Թուրքիան և Եվրոպական միությունը

Գերմանիայի դաշնային հանրապետության կառավարության՝ քաղաքական կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող վարչությունը «Թուրքիան և Եվրոպական միությունը» խորագրի ներքո նախաձեռնել է քննարկում Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության հարցի վերաբերյալ, և բազմաթիվ գիտական, մշակութային, հասարակական գործիչներ և նաև կազմակերպություններ ներկայացրել են իրենց նկատառումները այդ խնդրի մասին։ Ստորև ներկայացվում են այդ առթիվ ի հայտ եկած մի շարք տեսակետներ, որոնք գերմաներենից թարգմանել է Աշոտ Հայրունին։

Օտար փետուրներ. Եվրոպան ապագայում պետք է սահմանակցի Իրաքի՞ն

Հայնրիխ Ավգուստ Վինկլեր

(Պրոֆ. դր. Հայնրիխ Ավգուստ Վինկլերը աշխատում է Բեռլինի Հումբոլդտի անվան
համալսարանում, հեղինակ է նոր և նորագույն պատմությանը վերաբերող բազմաթիվ
աշխատությունների։)

Ընդունենք, որ պատմությունն այնպես կընթանա, ինչպես ակնկալում են Թուրքիան և
Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության կողմնակիցները։ Մի քանի տարում
Թուրքիան դառնում է ԵՄ-ի լիիրավ անդամ, և վերջինս այդ ժամանակ ընդհանուր սահմաններ
կունենա Սիրիայի, Իրաքի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի հետ։ Միացյալ նահանգները
ռազմաստրատեգիական դրդապատճառներով դա կողջունեն։ Հենց այդ պատճառով էր Վաշինգտոնը,
դեռ նախագահ Քլինտոնի օրոք, այնքան ժամանակ ճնշում գործադրում եվրոպացիների վրա,
մինչև վերջիններս 1999 թ. դեկտեմբերին Հելսինկիում կայացած ԵՄ գագաթաժողովում
Թուրքիային հատկացրեցին անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Բայդ արդյոք ռազմաստրատեգիական դրդապատճառները բավականացնու՞մ են Եվրոպական
միությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությունը հիմնավորելու համար։ ԵՄ-ն կանգնած է
մի երկբնույթ մարտահրավերի առաջ։ Այն կոչվում է ընդարձակում և ամրապնդում։ Մի
ընդարձակում, որը պարզորոշ կերպով դուրս կգա Եվրոպայի սահմաններից, հարկադիր կերպով
կոնֆլիկտի մեջ կմտնի միությունը ամրապնդելու նպատակի հետո։ Ամրապնդումը նշանակում
է՝ ԵՄ-ի հետագա զարգացումն ու վերածումը քաղաքական միության։ Քաղաքական միությունը
պահանջում է ունենալ եվրոպական Մենք-զգացողությունը։ Դա պետք է հիմնված լինի
միասնական պատմական փորձառությունների և նկարագրերի վրա։ Այդպիսի ընդհանրություններ
կային Եվրոպական տնտեսական ընկերակցությունում, որից առաջացել է Եվրոպական
միությունը։ Դրանք այնքան ժամանակ առկա կլինեն նաև ընդարձակված ԵՄ-ում, քանի դեռ
վերջինս Եվրոպայի սահմանները շատ չի գերազանցել։

Մի Եվրոպական միություն, որն ընդգրկում է նաև Թուրքիան, այլևս չի կարող եվրոպական
Մենք-զգացողությունն ունենալ։ Դրա համար չափազանց տարբեր են Թուրքիայի և Եվրոպայի
մշակութային նկարագրերը։ Տարբերությունները որոշ չափով կապված են քրիստոնեության և
իսլամի հետ։ Անշուշտ փաստ է, որ բոլոր մարդկանց հավասարության միտքը հոգևոր ակունք
ունի։ Եվ միայն քրիստոնյա Արևմուտքում է, որ քրիստոնեական և աշխարհիկ
իշխանությունների տարանջատումը շատ վաղուց իրականացել է մեկ հարյուրամյակ տևող
զարգացման ընթացքում։ Իսլամական նկարագիր ունեցող Թուրքիայում այդ տարանջատումը
իրագործվել է միայն 20-րդ դարում, և այն էլ հիմնականում պետական բռնության միջոցով։
Զինվորականությունն այնտեղ հանդես է գալիս որպես իշխանության լծակ, որն
աշխարհականացումն ապահովում է հարկադրանքի միջոցներով։ Արևմտյան ժողովրդավարության
մեջ անհնար է նման բան պատկերացնել։ Քանի դեռ զինվորականությունը քաղաքական
գործառույթ է իրականացնում, ինչը Թուրքիայում Քեմալ Աթաթուրքից ի վեր առկա է,
Թուրքիան հեռու կմնա արևմտյան ժողովրդավարությունից։

Քաղաքական մշակույթում առկա տարբերություններին գումարվում են նաև տնտեսականը և
սոցիալականը։ Թուրքիայում մեկ անձի միջին եկամուտը կազմում է ԵՄ-ի՝ մեկ անձի միջին
եկամտի 22 տոկոսը՝ շատ ավելի քիչ, քան որևէ այլ անդամակցության թեկնածու երկրում։
Համապատասխանաբար բարձր են լինելու նաև Թուրքիայի համար ԵՄ-ի կողմից կատարվող
ծախսերը, ընդ որում Գերմանիան պետք է կրի այդ ծախսերի մոտավորապես մեկ քառորդը։
Բնակչության աճի բարձր տեմպերը նկատի առնելիս պարզ կլինի, որ Թուրքիան մի քանի
տարում ԵՄ-ի ամենամեծ անդամ պետությունն է լինելու։ Թուրքիայի արագ անդամակցության
կողմնակիցները մատնանշում են այն հանգամանքը, որ Թուրքիան հավաստիացրել է, որ ԵՄ-ին
անդամակցելու դեպքում սկզբնական շրջանում չի պնդի իրեն ազատ երթևեկության իրավունք
հատկացնել։ Որքա՞ն ժամանակ կարող է, սակայն, դա ուժի մեջ լինել։ Եվ արդյոք Թուրքիան
ազատ երթևեկության արգելքը շատ շուտով խտրականություն չի՞ համարի։

Եվրոպական միության նկարագիրը Թուրքիայի անդամակցության հետևանքով դրամատիկ կերպով
կփոխվի։ Հավանաբար ԵՄ-ն որպես տնտեսական ընկերակցություն և պետությունների մի թույլ
միություն ապագայում դեռ կգոյատևի, սակայն քաղաքական միության ծրագիրը մատնվելու է
բախտի քմահաճույքին։ Եվրոպականության գաղափարը մեռնելու է։ Դրա հետևանքները
հասկանալու համար հարկ չկա տրվել պատրանքների։ Մի Եվրոպա, որն իր սեփական
ինքնության որևէ զգացում չի կարող ունենալ, դարձյալ անձնատուր կլինի
ազգայնականությանը։ Ազգայնականությունը բավարարում է ինքնության պահանջները։ Բայց
նա դա մի այնպիսի եղանակով կանի, որը ավերիչ կլինի Եվրոպայի համար։

Բանը չպետք է այդքան հեռուն գնա։ ԵՄ-ն դեռ կարող է հեռանալ սխալ ճանապարհից, որը նա
ընտրել է 1999 թ. դեկտեմբերին, երբ Թուրքիային հատկացրեց անդամության թեկնածուի
կարգավիճակը։ Նա կարող է Անկարային մի արտոնյան գործընկերություն առաջարկել,
պայմանագրային կարգով համաձայնեցված սերտ համագործակցություն այն բոլոր
բնագավառներում, որտեղ համատեղ շահեր կան, օրինակի համար, պաշտպանության
բնագավառում։ Նման կապվածությունը երկու կողմերից ոչ մեկին չի ծանրաբեռնի՝ ոչ
քաղաքական, ոչ մշակութային և ոչ էլ էմոցիոնալ առումով։

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը միայն տեխֆոկրատյան և ռազմաստրատեգիական
նպատակահարմարության տեսանկյուններից է չափազանց երկար մեկնաբանվել։ Դա, սակայն,
պատմական նշանակություն ունեցող մի պրոբլեմ է։ Թուրքիայի և Եվրոպայի ապագա
փոխառնչության խնդիրը չի կարելի վճռել առանց նկատի առնելու Եվրոպայի պատմությունը և
ապագան։

Շարունակելի...