NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ունենք խոսքի ազատություն, բայց ազդելու լծակներ չունենք
Հարցազրույց Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի հետ:
2013 թվականն, ըստ Ձեզ, ինչո՞վ առանձնացավ՝ մարդու իրավունքների պաշտպանության ու այդ իրավունքների իրացման առումով:
Ոչ մի հեղափոխական բան, կարծում եմ, չեղավ անցած տարում:
էականորեն չի փոխվել ոստիկանության վարքը՝ գուցե ցույցերի ժամանակ, քիչ թե շատ, ոստիկանները դրսևորում են պրոֆեսիոնալ աշխատանք, բայց, գլոբալ առումով, ոստիկանության գործելաոճը և մոտեցումները նույնն են մնացել:
Խտրականությունների դեմ օրենքի շուրջ երկար բանակցություններ եղան, բայց, արդյունքում, այդպես էլ հասկանալի չդարձավ այդ նախագիծը ինչ–որ արդյունք կտա՞, թե՞ ոչ:
Գենդերային հավասարության մասին օրենքի հետ կապված բավականին շատ և անիմաստ քննարկումներ եղան՝ ի՞նչ է գենդերը, գենդեր գոյություն ունի՞, թե՞ ոչ և այլն, որոնք թե՛ գիտական, և թե՛ հասարակական առումով աբսուրդային են։ Դա նույնն է, թե քննարկես՝ սեռ գոյություն ունի՞, թե՞ ոչ:
Ցավոք սրտի, եղան դեպքեր, որոնք մինչև այդ էլ կային և անհանգստացնում էին. դրանք տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստների կամ նրանց հետ անմիջական առնչություն ունեցած յոթ տղաների վրա հարձակումներն էին, եթե չեմ սխալվում՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Մենք մեր մտահոգությունը հայտնեցինք՝ հայտարարություն տարածելով և պահանջելով իրականացնել արագ և արդյունավետ քննություն նման արատավոր պրակտիկան կանխելու համար, սակայն իրավապահ մարմինների կողմից ծեծի մասնակիցները և պատվիրատուները լիարժեք չբացահայտվեցին, և նախաքննության արդյունքները չհրապարակայնացվեցին:
Հիմնական գլոբալ խնդիրը, որը կա մեզ մոտ (և դրա առկայությունն է փաստում ցույցերի և հավաքների առատությունը) այն է, որ որոշումները Հայաստանում կայացվում են ոչ թափանցիկ` սկսած տրանսպորտի գնի թանկացումից մինչև Մաքսային Միությանը անդամակցելու որոշումը:
Ակնհայտ դարձավ, որ, ըստ էության, մեր երկրում չկան որոշումների ընդունման քաղաքակիրթ մեխանիզմներ, ու դա այն պայմաններում, երբ, որպես նվաճում, կարելի է ասել, ունենք որոշակի խոսքի ազատություն: Սա բերում է մի իրավիճակի, երբ մարդիկ գիտեն խնդիրները, ցանկանում են ազդել դրանց լուծման վրա, սակայն չունեն համապատասխան լծակներ իրենց խոսքը տեղ հասնելու: Ես կարծում եմ, որ սա Հայաստանում ժողովրդավարությանն ուղղված ամենամեծ մարտահրավերներից է, որը 2013 թվականին չլուծվեց և տեղափոխվեց 2014 թվականի: Տեսնենք այս տարի առաջընթաց կգրանցվի՞, թե՞ ոչ:
Որո՞նք են 2013-ի նշանակալից իրադարձությունները կամ որոշումները մարդու իրավունքների ոլորտում, Ձեր կարծիքով։
Ունեցանք նոր, ավելի երիտասարդ գլխավոր դատախազ։ Վերջինիս արդյունավետությունը ցույց կտա ժամանակը: Անկեղծ ասած, նախորդ դատախազից բոլորը վաղուց հոգնել էին և դրական ակնկալիքներ չունեին: Որոշակի կադրային փոփոխություններ եղան դատախազության համակարգում, ստեղծվեց միասնական քննչական մարմին, բայց դրանց արդյունքը կտեսնենք արդեն 2014-ին:
Տարին նշանավորվեց երկու ընտրություններով՝ նախագահական և Երևանի ավագանու, որոնք կարող ենք համեմատել նախորդների հետ՝ լավ ու վատ կողմերը գտնելու համար, սակայն դրանց հիմանական առաքելությունը, այն է՝ ձևավորել իշխանություն ընտրությունների միջոցով, մնաց անկատար, քանի որ ընտրությունը մեր երկրում շարունակում է մնալ իշխանությունների վերարտադրման մեխանիզմ: Այն անվստահությունը, որ հասարակության մեջ կար ընտրությունների հանդեպ, այս տարվա ընտրությունները չփարատեցին:
Ազատվեցինք մարդկանցից, որոնցից հասարակությունը, իսկապես, հոգնել էր. մեկը Լիսկան էր՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, մյուսը՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ինչպես արդեն նշեցի, բայց էլի չենք կարող խոսել էական դրական փոփոխությունների մասին:
Հատուկ քննչական ծառայությունը նոր ղեկավարից հետո կարծես սկսեց աշխատել ավելի ակտիվ, քան նախկինում, բայց էլի շոշափելի արդյունքներ դեռ չենք տեսնում։
Քրեակատարողական համակարգում ունեցած խնդիրների լուծումը հետաձգվեց։ 2013-ին չունեցանք պրոբացիոն համակարգ, անկախության առթիվ հայտարարված համաներմամբ ժամանակաորապես լուծվեց բանտերի գերբնակեցման խնդիրը։
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ տարվա ընթացքում չունեցանք արդյունավետ աշխատող որևէ համակարգ, որը կարող ենք մատնացույց անել որպես ձեռքբերում:
Նախորդ տարիների համեմատ՝ մարդու իրավունքների ո՞ր ոլորտներում կա առաջընթաց։
Կարծում եմ, էական է առաջընթացը խոսքի ազատության ոլորտում, որը, նախ և առաջ, պայմանավորված է ինտերնետի լայն տարածմամբ: Փաստացի, հիմա Հայաստանում այն հասանելի է գրեթե բոլորին: Չեմ կարծում, որ ներկայումս հնարավոր է, որ որևէ մեկը տիրապետի ինֆորմացիայի և չկարողանա այն տարածել, հայտնի դարձնել հանրությանը: Այս առումով սահմանափակումներ, կարելի է ասել, չկան:
Կանանց իրավունքների ոլորտում բացասական էր «Ընտանեկան բռնության մասին օրենքի» նախագծի մերժումը, որի շուրջ ճիշտ է ծավալվեցին քննարկումներ, սակայն դրանք շեղվում էին այնպիսի հարցերի ուղղությամբ, որոնք ոչ միայն կապ չունեն նախագծի հետ, այլև անգամ ակտուալ չեն մեր հասարակության համար: Իսկ իսկապես ակտուալ հարցերը այդ ամբողջ աղմուկի մեջ չբարձրաձայնվեցին և ուշադրության չարժանացան:
Արդար դատավարության ոլորտում ի՞նչ փոփոխություններ եղան։
Այս առումով երկու բավականին ցուցադրական գործ ունեցանք, որոնք նաև հասարակական հնչեղություն ստացան: Մեկը «Խոտի դեզի» հայտնի գործն էր, որը նախադեպային ու կարևոր էր այն առումով, որ ցույց տվեց, որ մեր արդարադատության համակարգը քննչական մարմիններից մինչև դատարան նորմալ չի աշխատում: Այս գործում ակնհայտ էր, որ հանցագործության հետք անգամ չկա, բայց մարդիկ կալանավորվել էին բավականին երկար ժամանակով, վերջում էլ, փաստորեն, մեղավոր ճանաչվեցին։
Երկրորդը, անցյալ տարվանից մենք ունենք եզակի դեպք, երբ ոստիկանները խոշտանգման համար դատապարտվեցին, ինչը հույս ներշնչեց, որ իրավապահ մարմնի աշխատողը օրենքից վեր չի դասվում։ Խոսքը Ռոբերտ Հովսեփյանին խոշտանգած երկու օպերլիազորների գործի մասին է։ Սակայն ինչ ստացվեց. տեսանք որ նույն համաներումը, որը կիրառվեց «Խոտի դեզի» խայտառակ գործը ինչ-որ կերպ պարտակելու և անմեղ մարդկանց ազատ արձակելու համար, անդրադարձավ նաև խոշտանգող ոստիկանների վրա և նրանք ևս ազատ արձակվեցին: Այս մասին էլ Քաղաքացիական հասարակությն ինստիտուտը բաց նամակ հրապարակեց, որովհետև միջազգային պրակտիկան թույլ չի տալիս խոշտանգում կիրառողին համաներմամբ ազատել։
Արդարադատության ոլորտում, մասնավորապես՝ դատական համակարգում այն խնդիրները, որոնց մասին բարձրացրել էր մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցում, իրոք կան, սակայն այդ խնդիրների լուծումները չկան: Դա կապված է օլիգարխիկ համակարգի և բիզնեսի ու իշխանության սերտաճման հետ: Սրանով է պայմանավորված, որ դատական համակարգը անկախ ու լիարժեք չէ, սակայն չի կարելի նաև ասել, որ արդարադատությունն, առհասարակ, բացակայում է Հայաստանում: Ծայրահեղությունների մեջ պետք չէ ընկնել:
Ո՞ր խնդիրների վրա պետք է կետրոնանան ՀԿ-ները 2014թ-ին:
Ոչ միայն ՀԿ–ները, այլև՝ լրագրողները, իշխանությունները մի քանի կարևոր հարցերի վրա պետք է կենտրոնանան: Նախ և առաջ, ինչպես նշվեց, որոշումների կայացմանը հանրային մասնակցության խնդիր կա, որն առկա է և՛ տեղական, և՛ համապետական մակարդակներում: Եթե չստեղծվի հարթակ, որտեղ կարող են երկխոսել հանրությունն ու իշխանությունները, կշարունակվեն փողոցային ակցիաները, որոնք կվերածվեն ընդհուպ մինչև ընդհարումների:
Մյուս կարևոր խնդիրը, որը կարծում եմ պետք է լինի իրավապաշտպան կազմակերպությունների օրակարգում, Ցեղասպանության խնդիրն է: 2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակն է, ու խնդիրը պետք է անընդհատ լինի իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում և իրավական ճանաչման տեսանկյունից և, որ ամենակաևորն է, որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն, հետագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից:
Ամենամոթալին այն է, որ Հայաստանը չի միացել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին, որը ամենակարևոր մեխանիզմն է, որը կարող է նման հանցագործությունների դեպքում իրավական որոշակի պատասխանատվություն սահմանել դրանց կազմակերպիչների և իրականացնողների համար: Կարծում եմ այս հարցում ունենք անելիքներ, կա պետական հանձնաժողով Հայոց ցեղասպանության 100–ամյակի նախապատրաստման, բայց անհրաժեշտ է նաև հասարակական սեկտորին ներգրավել այս խնդրի լուծման գործում:
Այս և մյուս տարի ընտրություններ չունենք, ինչը լավ հնարավորություն է ժամանակը ռեալ բարեփոխումների վրա ծախսելու համար:
Դատական համակարգի թերությունները կապված են հանրապետությունում առկա մյուս խնդիրների հետ. գլխավոր դատախազը պետք է աշխատի դրսևորել իրեն դրական կողմից, քանի որ այն համակարգը որ ունենք այսօր, չի բավարարում ոչ մեկին:
Կարծում եմ, կհանդարտվեն գենդերային խնդրի քննարկումները և նմանատիպ անպտուղ վեճերը կփոխարինվեն ավելի արդյունավետ քննարկումներով: Հուսանք այն խնդիրները, որ ունենք երկրում՝ և՛ ընտանեկան բռնության, և՛ գենդերային խտրականության, և՛ միասեռականների հետ կապված, կստանան լուծումներ առանց շահարկումների և քաղաքականացվելու:
Իհարկե, լուրջ խնդիրներ կան բանակում: Այս առոմով ՀԿ-ների և, առհասարակ, հասարակության ներգրավումը բանակաշինության գործում շատ կարևոր է, որպեսզի վերականգնվի հավատը բանակի նկատմամբ:
Ինչո՞վ առանձնացավ 2013-ը ՔՀԻ-ի համար, և ի՞նչ անելիքներ կան 2014-ում:
2013-ը ինձ համար առանձնացավ և կարևորվեց, նախ և առաջ, մեր աջակցությամբ զինադադարի պայմաններում զոհվածների մայրերի և այրիների կողմից «Մարդկային կորստի ցավ. Հրադադար» հասարակական կազմակերպության ստեղծմամբ: Այս պահին ավելի քան 30 մարդ է ներգրավված կազմակերպությունում, մարդիկ, ում մեր հասարակությունը պարտք է:
Նաև անչափահասների արդարադատության ոլորտում մենք ներդրեցինք միջնորդության (մեդիացիայի) համակարգի հիմքերը. անցկացրեցինք միջնորդության վերաբերյալ դասընթացներ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և նար անչափահասների հետ աշխատող ոստիկանության տեսուչների հետ, ովքեր ոգևորված էին այդ դասընթացներով և իրենք էլ են գիտակցում, որ անչափահասների արդարադատության հարցում հնարավոր չէ առաջնորդվել զուտ Քրեական օրենսգրքով: Դրանով ոչ թե կանխարգելում ես հանցագործությունը, այլ՝ խորտակում ճակատագրեր:
2013-ին Թուրքիայում առաջին անգամ թուրքական ՀԿ–ները մեզ հետ համատեղ հանդես եկան մի հայտարարությամբ, որն ամրապնդվեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի հռչակագրով, և որով երկու հստակ պահանջ դրվեց Թուրքիայի իշխանությունների առջև. Առաջինը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և երկրորդը՝ առանց որևէ նախապայմանի բացել սահմանը Հայաստանի հետ: Ըստ իս, սա բեկումնային քայլ կարելի է համարել, քանի որ հստակ ձևով շեշտերը դրված էին:
Իրականցվեցին նաև դիտորդական առաքելություններ ընտրությունների ընթացքում, որը, միշտ նշել եմ, որ ավելի շատ խախտումները կանխարգելող առաքելություն ունի։
2014 թվականին ՔՀԻ-ն հատկապես շարունակելու է աշխատել պրոբացիոն համակարգի ներդրման, անչափահասների արդարադատության, միջնորդության ինստիտուտի ներդրման, խաղաղաշինության, զինադադարի պայմաններում տուժած ընտանիքներին իրավական և սոցիալական աջակցություն ցուցաբերելու և այլ հարցերի շուրջ, ինչպես նաև՝ ցեղասպանության ճանաչման, դատապարտման և կանխարգելման ուղղությամբ։ Այս առումով հսկայական աշխատանք ունենք անելու նաև Թուրքիայի մեր գործընկերների նետ:
Մենք ունենք խնդիր նաև նվազեցնել բռնությունը հասարակությունում, մասնավորապես, անչափահասների շրջանում՝ դպրոցներում և հատուկ դպրոցներում:
Հարցազրույցը՝ Մարիամ Սարգսյանի