«Քաղաքական կուսակցություններ. տեսակետներ, մոտեցումներ» գրքույկի շնորհանդես

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, հրավիրում է մասնակցելու «Քաղաքական կուսակցություններ. տեսակետներ, մոտեցումներ» գրքույկի շնորհանդեսին, որը տեղի կունենա 2007թ. մայիսի 3-ին, ժամը 15:00-ին Կոնգրես հյուրանոցի «Բոլլ րում» սրահում: Համաժամանակյա թարգմանությունն ապահովված կլինի:

Գրքույկի այժմեականությունը պայմանավորված է նրանով, որ ս/թ մայիսի 12-ի Խորհրդարանական ընտրությունները հերթական փորձությունն են Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի համար: Սրանով է պայմանավորված լինելու մեր երկրի զարգացումն առաջիկա մի քանի տարիների ընթացքում:

Քաղաքական կուսակցությունները հատկապես այս օրերին ակտիվորեն ներկայացնում են իրենց ծրագրերը լայն հասարակությանը: Սակայն հաճախ դժվար է գտնել էական տարբերություն ծրագրերի միջև: Է’լ ավելի հաճախ դժվար է գտնել այդ ծրագրերում մեզ հուզող հարցերի պատասխանները, քանի որ ծրագրերը հիմնականում կրում են ընդհանրական բնույթ:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որն իրենից ներկայացնում է 60-ից ավել հասարակական կազմակերպությունների միավորում, նախաձեռնեց այս մտահաղացումը, որի շրջանակներում հարցաշար կազմվեց տարբեր ոլորտներ ներկայացնող փորձագետների կողմից` վերհանելու դրանցում ծառացած խնդիրները, ինչպես նաև փորձագետների կողմից ընտրվեցին կուսակցությունները, ում ուղղվեցին այդ հարցաշարերը: Սրանով փորձ կատարվեց հստակեցնել մեր քաղաքական էլիտայի դիրքորոշումը կոնկրետ հարցերի շուրջ` հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում:

Այս նախաձեռնությունը քայլ է եղած բացն ինչ-որ չափով վերացնելու, քայլ, որը հուսանք` կբերի այլ նախաձեռնությունների թե’ մեր, թե’ կուսակցությունների և թե’ միջազգային կամ հայաստանյան կազմակերպությունների կողմից` առավելագույնս բացահայտելու և ներկայացնելու նախընտրական պայքարում ընդգրկված քաղաքական ուժերի տեսակետները հասարակությանը հուզող հարցերի շուրջ, որը և մեր ընտրության հիմք կհանդիսանա: