

Հարցազրույց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան, դասախոս Գոռ Մովսիսյանի հետ
Բնապահպանների քննադատությանն արժանացած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն անցավ առաջին ընթերցումը Ազգային ժողովում: Նախագծի ո՞ր կետերն են անընդունելի:
Այսօրվա գործող օրենքում հստակ ամրագրված կանոնները դեռևս լիարժեք չեն իրագործվում: Ու նոր նախագիծը ներկայիս վիճակից մի քանի քայլ ավելի հետ է տանելու ամեն ինչ, ես կասկած չունեմ, ու այդ պատճառով չի կարելի լռել:
Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս է նման բովանդակությամբ ու մասնագիտական տարրական կանոնների չհամապատասխանող օրենքի նախագիծը հայտնվում է ԱԺ-ում, ու դեռ առաջին ընթերցմամբ էլ անցնում:
Մեկ տարուց ավել է այս նախագիծը կա ու այն արդեն իսկ քննարկվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում և, անկեղծ ասած, ես դրան մասնագիտական առումով լուրջ չեմ վերաբերել, բայց հիմա արդեն մեկ վարկյան չեմ կասկածում, որ կընդունեն օրենքի նախագիծը, քանի որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է արդյունք ցույց տա:
Կնշե՞ք այն ակնհայտ խնդիրները, որոնք անհապաղ պետք է շտկվեն, քանի որ նախագիծը հավանական է, որ շուտով անցնի նաև երկրորդ ընթերցմամբ:
Մեր երկրում գործող փորձաքննության համակարգի պարագայում Օրենքի ցանկացած կոնցեպտի կառուցման հիմքում պետք է դրվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման' որպես մասնագիտական գործունեության, և փորձաքննության՝ որպես կառավարման գործառույթի տարբերակումը, ինչը բացակայում է: Երկրորդ խնդիրը, որ ես տեսնում եմ ընթացակարգի հետ է կապված: Նախագծով նախատեվում է այդ ընթացակարգը բաժանել երկու՝ նախնական և հիմնական փուլերի: Իմ կարծիքով՝ այս մոտեցումը ոչ մի նորարարություն իր մեջ չի պարունակում, քանի որ գործող օրենքում նախատեսվում է ծանուցման և փաստաթղթերի ներկայացման պայմանական փուլեր, ինչը նախագծով համընկնում է վերոգրյալ փուլերին:
Նախագծով փորձաքննության ժամկետները կրճատվում են, նախկինում 180 օրվա փոխարեն դարձրել են 90 կամ 70 օր' երկարաձգման հնարավորությամբ: Սա իհարկե անընդունելի է, քանի որ հիմնական փուլի գործողությունները երկար ժամանակ են պահանջում, իսկ ժամկետները կարելի էր կրճատել ոչ թե հիմնական, այլ ծանուցման փուլը օրենքից պարզապես հանելով: Միայն ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) նախագիծ ներկայացնելն արդեն իսկ պարունակում է բոլոր հարցերի պատասխաններն իր մեջ: Այսպիսին է նաև փաստացի վիճակը:
Ինչպե՞ս կընթանա փորձաքննությունը, եթե այս օրինագիծը դառնա իրականություն:
Նախագծում պետք է նշվեր, որ մեկ գործունեության համար պետք է տրվի մեկ եզրակացություն (սա փորձաքննության ինստիտուտի սկզբունք է), որպեսզի չկրկնվի Թեղուտի հանքավայրի շահագործման փորձաքննության սխալը (երկու փորձաքննական եզրակացություն): Մինչդեռ նախագծի 4-րդ հոդվածի 8-րդ կետում նշվում է, որ որոշ պայմաններից ելնելով՝ գործունեությունը կարող է ենթարկվել կրկնակի փորձաքննության: Գործարարը չպետք է մեկ գործունեության համար անցնի երկու փորձաքննություն, ուստի ճիշտ կլինի այն անցկացնել քաղաքաշինական կամ այլ փորձաքննություններից հետո, եթե դրանք փոփոխելու են գործունեության բնույթը:
Փորձաքննության ենթարկվող տարածքի շրջակա համայնքների մասնակցությունն այս գործընթացին ապահովվո՞ւմ է:
Ամբողջ «աբսուրդի թատրոնը» սկսում է այն ժամանակ, երբ օրենքի նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող նոր 6.1 հոդվածի 7-րդ մասում նշվում է, որ լիազոր մարմինը համայնքի բացասական կարծիքի դեպքում կարող է նախնական փուլում դադարեցնել փորձաքննությունը, այսինքն՝ կարող է և հաշվի չառնել: Նախ' անհասկանալի է, թե ինչպես են համայնքի կարծիքը վեր հանելու, երկրորդ' եթե այդ կարծիքը պետք է հաշվի առնվի, ապա այն պետք է լինի իմպերատիվ: Նախագծի ընդունմամբ ստեղծվելու է երկիմաստ իրավիճակ' առանց որոշակի լուծումների:
Ու՞մ է ձեռնտու այս նախագիծը, եթե այսքան արագ ուզում են ընդունել այն, արդյո՞ք գործարարները գոհ կմնան դրանից:
Փորձաքննության իմաստը այն է, որ գործարարի գործունեությունը համապատասխանեցվի այդ սահմանափակումներին, իսկ այս նախագիծը իրականում բիզնեսի համար անկանխատեսելի պայմաններ է ստեղծում: Գործարներն էլ են իրականում ուզում հասկանալ, թե օրենքով ինչ կարող են անել: Օրինակ' օրենքի նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող նոր 6.1 հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմինը կարող է անթույլատրելի համարել նախատեսվող գործունեության իրականացումը' հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված բնապահպանական սահմանափակումները: Կարող են արդյո՞ք նախագծի հեղինակները բացատրել, թե ինչ է նշանակում «օրենսդրության բնապահպանական սահմանափակում» և ինչո՞ւ որևէ սահմանափակումից ելնելով գործունեությունը պետք է արգելվի: Փորձաքննությունն անցակցվում է այն նպատակով, որպեսզի նախատեսվող գործունեությունը համապատասխանեցվի այդ սահմանափակումներին, այլ ոչ թե ի սկզբանե արգելվի: Օրինակ' ինձ, որպես իրավաբանի, սահմանափակում է կարմիր գրքում գրանցված կենդանիների գտնվելու վայրում գործունեության իրականացումը: Քանի՞ գործունեության իրականացում է թույլատրվել այդպիսի տարածքներում: Գործունեության իրականացումը կարող է արգելվել միայն բացասական փորձաքննական եզրակացության հիման վրա: Սա է ինստիտուտի տրամաբանությունը: Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ նախնական փուլը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, բացի այդ այս դրույթը հակասում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին:
Դուք հայտարարում եք, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ անցել է Սահմանադրությանը չհամատասխանող օրենք, կարո՞ղ եք նշել իրավական ակնհայտ այլ սխալներ:
Գործող օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հասարակական լսումների անցկացման կարգը պետք է հաստատվեր ՀՀ կառավարության որոշմամբ, սակայն այն մինչև օրս չի հաստատվել: ՀՀ սահմանադրության փոփոխություններից հետո դրա 83.5 -րդ հոդվածի ուժով բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը: Ուստի օրենքի նախագծում պետք է տեղ գտներ նաև այդ կարգը, սակայն այն բացակայում է:
Նախագծի մի քանի հոդվածներ (օրինակ' 13.2 հոդվածի 1-ին և 2-րդ կետերը կամ 15-րդ հոդվածը) բառացիորեն կրկնում են «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի ազդեցության գնահատման» մասին կոնվենցիայի և Ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության դրույթները: Ցանկանում եմ ընդամենը հիշեցնել, որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի ուժով մատնանշված դրույթները ուղղակիորեն կիրառելի են: Իհարկե, այդ միջազգային պայմանագրերում կան ամրագրված ընթացակարգեր կամ հասկացություններ, որոնք պետք է որոշակիացնել ազգային օրենսդրությունում: Սակայն դրանք պետք է միմյանցից տարբերակել: Կարծում եմ' առկա է միջազգային կառույցների կողմից ներկայացվող պահանջների սխալ ընկալում:
Կարելի է արդյո՞ք եզրակացնել, որ նախագիծն ավարտուն վիճակում չէ:
Նախագծում լուծված չէ նաև փորձաքննական եզրակացության՝ որպես վարչական ակտ ճանաչելու խնդիրը: Ներկայումս ընդունվող փորձաքննական եզրակացությունները նույնիսկ կատարյալ օրենսդրության պայմաններում չեն կարող պատշաճ իրավական հիմք հանդիսանալ նախատեսվող գործունեության համար: Անհրաժեշտ է հստակ սահմանել փորձաքննական եզրակացության կառուցվածքը (ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասեր) և սահմանել կառուցվածքային յուրաքանչյուր մասի բովանդակության շրջանակը: Այստեղ կարևորում ենք հասարակության ներկայացրած կարծիքները ընդունելու կամ մերժելու ամրագրումը փորձաքննական եզրակացությունում: Հասարակական կազմակերպություններն էլ արդեն կկարողանան բողոքարկել այն դատական կարգով, քանի որ ակտը կվերաբերի նրանց իրավունքներին: Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ բնապահպանության նախարարության ակտերն, առնչվելով հանրային շահերին, չեն կարող բողոքարկվել դատական կարգով, ինչն անդրադառնում է իշխանության մարմինների հակակշռման մեխանիզմի վրա:
Թերի է վերանայված օրենքի հիմնական հասկացությունների հոդվածը: Անհասկանալի և իրավական առումով հիմնավորված չէ նաև այն, որ նախաձեռնության փաթեթով չի առաջարկվում լրացնել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը' սահմանելով պատասխանատվություն պաշտոնատար այն անձանց համար, ովքեր խախտում են օրինակ' հասարակական լսումների կամ հասարակության իրազեկման կամ փորձաքննական եզրակացության տրամադրման կարգը: Կարծում եմ՝ ավելորդ է նշել, թե առանց երաշխիքների իրավական նորմերի իրացումն ինչպիսի խնդիրների է հանդիպում:
Ամենաակնհայտ թերություններից է նաև այն է, որ փորձագետին ընտրում է նախաձեռնողը: Եթե անկախությունն են ցանկանում երաշխավորել ուրեմն թող փորձագետին ընտրի և՛ լիազոր մարմինը, և՛ համայնքը, և՛ հասարակության շահագրգիռ ներկայացուցիչները:
Գուցե ավելորդ թվա, սակայն կհավելեմ նաև օրենքի նախագծի անհամապատասխանությունը հայոց լեզվի կամ օրենսդրական ակտի տեխնիկայի տարրական կանոններին (օրինակ' գրեթե յուրաքանչյուր հոդվածում «հնարավոր անդրսահմանային ազդեցության դեպքում» արտահայտության օգտագործումը՝ ընդհանուր և հատուկ կանոնների փոխհարաբերակցության ամրագրման փոխարեն):
Արդյո՞ք փորձաքննական եզրակացության վերանայման գործընթացը հստակ է ձևակերպված օրենքի նախագծով:
Եզրակացության վերանայման ու փոփոխության կարգը կառավարության որոշմամբ է սահմանվում, այն դեպքում, երբ ՀՀ սահմանդարության համաձայն (հոդված 83.5)՝ այն պետք է ամրագրվի օրենքով: Անհրաժեշտ է նաև փորձաքննական եզրակացության փոփոխման և լրացման հնարավորություն ընձեռել նախատեսվող գործունեությունն իրականացնողի նախաձեռնությամբ: Այսինքն փորձաքննական եզրակացության պայմանների փոփոխման անհրաժեշտության պարագայում լիազորված մարմինը ոչ թե պետք է պահանջի լրացուցիչ փորձաքննության անցկացում, այլ փոփոխի կամ լրացնի փորձաքննական եզրակացությունը:
Նշեք կոնկրետ երեք դրույթ, որ պետք է անպայման փոփոխության ենթարկել նոր օրինագծում:
Այս օրենքը ոտքից գլուխ պետք է փոխել:
Հարցազրույցը՝ Կարինե Իոնեսյանի
Աղբյուրը՝ www.hra.am
