NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարտի 25-ը` Խոսքի ազատության տոն
2009 թվի մարտի 25-ին լրանում է մեկ տարի այն օրվանից, երբ մոտ մեկ տասնյակ հազար հայաստանցիների եւ աշխարհասփյուռ հայության ջանքերով հաջողվեց հաղթանակ տոնել Խոսքի ազատության համար մի աննախադեպ գոտեմարտում. համաժողովրդական հեռուստատեսային եւ ինտերնետային մարաթոնի շնորհիվ 7 օրում հանգանակվեց մոտ 29 մլն դրամ, որով հնարավոր եղավ ետ մղել Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ հարկային մարմինների լայնածավալ հարձակումը մինչեւ ելման դիրքեր: Մարտի 25-ին փակվեց այն տուգանային գումարը, որ կեղծ ու չապացուցված հիմքերով նկարել էին հարկայինի օպերլիազորները եւ, որ առանց վկաներին լսելու եւ ապացույցների ուսումնասիրման` արտանկարել էր դատարանը: Հանգանակության շնորհիվ հնարավոր եղավ պահպանել հեռարձակման հաճախականության լիցենզիան, աշխատատեղերը, ազատ եւ միայն հանրությունից կախված հեռուստաընկերությունը ու մեր բոլորի Խոսքի, արտահայտման, կարծիքի, տեղեկատվության ազատությունը: Դժվար է գերագահատել այն սխրանքը ինչ գործեց հեռուստաընկերությունը հանրության աջակցությամբ:
2009 թ մարտի 25-ին` չորեքշաբթի օրը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հանդիսավորությամբ նշվելու է այս տոնը. ժամը 14-ին տեղի է ունենալու մամլո ասուլիս, ապա` հյուրերի համար զբոսանք հին քաղաքում, իսկ ժամը 17-ին` ճաշկերույթ: Բոլոր նրանք, ովքեր այդ օրը նաեւ իրենց տոնն են համարում, հրավիրվում են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ` Գյումրի, Պուշկինի փ., 96:
