NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի առաջարկը Թեղուտում բնապահպանական հսկողության իրականացման վերաբերյալ
Հաշվի առնելով Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և
պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ ծավալված քննարկումները,
այս տարվա սեպտեմբերի 13, 14-ին մեր կազմակերպությունը հայտարարություն տարածեց
բնապահպանական նշանակություն ունեցող որոշումների կայացման ընթացքում հանրային
կառույցների մասնակցության խնդիրների մասին:
Բնապահպանական նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացներում մենք
հատկապես կարևորում ենք հնարավոր էկոլոգիական խախտումների կանխարգելումը, նաև`
բարձր ազդեցության նվազեցումը ցանկացած արտադրական գործունեության ընթացքում:
Սակայն Թեղուտում նախատեսվող գործունեության ազդեցության վերաբերյալ 2006 թ.
նոյեմբերի 7-ին հաստատված թիվ ԲՓ-135 փորձաքննական եզրակացությունն այդ երաշխիքները
չուներ, որի հետևանքով հնարավոր էր բարձր ազդեցություն, հատկապես` Թեղուտի լեռնային
անտառների վրա:
Այդ պատճառով էլ մեր կազմակերպությունը «Լեռնամետալուրգիայի Ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ
համատեղ մշակել և ACP ընկերությանն է ներկայացրել Թեղուտի լեռնահարստացուցիչ
կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման
Բնապահպանական Կառավարման Պլանը, որի էլեկտրոնային տարբերակը տարածվել է շահագրգիռ
հանրության շրջանակներում: ԲԿՊլանում մենք աշխատել ենք մշակել այնպիսի լծակներ,
որոնց միջոցով պարզ երևան`
- շրջակա միջավայրի և մարդկանց առղջության համար հնարավոր վտանգները,
- այդ վտանգների վնասազերծման միջոցները և ծախսերը,
- պատասխանատու կատարողները և հսկողները,
- հսկողության ցուցիչները և ժամկետները:
Դա հնարավորություն է տալիս ժամանակին խուսափել էկոլոգիական խախտումներից, մարդկանց
առողջությանը վնասելուց, բնական պաշարների վատնումից: Դա նպաստում է նաև
գործունեության թափանցիկությանը, հնարավոր է լինում ավելի արդյունավետորեն
կազմակերպել հետաքրքրվող հանրության, շահագրգիռ կառույցների իրազեկումը ծրագրի
իրականացման և ազդեցության մասին:
Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր առաջարկը Թեղուտի լեռնահարստացուցիչ
կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի
բնապահպանական հսկողության մասին, որին առաջարկում ենք մասնակցել նաև հանրային
կառույցների անդամներին և անկախ փորձագետներին:
Թեղուտում նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում բնապահպանական
հսկողությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով կազմվում է մոնիթորինգի խումբ
(կոմիտե, հանձնաժողով, …), որի կազմում ընդգրկվում են ներկայացուցիչներ հետևյալ
կառույցներից.
- բնապահպանության նախարարություն – 2 (պետական տեսչություն` 1, մոնիթորինգ` 1)
- առողջապահության նախարարություն – 1 (պետական հիգիենիկ տեսչություն)
- գյուղնախարարություն – 1 (Հայանտառ ՊՈԱԿ)
- պետական լեռնային հսկողություն – 1
- արտակարգ իրավիճակների վարչություն – 1
- մշակույթի նախարարություն – 1 (հուշարձանների պահպանության մասնագետ)
- Լոռվա մարզպետարան – 1 (շրջակա միջավայրի պահպանության բաժին)
- ազդակիր համայնքներ – 2 (Թեղուտի և Շնողի գյուղապետեր կամ ավագանու անդամներ)
- հետաքրքրվող հանրություն – 10 (ՀԿ-ներ` 5, անկախ փորձագետներ` 2, տեղացի, հայտնի
մտավորականներ` 3) - գործունեությունը վարկավորող բանկ - 1
- Լեռնամետալուրգիայի ինստիտուտ ՓԲԸ – 2 (տնօրեն, ԲԿՊլանի հեղինակ)`
ԲԿՊլանով սահմանված մոնիթորինգի ցուցիչների միջոցով խումբը ստուգում է պլանավորված
միջոցառումների իրականացման ընթացքը: Ստուգումների արդյունքում կազմվում են
հաշվետվություններ, տրվում են հանձնարարականներ, գումարվում են նիստեր, որտեղ
որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ: Կազմվում
են նիստերի
արձանագրություններ խմբի անդամների ստորագրություններով, որոնք ներկայացվում են
ACP-ին, համապատասխան գերատեսչություններին, հանրությանը:
Մոնիթորինգի հաճախականությունը` վեց ամիս:
Խմբի աշխատանքը բաց է մասնակցության և խորհրդատվության համար, ստուգումներին
մասնակցում են նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ՀԿ-ների այլ անդամներ, սակայն
քվեարկությանը մասնակցում են միայն խմբի անդամները: Գործունեության ազդեցության
մասին խումբը տարածում է մամուլի հաղորդագրություններ, կազմակերպում է մամուլի
ասուլիսներ, հարցազրույցներ, ...
Խմբի անդամներն էլ, հանրության մյուս մասնակիցներն էլ պարտավոր են հիմնավորել իրենց
ներկայացրած կարծիքներն ու առաջարկները: Եթե ներկայացված առաջարկները խումբը
մերժում է, պարտավոր է այդ մասին հիմնավորում ներկայացնել առաջարկի հեղինակին: Խմբի
նիստերի նախագահողը Լեռնամետալուրգիայի ինստիտուտի ղեկավարն է, համակարգողը`
Բնապահպանական Կառավարման Պլանի հեղինակն է:
Մոնիթորինգի խումբը գործում է նախապատրաստման, շինարարության, աշխատանքի, ավարտի
փուլերի ընթացքում: Այն բնապահպանական հսկողության արդյունավետության, նաև`
թափանցիկության երաշխիք է, հնարավոր է վարակիչ օրինակ լինի:
Հետևողական լինելու դեպքում մենք կարող ենք և պարտավոր ենք նպաստել այս ծրագրի
ազդեցության նվազեցմանը գործունեության բոլոր փուլերում, ինչպես նախատեսված է
ԲԿՊլանի մոնիթորինգի բաժնում:
Հարկ ենք համարում ընդգծել այն հանգամանքը, որ բնապահպանական կամ այլ
հսկողություններն ավել կամ պակաս արդյունավետությամբ այս կամ այն կերպ միշտ էլ
իրականացվել են Հայաստանում գործող տարբեր արտադրական ձեռնարկություններում, սակայն
հանրային կառույցներն այդ մասին լիարժեք տեղեկատվություն չեն ստացել: Այս առաջարկը
մշակվել է այնպես, որ ապահովում է ՀԿ-ներից ընտրված ներկայացուցիչների իրավահավասար
մասնակցությունը որոշումների կայացմանը` գործունեության իրականացման ընթացքում:
Հետևաբար` հարկ է ՀԿ-ներից ներգրավել մասնագիտական փորձ ունեցող անդամների, ովքեր
կկարողանան պատշաճորեն հիմնավորել իրենց դիտողություններն ու առաջարկները:
Առաջարկում ենք մեր հետ միասին մասնակցել Թեղուտում նախատեսվող գործունեության
բնապահպանական հսկողությանը` առաջադրելով համապատասխան թեկնածություններ այս պահին
գործող ՀԿ-ների տարբեր միավորումներից (SOS-Թեղուտ, Էկո-դաշինք, Օրհուս-կենտրոնի
փորձագետների խորհուրդ, Հայաստանի էկո-կազմակերպությունների միություն, …):
Ողջունելի ենք համարում այս գործունեության մասին ինչպես կողմ, այնպես էլ` դեմ կամ
չեզոք տեսակետներ արտահայտող ՀԿ-ների անդամների, անկախ փորձագետների
մասնակցությունը մոնիթորինգի խմբում:
Կարծում ենք, որ անմիջականորեն մասնակցելով բնապահպանական հսկողությանը` ՀԿ-ներն
առավելագույն տեղեկատվություն կստանան գործունեության ազդեցության մասին և
կկարողանան նպաստել հսկողության արդյունավետ կազմակերպմանը` հօգուտ բնապահպանական
հավասարակշռության պահպանման:
Սպասում ենք Ձեր առաջարկներին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում` մինչ նոյեմբերի
12-ը: Ձեր համաձայնության դեպքում այս առաջարկը մենք ներկայացնելու ենք նաև
բնապահպանության նախարարությանը և ACP ընկերությանը: Համաձայնություն է համարվելու
նաև արձագանքների բացակայությունը:
Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի նախագահ
Սրբուհի Հարությունյան
2007 թ. հոկտեմբերի 29
