NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Հայտարարությունը
2007թ-ի փետրվարի 19-ին ՀՀ Զինվորական դատախազության հատուկ կարևոր գործերով քննիչ Վ. Սմբատյանը, վերանայելով իր վարույթում քննվող թիվ 90800104 քրեական գործի նյութերը /»Մատաղիսի գործ»/ որոշում է ընդունել Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի նկատմամբ որպես գործով մեղադրյալ խափանման միջոց ընտրել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Հատուկ կարևորագույն գործերով քննիչ Վ.Սմբատյանը որոշում կայացնելիս հիմնվել է այն «պարզաբանման» վրա, որը ՀՀ Վճռաբեկ դատարանը 2006թ-ի դեկտեմբերի 22-ին համարել է կասկածելի՝ գործը ուղարկելով նոր նախաքննության:
Այսինքն, ՀՀ Զինդատախազությունը, հանձինս քննիչ Վ.Սմբատյանի, ամենևին նպատակ չունի հաշվի առնել ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը և վերստին շարունակում է պնդել իր կողմից նախկինում «սարքած» գործը: Միայն իրավական աբսուրդ կարելի է անվանել սպանության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ արպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին կիրառումը:
Սույն վարքագիծը լիովին տեղավորվում է վերջերս ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ, նախկին ՀՀ Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հոխորտանքը դատավորների նկատմամբ, որը հանդիսանում է ահաբեկում և ճնշում դատական իշխանության նկատմամբ:
Վերը շարադրվածը վերստին վկայում է, որ փոխանակ կատարելու ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը,
1.
ստուգելու Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի նկատմամբ բռնություններ կատարելու, նրանց խոշտանգումների ենթարկելու փաստը, որն իրականացրել են ՀՀ Զինդատախազության քննիչները
2.
քննության առնելու սպանության այլ վարկածները՝ մասնավորապես «կամբատ» Իվանի և «զամպալիտ» Մայիլյանի սպանությանը մասնակից լինելու մասին գործով անցնող վկաների ուղղակի ցուցմունքները,
ՀՀ Զինդատախազությունը փաստորեն զբաղված է իրական հանցագործներին թաքցնելու և իր աշխատակիցների անօրինականությունները կոծկելով:
Գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, հանձինս ՀՀ Զինդատախազության ՀԿԳ քննիչ Սմբատյանի, շարունակում է կոպտորեն ոտնահարել և խախտել Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի արդար դատաքննության իրավունքը, որը սահմանված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներով:
Սույն հայտարարությամբ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից «Մատաղիսի» գործի նոր նախաքննությունը վերցնել Զինդատախազության վարույթից և հանձնել դատախազության այլ խմբի:
