NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությանն հայտարարությանը
Մենք՝ «Գործընկերություն հանուն բաց
հասարակության» նախաձեռնությանն աջակցող հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներս, տարակուսանք ու մտահոգություն ենք հայտնում՝ 2004 թվականի
հուլիսի 3-ին Մոսկվայում ստորագրված ԵԱՀԿ-ում գործերի իրավիճակի վերաբերյալ ԱՊՀ
անդամ երկրների հայտարարությանը Հայաստանի միանալու առնչությամբ: Մեր գնահատմամբ
այդ փաստաթղթի որոշ դրույթներ հակասում են մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության պաշտոնական դիրքորոշմանը:
Հավատարիմ մնալով զուտ քաղաքական խնդիրներին չմիջամտելու մեր սկզբունքին՝ մենք
անմիջապես չարձագանքեցինք Հայտարարությանը՝ հուսալով, որ պաշտոնական մակարդակում,
քաղաքական կուսակցությունների (առաջին հերթին խորհրդարանում ներկայացված) շրջանում
լուրջ եւ խոր քննարկում կծավալվի փաստաթղթին Հայաստանի միանալու պատճառների, լայն
միջազգային համատեքստում այդ քայլի հիմնավորվածության եւ դրա հնարավոր հետեւանքների
շուրջ: Սակայն հնչած մեկնաբանություններն ավելի շուտ նմանվում էին մենախոսության եւ
որպես կանոն առնչվում էին ընդունված Հայտարարության կոնյունկտուրային կողմերին,
մինչդեռ վերջինս շոշափում է արդի միջազգային հարաբերություններում փաստաթուղթը
ստորագրած երկրների դիրքորոշման եւ սեփական զարգացման պատկերացումների վերաբերյալ
չափազանց սկզբունքային հարցեր: Հենց սրանով էլ պայմանավորված է փաստաթղթի մի քանի
դրույթների վրա հանրության ուշադրությունը հրավիրելու եւ դրանց քննարկումը խթանելու
մեր որոշումը: Մանավանդ, որ դրանք ուղղակիորեն առնչվում են ժողովրդավարացման
գործընթացներին, իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը, մեր
տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը, այսինքն՝ այն արժեքներին, որոնց շուրջ
եւ ձեւավորվել է «Գործընկերությունը ...»:
Նախ՝ դժվար է բացատրություն գտնել ԵԱՀԿ-ի գործունեությանը կատեգորիկ ընդհանուր
գնահատական տալուն. փաստաթղթում խոսվում է այն մասին, թե «կազմակերպությունը... չի
կարողացել հարմարվել փոփոխվող աշխարհի պահանջներին՝ ապահովելու եվրոատլանտյան
տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության խնդիրների արդյունավետ
լուծումներ»: Նման ծայրահեղ բացասական եզրակացության հիմքում պետք է ընկած լինեն
կոնկրետ փաստեր եւ մանրակրկիտ փաստարկումներ: Այնինչ, չի եղել դեպք, երբ Հայաստանի՝
ԵԱՀԿ-ին անդամակցության ժամանակաշրջանում մեր պաշտոնական մարմինները պաշտոնական
մեղադրանքներ ներկայացրած լինեին վերջինիս «անվտանգությանը եւ համագործակցությանը»
վերաբերող այս կամ այն մասնավոր դեպքերի կապակցությամբ: Եվ հանկարծ՝ այդ
հեղինակավոր միջազգային կազմակերպության՝ իր առաքելությունը կատարելը կասկածի տակ
առնող նման կտրուկ հայտարարություն:
Երկրորդ, պետությունների ընկերակցության առջեւ պաշտոնապես պարտավորություններ
ստանձնելով՝ ցանկացած երկիր պետք է պատրաստ լինի տված խոստումները կատարելու
նկատմամբ այդ ընկերակցության վերահսկողությանը: Եվ «այնպիսի հիմնարար հելսինկյան
սկզբունքների մասին հիշեցումը, ինչպես «պետությունների ներքին գործերին չմիջամտելն
ու ինքնիշխանությունը հարգելն է» ԵԱՀԿ գործունեության համատեքստում, ինչպես այդ
անում են Հայտարարության հեղինակները, բացարձակապես անտեղի է: Այդ
կազմակերպությունն անդամ պետությունների ներքին գործերին միջամտող որոշումներ
ընդունելու մեխանիզմներ պարզապես չունի, սակայն այն լիիրավ իրավունք ունի եւ
նույնիսկ պարտավոր է տեղեկացված լինել ու տեղեկացնել ողջ ընկերակցությանը, թե
ինչպես են յուրաքանչյուր երկրի կողմից կատարվում իր իսկ ստորագրած «հիմնարար
փաստաթղթերը, ներառյալ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի (1975), Հանուն Նոր Եվրոպայի
Փարիզյան Խարտիայի (1990), Եվրոպական անվտանգության խարտիայի (1999)» (որոնց հղում
է արված Հայտարարության մեջ):
Երրորդ, այսօր հենց ԵԱՀԿ-ն է անմիջականորեն ներգրավված ղարաբաղյան հակամարտության
կարգավորման գործընթացում եւ զինադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ իրականացնող
միակ միջազգային կառույցն է: Մեր երկրի համար ԵԱՀԿ-ի այդ առաքելության
կարեւորությունը դժվար է գերագնահատել, եւ անցած բոլոր տարիների ընթացքում
հայաստանյան իշխանությունների իրավասու ներկայացուցիչները դրա իրականացման մասին
հիմնականում դրական են արտահայտվել: Ի՞նչն է ստիպել նրանց փոխելու իրենց կարծիքը
2004 թվականի հուլիսի 3-ին, եւ ի՞նչ հիմքեր ունի Հայաստանը խոսելու «անվտանգության
երեք չափորոշիչների» անհավասարակշռության եւ «դեպի հումանիտար խնդիրները
գերակայությունների փոփոխության» մասին:
Չորրորդ, հազիվ թե Հայտարարությունը ստորագրողներն իրականում չեն հասկանում, թե
ինչո՞ւ ԵԱՀԿ-ն ու մասնավորապես նրա Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու
իրավունքների բյուրոն (ԺԻՄԻԲ) «ընտրովի են մեծ ուշադրություն» դարձնում առանձին
երկրներին, այդ թվում՝ նրանցում անցկացված ընտրություններին: Ցավոք, Հայաստանը
հայտնվել է ԵԱՀԿ անդամ այն պետությունների խմբում, որոնք առայսօր չեն կարողացել
(կամ չեն ցանկացել) մշակել ընտրությունների ընթացքում քաղաքացիների կամքի ազատ
արտահայտումը երաշխավորող մեխանիզմներ, ապահովել ժողովրդավարական մի շարք այլ
կառույցների գործունեությունը: Եվ բնական է, որ համաշխարհային հանրության
ուշադրությունն ու հետաքրքրությունը ժողովրդավարության տեսակետից «խնդրահարույց»
երկրների նկատմամբ ավելի մեծ է, քան նրանց, որոնք արդեն ապացուցել են ժամանակակից
քաղաքակթության արժեքներին իրենց հավատարմությունը: Մենք չենք կարող ԵԱՀԿ-ի եւ այլ
միջազգային կառույցների մեր գործընկերներին զրկել իրենց իրավունքից՝ իմանալու, թե ի
դեմս մեզ ում հետ գործ ունեն:
Ավելորդ չէ հիշել, որ իրենք՝ այդ կազմակերպության անդամ երկրների իշխանություններն
են դիմում ԵԱՀԿ՝ խնդրելով դիտորդներ ուղարկել իրենց ընտրություններին: Եվ
միանգամայն բնական է, որ մեր ներքին ժողովրդավարական գործառույթների նկատմամբ
վստահության պակասի պայմաններում հենց ընտրություններին ԺԻՄԻԲ-ի տված գնահատականն է
որոշիչ դառնում միջազգային հանրության համար: Այդ տհաճ իրավիճակից միակ ելքը մեր
ընտրական հանձնաժողովների, բոլոր ատյանների դատարանների եւ նրանց որոշումների
հեղինակությունը բարձրացնող իրական բարեփոխումներն են: Իսկ այնպիսի
հայտարարություններով, ինչպիսին Մոսկվայում ընդունվածն է, ինչպես նաեւ՝ «առանձին
պետությունների յուրահատուկ լինելու» մասին մշտական ակնարկներով կարելի է միայն մի
բանի հասնել. շուրջ բոլորը վերջնականապես համոզել, թե ընտրություններ կեղծելը եւ
մարդու իրավունքներն անտեսելը այդ երկրների քաղաքական մշակույթի կամ, ինչպես մեզ
մոտ են սիրում կրկնել՝ «ազգային մենթալիտետի» բաղկացուցիչներ են, այսինքն՝ համոզել,
թե ժամանակն է մեզանից ձեռք քաշել: Սակայն ինչպե՞ս դա համատեղել Եվրոպայի Խորհրդում
ամրապնդվելու եւ նույնիսկ Եվրոպական Միության անդամ դառնալու Հայաստանի ձգտման հետ:
Անշուշտ, ցանկացած միջազգային մարմնի աշխատանքները պետք է «հարմարեցվեն նոր
պայմաններին»: Սակայն դրան հասնում են բանակցությունների, բանավեճերի ճանապարհով եւ
ոչ թե՝ առճակատման տանող խմբային դեմարշերով, այն էլ՝ առանց կոնկրետ օրախնդիր
առիթի: Մեզ համար ակնհայտ է, որ Հայաստանը պատճառ չունի ԵԱՀԿ-ի հետ
բանակցություններ վարելու մոսկովյան Հայտարարության տոնայնությամբ, եւ մեր
գնահատմամբ դրա ստորագրումը չի համապատասխանում երկրի շահերին ու վնասում է նրա
միջազգային հեղինակությանը: Հույս ունենք, որ այն կմնա իբրեւ նման տիպի եզակի
միջադեպ եւ ԵԱՀԿ-ի, ինչպես նաեւ այլ եվրոատլանտյան կառույցների հետ մեր պետության
համագործակցությունը կշարունակվի ժողովրդավարության, տարածաշրջանային անվտանգության
եւ համագործակցության ամրապնդման հունով:
