Խափանե՛ք ցեղասպանական պրովոկացիան...

Ինչպես արդեն տեղեկացվել է, թուրք ազգայնամոլները վճռել են սույն թվականի մարտի
18-ին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և մասնավորապես
գերմանական Բունդեսթագի կողմից անցյալ տարի ընդունված բանաձևի դեմ լայն քարոզարշավ
և ի թիվս այլ միջոցառումների Բեռլինում զանգվածային ցույց կազմակերպել, որի
մասնակիցների թիվը, ըստ կազմակերպիչների նախնական հայտարարության, պետք է շուրջ 4
միլիոնի հասնի։ Ստորև ներկայացնում ենք այդ գործողությունների առնչությամբ Մայնի
Ֆրանկֆուրտում գտնվող՝ Ցեղասպանության հակառակարդների միության կողմից
հասարակայնությանը հղված կոչը, ինչպես և գերմանական հեղինակավոր օրաթերթերում լույս
ընծայված մի քանի ուշագրավ հրապարակումներ։

Խափանե՛ք ցեղասպանական պրովոկացիան

Ժողովրդակավարական հասարակայնությանը

Հայոց ցեղասպանությունը աշխարհի քաղաքակրթված ժողովուրդների համար պատմական փաստ է,
որը հասարակայնության կողմից պետք է դատապարտվի։ Թուրքիայի հանրապետությունը,
հակառակ դրան, շարունակում է ժխտել ինչպես օսմանյան տիրապետության ներքո 1915-1918
թվականներին, այնպես էլ 1919-1912 թթ. հանրապետության հիմնադրման ժամանակ
իրագործված՝ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունները։ Պատմական փաստերը
ընդունելու զոհ դաձած ժողովոուրդներից ներողություն խնդրելու փոխարեն նա ելքը
որոնում է բացառապես կողծիքի և զրպարտության վրա հիմնված պրոպագանդայի ուժգնացման
մեջ։ Հասարակայնության աճող ճնշման հանդեպ հայերի, հույների, ինչպես նաև ուղղափառ
ասորիների դեմ իրագործված ցեղասպանական գործողությունները որակվում են որպես
«աքսոր» և անտրամաբանական փաստարկներով քարոզվում է, որ դա «այն ժամանակվա
իրավիճակում անխուսափելի միջոցառում էր»։ Այն, որ այդ երկինք աղաղակող կեղծիքը
ժողովրդավարական, պատմական փաստերին գիտակից հասարակայնության վրա որևէ
ազդեցություն չի գործում, թուրքական ժխտող ղեկավար էլիտային դրդում է լիովին
հրաժեշտ տալ բանականությանը։ Սեփական անցյալի շուրջ հասարակական քննարկումների
արգելքները վերացնելու փոխարեն, նրանք այժմ մտադրվել են ցեղասպանական զանգվածային
բնաջնջումներն իրականացնողներին, զորօրինակ Թալեաթ փաշային, Քեմալ փաշային, Էնվեր
փաշային, Սաիդ Հալիմ փաշային և դր. Բեհաեդդին Շաքիրին թուրքական հասարակության
աչքում սրբեր դարձնել։ Նրանք ծրագրում են Բեռլինում մի «օպերացիայով» հարգել Թալեաթ
փաշայի՝ միլիոնավոր մարդկանց դահճի հիշատակը, ընդ որում նրանք դրանում ընդգրկում են
նաև հասարակայնությանը բավականաչափ ծանոթ, նեոֆաշիստական պրովոկատորների, ինչպես
օրինակ Դոգու Պերինչեկին և Ռաուֆ Դենկտասին։ Նրանք «Վերցրու՛ քո դրոշը և արի՛
Բեռլին» կոչով ինչպես Թուրքիայում, այնպես էլ Եվրոպայում պաշտոնական
գաղափարախոսության ռասիստական պրոպագանդայի կողմից ներգործված թուրքական
հասարակությանը հրավիրում են՝ լինելու զանգվածասպան Թալեաթ փաշայի կողմնակիցը։

Այդ ակցիան, որը չի զիջում նացիստ-ֆաշիստների հետևողական մարտահրավերին, կարող է
ընդունվել ոչ միայն որպես ցեղասպանության զոհ ժողովուրդների դեմ պատերազմի
հայտարարություն, և որպես նոր պրովոկացիա ընկալվել։ Այդ ակցիան միաժամանակ մի շատ
պարզ ինդիկատոր է այն բանի, որ թուրքական հանրապետությունը չի հրաժարվել
ցեղասպանության դրույթից, որը նա վերցրել է «Միություն և առաջադիմություն»
կուսակցությունից։ Թուրքական հանրապետությունը իր այդ վարքագծով ցույց է տալիս, որ
նա ինչպես Եվրոպայում, այնպես էլ Միջին Արևելքում խոչընդոտ է հանդիսանում
խաղաղության և ժողովրդավարության համար։

Ի վերջո նրանք, ովքեր զանգվածասպաններին մեծարում են մարդկայնության հանդեպ նրանց
իրականացրած ոճրագործությունների համար, կամ արդեն հենց իրենք մարդասպաններ են, կամ
գտնվում են զանգվածային սպանդի ճանապարհի վրա։ Ոչ ոք չի կարող կասկածել, որ նրանք,
ովքեր ցեղասպանական ոճրագործներին, ինչպես Թալեաթին, Էնվերին, Բեհաեդդին Շաքիրին և
Թոփալ Օսմանին հռչակում են որպես «աստվածային նահատակներ» և թուրք ազգի «փառապանծ
նախնիներ», հետամուտ են նոր, արյունոտ ծրագրերի։ Ի վերջո քրդական ժողովուրդը, որը
այդօրինակ դիրքորոշման ցեղասպանական հարձակումների նպատակակետն է դարձել,
ներկայումս ապրում է իր պատմության ամենաճգնաժամային շրջաններից մեկը։ Այն
«փաստարկները», որոնք անցյալում ծառայել են հայ ժողովրդի զանգվածային սպանդի համար,
այսօր օգտագործվում են քուրդ ժողովրդի «վերաբնակեցման» և քրդական ժողովրդի վրա
ցեղասպանական հարձակումների համար։ Մարդկությունը իրավունք չունի ոչ ցեղասպանության
հերքման, ոչ էլ նոր ցեղասպանական գործողությունների իրականացման ժամանակ դիտորդ
լինել։ Եթե պետությունները, նախ և առաջ, սակայն, Գերմանիայի դաշնային
հանրապետությունը և Եվրոպական միության պառլամենտը, որոնք ճանաչել են հայոց
ցեղասպանությունը, այդ պրովոկացիան միայն կդիտեն և դրա խափանման համար բոլոր
հնարավոր միջոցները չեն գործադրի, կստեղծեն այն տպավորությունը, որ նրանք իրենց
որոշումները կայացրել են միայն ձևի, հասարակայնության ցասումի հանդարտեցման համար։

Գործող կառավարությունը Եվրոպական միությանը անդամակցելու բանակցություններից
սկզբից ի վեր, ամենից առաջ ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում
բացահայտում է սև հումորի իր ըմբռնողությունը։ Միաժամանակ Թուրքիայում
ժողովրդավարությունը և մարդու իրավունքները սերտորեն կապված են ոչ թուրքական
ժողովուրդների կյանքի իրավունքի, նրանց ազատությունների և մյուս իրավունքների հետ։
Միևնույն է, թե ինչպիսի «լավ մտադրություններ» են ծանուցվում, և նաև որ միջազգային
համաձայնագրերն են ստորագրվում, ցեղասպանության հիմքի վրա կառուցված այդ համակարգը
դրանց վերաբերող ոչինչ չի կենսագործի։ Համակարգը ոչ մի գնով չի հրաժարվում մի
միաէթնոս պետություն ստեղծելու իր ստրատեգիական նպատակից։ Դրա համար նա միանգամայն
սառնասրտորեն իր բոլոր կեղտոտ միջոցներով, ինչպես օրինակ, դեզինֆորմացիայով,
ճնշմամբ ու սպառնալիքներով, պատմության կեղծմամբ, սահմանների խախտմամբ, հարևան
երկրի բռնակցմամբ, ցեղասպանության զոհ ժողովուրդներին զրպարտելով, երկրի ներսում
գտնվող ընդդիմության, ամենից առաջ կազմակերպված քրդական ազգային շարժման վերացման
փորձերով պահպանել իր՝ ցեղասպանության վրա հիմնված իշխանությունը։ «Բեռլինյան
Թալեաթ փաշա-օպերացիան» այդ ջանքերի ուղղակի շարունակումը և ցեղասպանական
պրովոկացիա է։ Ոչ ոք, ով հարգում է մարդու իրավունքները, անկախ այն բանից, արդյոք
թուրք է, քուրդ, սունիթ թե ալեվիտ, չպետք է ընկնի ռասիստական պրովոկատորների
թակարդը և մեծարի զանգվածասպանին։ Ժողովրդավարների տեղը, ովքեր հարգում են մարդու
իրավունքները և ազատությունները, ցեղասպանության զոհերի կողքին է, որոնք իրավունք և
արդարություն են պահանջում։

Թալեաթ փաշայի հիշատակը հարգել նշանակում է մեծարել Հիտլերին։

Ցեղասպանական պրովոկացիայի խափանումը մարդկության պարտավորությունն է։

Ցեղասպանության հակառակորդների միություն

Մայնի Ֆրանկֆուրտ

 

Բեռլինի երկրամասային պառլամենտի՝ Ժողովրդավարական սոցիալիզմի կուսակցության
ֆրակցիայի միգրացիայի քաղաքականության հարցերով խոսնակ Գյուասետին Սայանը իր՝
փետրվարի 25-ի մամլո ասուլիսում պահանջել է արգելման ենթարկել թուրքական
նացիոնալիստական «Աշխատավորական կուսակցության գործունեությունը»։ Նա նաև Բեռլինի
ներքին գործերի սենատորին կոչ է արել արգելել թուրք նացիոնալիստների՝ մարտի 18-ին
ծրագրված ցույցը։ Ստորև ներկայացնում ենք նրա հայտարարության տեքստը՝ նախապես
նշելով, որ այս տարվա փետրվարի 23-ին Բրյուսելում Եվրոպական պառլամենտի գերմանացի
պատգամավոր Մարկուս Ֆեբերը (Քրիստոնեական սոցիալական միությունից) նույնպես կոչ էր
արել արգելել թուրք նացիոնալիստների երթը Բեռլինում։

«Tageszeitung», 2006 թ. փետրվարի 28.

Ժողովրդավարական սոցիալիզմի կուսակցության Բեռլինի երկրամասային պատգամավորը
պահանջում է. «Արգելե՛լ թուրք ուլտրանացիոնալիստների ցույցը»։

«Թուրքական ուլտրանացիոնալիստական Աշխատավորական կուսակցությունը ողջ Եվրոպայով մեկ
մոբիլիզացնում է թուրքերին Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման դեմ
մարտի 18-ին Բեռլինում ցույց կատարելու համար։ Դրան նախորդող ագրեսիվ գրգռումները և
անուղղակի սպառնալիքները դրդում են երկյուղել, որ ի հայտ կգան անկարգություններ, և
ոչ մի կապ չունեն ժողովրդավարական՝ կարծիքի արտահայտման հետ։ ձախակողմյան
Ժողովրդավարական սոցիալիզմի կուսակցության ֆրակցիան այդ պատճառով ներքին գործերի
սենատոր Կյորտինգին կոչ է անում արգելել ցույցը։

«Բեռլին – Թալեաթ փաշայի օպերացիա» նշանաբանի ներքո պետք է, ըստ կազմակերպիչների
ցանկության, 1915 թ-ի հայոց ցեղասպանությունը ժխտվի։ Բացի այդ կազմակերպիչները մի
կոչում սպառնում են, որ «արևմտյան մայրաքաղաքները, ինչպես Փարիզը, կայրվեն, եթե
հայկական հարցի վերաբերյալ Թուրքիայի դեմ ուղղված անարդարացի որոշումները ետ
չվերցվեն։ Դա անընդունելի է։

Մեր առաջադրանքն է դեմ դուրս գալ ատելության և բռնության պրոպագանդային, վարչական
միջոցներով, սակայն նաև միասնական քաղաքական և հասարակական նախաձեռնողականությամբ։
Բեռլինի բազմաթիվ թուրքական ընկերությունների տեսակետները, որոնք չեն հարել կոչին,
լավ նախանշան են այդ բանի համար։ Նրանք գերմանացիների և Բեռլինում ներգաղթման
անցյալ ունեցող մարդկանց խաղաղ համակեցության կողմնակից են»։

 

«Tageszeitung», 2006 թ. մարտի 3.

Գյուասետին Սայան

Կյորտինգը քննում է ցույցի արգելման խնդիրը

Ներքին գործերի սենատոր Էհրհարթ Կյորտինգը (Սոցիալ դեմոկրատական կուսակցությունից)
քննում է թուրք նացիոնալիստների կողմից այս ամսի 18-ին նախատեսված ցույցի արգելման
խնդիրը։ Կազմակերպիչները հայտարարել էին, որ բողոքելու են «հայոց ցեղասպանության
կեղծիքի» դեմ։ Կյորտինգը ռադիոգործակալությանը տեղեկացրել է, որ եթե հասարակական
անվտանգությունը և կարգը վտանգված է, ապա պետք է քննության ենթարկվի ցույցի
արգելման հարցը։ Եվ բացի այդ ուսումնասիրվի, թե արդյոք առկա է ժողովրդի գրգռման
իրողությունը։ Հավանական է նաև, որ ոստիկանությունը բաշխի պարտավորություններ, ըստ
որոնց որոշակի պլակատներ չցուցադրվեն և հռետորներ հանդես չգան։ Ըստ
ռադիոհաղորդագրության, ցույցի առնչությամբ հրապարակված կոչում նշվում է, որ
եվրոպացիները պետք է դադարեն Թուրքիային մեղադրել, «եթե նրանք չեն կամենում, որ
իրենց քաղաքները, ինչպես Փարիզը, բոցերի մեջ հայտնվեն»։ Բազմաթիվ անկախ
պատմաբաններ, պառլամենտներ և միջազգային կազմակերպություններ առաջին համաշխարհային
պատերազմի ընթացքում հայերի արտաքսումն ու ոչնչացումը բնութագրում են որպես
ցեղասպանություն։ Ըստ հաշվարկների, 1915-16 թվականներին 600 000-ից 1,5 միլիոն
հայեր են սպանվել։ Թուրքիան ցեղասպանության մեղադրանքը վճռականորեն հերքում է։

Նյութերը գերմաներենից թարգմանեց

Աշոտ Հայրունին