NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բոլորն ընդդեմ մեկ ազատամարտիկի
Ուջան գյուղի բնակիչներ Տարոն, Թաթուլ, Մարզպետ, Ռշտուն, Ասատուր Հակոբյան եղբայրներից չորսը (բացի Ասատուրից) ազատամարտիկներ են: Ազատամարտիկ Տարոն Հակոբյանը փետրվարի 5-ից կալանքի տակ է «Սասուն 33» ՍՊԸ-ի գույքն ու շինությունները այրելու համար: Պատմությունը բավական ցավալի նախապատմություն ունի:

Տարոն Հակոբյանն ունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը եւ արդեն մի քանի տարի է, ինչ առանց բիզնես ծավալելու իրավունքի, ընտանիքով ապրում է «Սասուն 33» ՍՊԸ-ում: «Սասուն 33»-ը Ուջան գյուղի մոտակա կանաչ բարձունքներից մեկի գագաթին գտնվող պանդոկ է, հարակից մոտ 2000 քմ հողով: Հենց «Սասուն 33»-ի այս գրավչությունն էլ դարձել է Տարոն Հակոբյանի ողբերգությունը: Նախ Արագածոտնի դաշնակցական մարզպետ Հրայր Կարապետյանի օրոք սկսվել, հետո նույն մարզի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի օրոք շարունակվել է պանդոկը վաճառելու գործը: Քանի որ պանդոկի վրա աչք է դրել եւ անօրեն ձեւով սեփականատեր դարձել սփյուռքից դաշնակցական Վարդգես Հակոբյանը, Տարոն Հակոբյանը հակված է ենթադրել, որ դաշնակցության մատը խառն է ողջ շիլաշփոթում: Տարոն Հակոբյանի դիմումի համաձայն, դատախազության անցկացրած ուսումնասիրությունը պարզել է, որ «Սասուն 33» ՍՊԸ-ի աճուրդ-վաճառքի մեջ քիչ չեն անօրինությունները: Մեջբերենք` «հարկադիր կատարող Արտակ Առաքելյանը, լինելով պաշտոնատար անձ, շահադիտական եւ անձնական այլ դրդումներով, ենթարկվելով բաժնի պետի անօրինական պահանջներին, ստորագրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր եւ դրանք ներկայացրել նոտարական վավերացման, այսինքն կատարել արարքներ նախատեսված ՀՀ քրօրի 314 հոդվածով»: Արտակ Առաքելյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է Հայաստանի երրորդ հանրապետության 15 ամյակի առթիվ հայտարարված համաներմամբ: Իսկ Աշտարակի պետական նոտար Գագիկ Հակոբյանին անգամ նախատիքի խոսք չեն ասել: Մինչդեռ արժեր: Հենց նա է, որ գրանցամատյանում 252 համարի տակ նախ գրանցել է, որ տարածքը 481 քմ է եւ վաճառվել է 3 641 655 դրամով, իսկ հետո նույն` 252 համարի տակ գրանցել, թե տարածքը 880 քմ է ու վաճառվել է նշված գնով:
Տուժած Տարոն Հակոբյանին քաղհայցի իրավունք է վերապահվել: Այստեղ էլ մարզի առաջին ատյանի դատարանն ու ՀՀ վճռաբեկ դատարանն են գործին խառնվել: 2006 թվականի սեպտեմբերի դիմելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանին, Տարոն Հակոբյանը տեղեկացնում է, որ 55 օրում արդեն 7-րդ անգամ է դիմում, սակայն գրասենյակից հայտնում են, թե ոչինչ չգիտեն` գործը դատավորի մոտ է: Այս դիմումից հետո Տարոն Մարգարյանին, դիմումի օրվանից 50 օր առաջվա ամսաթվով տեղեկացնում են, թե վճռաբեկ բողոքը մերժվել է: Տարոն Հակոբյանը փորձել է հասնել դատավորների կարգապահական տույժի, դիմել է եւ գլխավոր դատախազին եւ արդարադատության նախարարին: Չի հաջողել: Քանի որ եւ նոտարական եւ հարկադիր կատարման ծառայությունները արդարադատության նախարարության համակարգում են եւ արդարադատության նախարարն էլ ցանկության դեպքում կարող է անկարգ դատավորներին կարգապահական տույժին ենթարկելու հարցին ընթացք տալ, բայց չի արել, Հակոբյան եղբայրները ենթադրում են, որ արդարադատության նախարարը փորձում է կոծկել իր ղեկավարած ոլորտում տիրող ապօրինությունները:
Ստեղծվել է մի վիճակ. երբ Տարոն Հակոբյանը ունի տարածքը զբաղեցնելու իրավունք, սակայն նրան անընդհատ ահաբեկում են: Ի դեպ, ահաբեկելու փորձեր են արել ոչ միայն նշված կառույցներն իրենց ոչ այնքան ճիշտ պահվածքով, այլ նաեւ ջիփավոր անհայտ անձիք, եւ ոստիկանության աշխատողները` ոստիկանապետ Կարո Կարապետյանի ղեկավարությամբ եւ հարկադիր կատարողները: Մեկ անգամ` 2006 թվականի հուլիսին ծեծկռտուք է եղել, Տարոն Հակոբյանի ընկերների մի մասը մի քանի օր անցկացրել է ոստիկանությունում: Իսկ ահաբեկման վերջին փորձը եղել է «Սասուն 33» այրելու օրվան նախորդած գիշերը` երեք ջիփավորներ Տարոն Հակոբյանի մահն են «կանխատեսել», եթե նա 12 ժամում չլքի ՍՊԸ տարածքը: Տարոն Հակոբյանն էլ տարածքը լքել է եւ այրել: Նրան հասցրեցին այդ վիճակին, մեր արդարադատության համակարգը նրան հանցագործ է սարքում, մեզ հետ զրույցում հայտարարեցին Տարոն Հակոբյանի եղբայրները:
Տարոն Հակոբյանի կալանավորումն էլ սակայն դեռ գործի վերջը չէ: Աճուրդ վաճառքի արդյունքում 4 միլիոն դրամից քիչ գնահատված գույքը այրելու համար քննիչ Գագիկ Առաքելյանը քրեական գործում արձանագրել է, որ Տարոն Հակոբյանը 42 միլիոն դրամի վնաս է տվել: Այս ամենից ճարահատ, հայկական արդարադատությունից հույսները վերջնականապես կորցրած Տարոն Հակոբյանի հարազատները դիմում են միջազգային կառույցներին եւ Հայաստանում գործող դեսպանատներին` գործի արդար քննությանը եւ թափանցիկ դատաքննությանը հասնելու հարցում օգնության ակնկալիքով:
