Հայտնի է նաեւ «Ժառանգության» համամասնական ցուցակը

Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը մարտի 2-ին հրապարակել է եւ
կուսակցության համամասնական ցուցակը եւ տարածել մի հռչակագիր: Հռչակագրում ասվում
է.

«1991 թվականից ի վեր իր անկախությունը վերագտած Հայաստանը այսօր հայտնվել է
բախտորոշ նոր երկընտրանքի առջեւ` կամ դառնալ իր երկրի ազատ ու արժանապատիվ
քաղաքացու օրրանը, կամ շարունակելով վերջին տարիների ապօրինություններն ու
անարդյունավետ կառավարումը, վերածվել անհեռանկար տարածքի: Ընտրության իրավունքը
մերն է, եւ ճիշտ ընտրությունը բոլորիս կտանի դեպի հպարտ եւ բարեկեցիկ երկրի
որակապես նոր հանգրվան, որտեղ`

  • Քաղաքացին պետության առաջնային արժեքն ու անկյունաքարն է:
  • Պետականությունը քաղաքացիական ու ազգային հարատեւման երաշխիքն է, իսկ
    իշխանությունն իր տարանջատ ճյուղերով` ժողովրդի սահմանադրական հանձնակատարը:
  • Խորհրդարանը քաղաքացիների քաղաքական հավաքականության հայելին է, որը ձեւավորվում
    է արդարորեն` ժողովրդի կամոք, գործում է հրապարակայնորեն ու հաշվետու, ուստիեւ
    բարձր վստահություն է վայելում:
  • Զանգվածային տեղեկատվության միջոցները հանրային անկախ հսկիչ են, զերծ
    գրաքննությունից ու ցանկացած ճնշումներից:

Այդպիսի Հայաստանում պետությունը ներհյուսված է քաղաքացու մեջ, քաղաքացին`
պետության: Այդպիսի պետությունն ազատ ազգերի աշխարհում ճանաչվում է իբրեւ լիիրավ,
ինքնիշխան, հարգանքի արժանի ու պաշտպանված:

Մեր հավատո հանգանակն է`

  • ազգի շահ,
  • իրավունքի իշխանություն,

քաղաքացու պետություն»:

Դրված նպատակին հասնելու համար «Ժառանգությունը» մտադիր անել հետեւյալը:

  • Մեր ուղերձը հասցնել ամենուր եւ բոլորին, զինվորագրել հիասթափվածներին ու
    չհիասթափվածներին, օտարվածներին ու չօտարվածներին, մեկուսացրածներին ու
    ինքնամեկուսացածներին` հանուրին:
  • Արթնացնել հավատը սեփական ուժերի ու Հայաստանի ապագայի նկատմամբ:
  • Համախմբված պայքարել վախի, անօրինականության եւ ամենաթողության, հիասթափության ու
    անտարբերության դեմ` հանուն արդար ընտրությունների:
  • Ժողովրդավարական գործընթացների ծավալման եւ, հատկապես, մարդավայել
    ընտրությունների անցկացման համար ստեղծել առողջ, մասնակցային մթնոլորտ` ապահովելով
    ազատ ու արդար ընտրություն կատարելու նախադրյալներ, այլ ոչ թե պարտադրանքի ու
    սպառնալիքների իրադրություն:
  • Եվ վերջապես` հարգել միմյանց, հավատալ մեր անհատական կամքին ու հավաքական
    հաղթանակին, տեր կանգնել իղձերի ու ազատության առհավատչյա մեԲր Հայրենիքին:

Մենք վճռակամ ենք հաղթելու խորհրդարանական ընտրություններում եւ հանրապետության այլ
ժողովրդավարական ուժերի հետ միասին ձեւավորելու իշխանության միակ աղբյուրի`
ժողովրդի վստահությունը վայելող ազգային կառավարություն` արդեն այս տարի հասնելով
երկրում համակարգային փոփոխությունների:Միասնական եւ ազատ երկրի արարումն ի կատար
ենք ածելու այսօրվանից եւ միասին: Հանուն Հավատի եւ Հայրենիքի»:

Կուսակցության համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում Րաֆֆի Հովհաննիսյանն է,
երկրորդում` ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Ցուցակում
են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած ռազմավարական հետազոտությունների կենտրոնի
փորձագետ Ստեփան Սաֆարյանը, հոկտեմբերի 27-ին զոհված Յուրի Բախշյանի կինը` Անահիտ
Բախշյանը, «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության անդամ
Սամվել Հարությունյանը: