NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմում է երեւանցիներին
23.07.2007թ.
Հարգելի համաքաղաքացիներ
Էկոլոգիական հասարակական դաշինքը հրավիրում է Ձեզ մասնակցելու բացօթյա մամուլի
ասուլիս-ակցիայի, որը կկայանա
հուլիսի 26-ին` հինգշաբթի, ժամը 18:00-ին
Օպերայի այգում` Առնո Բաբաջանյանի արձանին կից տարածքում:
Մենք դեմ ենք բոլոր այն քայլերին, որոնք առաջացնում են էկոլոգիական աղետ մեր
քաղաքում: Մեր "էլիտաների" ագահությունը կորցրել է իր չափը: Վերջին տասը տարիների
ընթացքում շինարարական բիզնեսը նպատակասլած ոչնչացնում է քաղաքի կանաչ գոտիներն և
պատմա-մշակութային հուշարձանները, վերածելով մայրաքաղաքը ասֆալտ-բետոնային անապատի:
Քաղաքի բնակչությունը թեժ պայքար է մղում տների կողքին մնացած կանաչ տարածքների
համար, սակայն կանանց և երեխաների դեմ դուրս են գալիս ոստիկանության աշխատակիցներ և
այլ զինված ուժեր:
Մեր համբերության բաժակը լցվել է: Կամայականության և մեր քաղաքի բնապահպանական ու
մշակութային միջավայրի, հասարակական կարծիքի նկատմամբ արհամարհանքի գագաթնակետ
հանդիսացավ Օպերայի այգում` Կարապի լճի հարևանությամբ նախատեսվող շինարարության
համար ահռելի փոսի առաջացման փաստը: Էկոլոգիական հասարակական դաշինքի
ներկայացուցիչների բարձրացրած աղմուկից հետո այն, կարծես թե կանգնեցվել է, սակայն
այդպես էլ չհաջողվեց պարզել թե ու՞մ է պատկանում շինարարությունը և ի՞նչ կառույց էր
այդտեղ նախատեսվում:
Իշխանությունները նույնիսկ խոսք տվեցին լցնել այդ «ոչ ոքու» փոսը: Եկեք օգնե`նք
նրանց:
Հավաքվենք փոսի կողքին վերը նշված օրը և ժամին, բերենք մեզ հետ «մի բուռ» հող և
լցնենք այն փոսի մեջ: Թող դա լինի մեր ներդրումը ապօրինի շինարարական բիզնեսի դեմ
պայքարին:
Միջոցառմանը մասնակցելու են հայտնի հասարակական գործիչներ, որոնք ելույթ կունենան
ակցիային հաջորդող մամուլի ասուլիսին:
Ձեր ակտիվ մասնակցությունից կախված կլինի մեր քաղաքի հետագա ճակատագիրը:
32 հասարակական կազմակերպությունների Էկոլոգիական հասարակական դաշինք
