«Ընտրակաշառքն այլևս լուրջ ազդեցություն չունի արդյունքների վրա»

Հարցազրույց «Ազատ հասարակության ինստիտուտ»
ՀԿ նախագահ էդգար Հակոբյանի հետ

Ձեր կազմակերպությունը
որպես դիտորդ հանդես է գալիս 2007թվականից սկսած: Տարեցտարի ինչպիսի՞ փոփոխություններ
եք արձանագրում ընտրական գործընթացներում:

Գնալով թե՛ ընտրությունների որակը, թե՛ քաղաքական մշակույթը
զարգացում ապրում են և յուրաքանչյուր հաջորդ ընտրություն նախորդից որակապես տարբերվում
է: Դրան նպաստում են նաև Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: 2008թ. ընտրություններից
հետո, երբ Ազգային ժողովում ստեղծվեց  ընտրական
օրենսգրքի բարեփոխումների ժամանակավոր հանձնաժողով, ես մասնակցել եմ այդ հանձնաժողովի
աշխատանքներին: Եվ կարող եմ ասել, որ օրենսդրությունը գնալով բարելավվում է, և այսօրվա
դրությամբ մենք ունենք շատ լավ Ընտրական օրենսգիրք: Ճիշտ է, մենք դրանով չպետք է սահմանափակվենք,
որովհետև հասարակությունը զարգացում է ապրում և, բնականաբար, ընտրությունների անցկացման
նոր պահանջներ են ի հայտ գալիս:

Առաջիկա ընտրություններին
քանի՞ դիտորդ եք ունենալու, և միայն քվեարկության օ՞րն եք դիտորդություն անելու, թե
հետևելու եք նաև նախընտրական և հետընտրական զարգացումներին:

Մեր դիտորդական առաքելությունն ընդգրկելու է թե՛ նախընտրական,
թե՛ ընտրական և թե՛ հետընտրական ողջ ժամանակաշրջանը: Հետևելու ենք ողջ ընթացքին. ի՞նչ
իրադարձություններ են եղել: Ունենալու ենք նվազագույնը 2500 դիտորդ: Արդեն հավատարմագրված
են 2000-ից ավելի դիտորդներ և գործընթացը շարունակվում է: Մեր բաշխվածությունը լինելու
է ամբողջ հանրապետության տարածքում: Խնդիր ենք դրել բոլոր ընտրատեղամասերում ունենալ
մշտական դիտորդներ: Ինչպես նաև, ունենալու ենք դիտորդական շրջիկ խմբեր, որոնց առաքելությունն
է լինելու կոնկրետ ընտրատարածքում տեղամասից տեղամաս շրջել և ինֆորմացիա հավաքագրել
դիտորդներից, ԶԼՄ ներկայացուցիչներից, որպեսզի ունենանք ընդհանուր պատկերը, թե ընտրատեղամասերում
ընտրության օրն ինչ է տեղի ունեցել, և դրան համապատասխան կազմենք մեր զեկույցը, գնահատականը
ընտրությունների հետ կապված:

Դուք, ունենալով այդքան
մեծ թվով դիտորդներ, ինչպե՞ս եք վերահսկելու նրանց չեզոքությունը: Յուրաքանչյուր մարդ
ունի քաղաքական հայացքներ և կողմնորոշում, մտավախություն չունե՞ք, որ կարող են վերածվել
վստահված անձանց:

Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց երբ մենք դիտորդներին
հավաքագրում էինք, ընտրում էինք՝ ըստ որոշակի չափանիշների: Դրանցից  մեկը քաղաքական մաքսիմալ չեզոքությունն էր: Իհարկե,
մեր հասարակությունը շատ քաղաքականացված է, բայց մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով,
վստահաբար ասում ենք, որ այն մարդիկ, որոնց վրա մենք հույս ենք դրել, լինելու են քաղաքականապես
չեզոք և զերծ են մնալու իրենց քաղաքական նախասիրությունների ցուցադրումից:

Իսկ ներկայումս ի՞նչ եք
անում և ի՞նչ խախտումներ եք նկատել:

Ընտրացուցակներում առկա անճշտությունների հետ կապված շատ խոսակցություններ
կան: Կոնկրետ այս պահին մենք մշակել ենք մի մեթոդ, որ փորձենք ընդհանուր պատկեր ստանանք,
թե ընտրացուցակներում անճշտությունները որքա՞ն են, եթե կան, և ի՞նչ չափի են դրանք:
Ընտրել ենք 20 մեծ ընտրատեղամասի 20 ամենամեծ ընտրատարածքները և ուսումնասիրելու ենք
այդ ցուցակները՝ արդյունքները տարածելով մյուս տեղամասերի վրա, քանի որ ոչ մի կազմակերպություն,
որքան էլ ռեսուրսներ ունենա, ֆիզիկապես չի կարող 2,5 միլիոն ընտրողների ցուցակները
նայել, անճշտությունները վերհանել:

Ես միշտ ասել եմ, կատարյալ ընտրացուցակներ ոչ մի երկրում չկան:
Բացառություն կարող են լինել միայն սկանդինավյան երկրները, որտեղ կա քաղաքացիների ու
ընտրողների հաշվառման էլեկտրոնային համակարգ: Բայց խնդիրն այստեղ անճշտությունները
չեն, այլ դրա տոկոսն ինչքանո՞վ կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա: Մենք
դրա համար ենք կատարում այս ուսումնասիրությունը և մինչև ընտրությունները կհրապարակենք
մեր կարծիքը դրա վերաբերյալ:

Դատելով մամուլի հրապարակումներից, կարող ենք ասել, որ, այո՛,
ցուցակներում անճշտություններ կան, բայց այս պահին մենք չունենք այնպիսի փաստ, որին
հիմնվելով ասենք, որ ցուցակներում անճշտությունները զգալի են:

Իսկ հաշվի առնելով այն,
որ արտագաղթը շարունակվում է և մեր բնակչության թիվը չի մեծացել, ընտրողների ընդհանուր
թիվը ձեզ կասկածելի թվո՞ւմ է, ըստ ձեզ՝ շատ չէ՞:

Ինչո՞ւ պիտի կասկածելի թվա: Կասկածելու համար մենք պիտի ունենանք
փաստեր: Այդ փաստերն են՝  կա՛մ մարդահամարը,
կա՛մ պետական վիճակագրությունը: Ուրիշ ոչ ոք չի կարող մարդկանց թիվը հաշվարկել, դա
անհնարին է:

Ըստ էության, ընտրողների թիվը չի շատացել: Մենք էլ փորձում էինք
հասկանալ մեր թիմով՝ ինչ է կատարվում: Մարդիկ հիմնականում գնում են սեզոնային աշխատանքի,
և մենք չունենք տվյալների ավտոմատացված համակարգ, որ երբ երկրից դուրս են գալիս, ավտոմատ
կերպով ցուցակներից դուրս գան, վերադառնալիս՝ մտնեն ցուցակ: Կան դեպքեր, որ մահացած
մարդիկ են ցուցակում լինում, բայց դա էլ համակարգի խնդիր է: Ոստիկանությունը և զագսերը
տվյալների ընդհանուր էլեկտրոնային բազա չունեն, որ տվյալներն իրար արագ փոխանցեն:

Ընտրացուցակների անճշտություններից
 բացի այլ ընտրախախտումների հանդիպե՞լ եք:

Մեզ ահազանգում են, ասում են՝ այսինչ փողոցում ընտրակաշառք տվող
կա, բայց երբ փորձում ես պարզել՝ ո՛չ ընտրակաշառք տվողին ես գտնում, ո՛չ վերցնողին:
Դա հնարավոր չէ պարզել: Ահազանգեր, արձագանքներ լինում են, մեզ հասնում են, բայց դրա
ապացույցը չես կարող գտնել:

Ընտրությունների որակի փոխվելու հետ զուգահեռ, փոխվում է նաև
քաղաքացիների իրազեկվածությունը, նրանց վերաբերմունքը ընտրակաշառքի հանդեպ:

Ընդդիմադիր գործիչներից մեկը վերջերս հայտարարեց, որ քաղաքացիների
70 տոկոսը ընտրակաշառք չի վերցնում, իսկ 30 տոկոսը վերցնում է, բայց քվեարկում է այն
թեկնածուի օգտին, ում ինքն է ուզում: Այսինքն՝ «ընտրակաշառք» երևույթի ազդեցությունն
ընտրությունների վրա նվազագույնի է հասցված՝ ընտրողների իրազեկվածության մակարդակի
փոփոխության շնորհիվ: Հեռավոր գյուղերում գուցե աշխատի, բայց Երևանում այլևս չի աշխատում:

Ընտրողների հետ անընդհատ իրազեկման աշխատանքներ պիտի տարվեն,
ոչ թե միայն ընտրություններից առաջ, այլ՝ անընդհատ: Ընտրողները պիտի հասկանան, որ իշխանությունը
ձևավորվում է իրենց  քվեով, 5 տարի ժամանակահատվածով,
և իրենց կյանքի այդ 5 տարիների որակը կախված է իրենց ընտրությունից, այսինքն՝ անկախ
նրանից, թե ում են ընտրում, պետք է կատարեն գիտակցված ընտրություն:

Այսօրվա դրությամբ ընտրողները
հետաքրքրվա՞ծ են ընտրություններով, թե հիասթափությունն է գերիշխում:

Իհարկե, հիասթափությունը կա, «աբսենտիզմ» (ընտրություններին
չմասնակցելը) նկատվում է, բայց հստակ զգացվում է տարբերությունը համապետական և տեղական
ինքնակառավարման ընտրությունների նկատմամբ: ՏԻՄ ընտրությունների ժամանակ մասնակցությունը
շատ ավելի պասիվ է թե՛ մեզ մոտ, թե՛ Եվրոպայում:

Աբսենտիզմի դեմ պայքարելու համար շատ երկրներ օրենսդրորեն արգելում
են ընտրություններին չմասնակցելը, տուգանքներ են նշանակում: Բայց կարևոր է նաև իրազեկումը,
որովհետև քաղաքացին որքան գիտակից է, այնքան կարևորում է իր քվեն:

Ի՞նչ  ակնկալիքներ ունեք առաջիկա ընտրություններից։

Մենք արդեն հայտարարել ենք, որ կարծում ենք, որ այս ընտրությունները
որակապես տարբերվելու են նախորդներից և պետք է անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան:
Մենք ունենք իշխանությունների հայտարարած քաղաքական կամքը և դրա գործնական քայլերն
արտացոլող երկու հանձնաժողովներ՝ մեկը դատախազության կոմից ստեղծված, մյուսը՝ Ազգային
ժողովի նախագահի: Դրան գումարած՝ բարեփոխված Ընտրական օրեսնգիրք: Ես այլ երկրներում
դիտորդ եմ եղել և հավաստիացնում եմ, որ ԱՊՀ մակարդակով մեր օրենսգիրքը մրցակցությունից
դուրս է՝ լավ իմաստով, ամենալիբերալ և ազատականացված օրենսգիրքն է: Խնդիրներ կան, բայց
եթե օրենքի տառին ու ոգուն համապատասխան գործեն, մենք կունենանք շատ լավ ընտրություններ:

Կցանկանայի հորդորել մեր քաղաքացիներին, որ անպայման մասնակցեն
ընտրություններին, որովհետև դա իրենց հնարավորությունն է ազդել, ներգործել իշխանությունների
ձևավորման վրա: Եթե նա չի իրացնում իր իրավունքը, չի մասնակցում, հետո ճիշտ չի բողոքել:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի