NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Որտե՞ղ փնտրել գաղափարախոսությունը. կույրերը առաջնորդում են կույրերին
Հայաստանում ծավալված նախընտրական արշավը, ի թիվ այլ հանգամանքների, բացահայտել է մի հետաքրքիր կողմ: Ավելի ու ավելի շատ է խոսվում գաղափարական պայքարի բացակայության եւ քաղաքական պայքարի գաղափարազուրկ տեխնոլոգիաների հաղթարշավի մասին: Առաջին հայացքից, առավելապես իշխանամետ կուսակցությունների պրակտիկայում նկատվող մարդասիրական օգնության ձեւով տրվող ընտրակաշառքի ալիքի պոռթկումը հաստատում է այդ կարծիքը: Շատերը հանգում են այն համոզմունքին, որ հասարակության վրա ազդելու որեւէ այլ մեխանիզմ արդյունավետ չէ: Այստեղից էլ հետեւություն է արվում, թե իշխանության համար պայքարի ներկայիս գործընթացներում քաղաքական կուսակցությունները տեղ չունեն:
Քանի որ հասարակությունը մեծ մասամբ տրվում է ընտրակաշառքին, դժվար չէ ընկնել անզորության զգացումի մեջ, եւ ավելի է խորանում կարծիքը, թե այս ամենի մեղավորը հասարակության ապագաղափարականացվածությունն է եւ համախմբող գաղափարների բացակայությունը: Դատելով Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրի տրամադրություններից, քաղաքական ընտրախավը համակվել է այդ զգացումով: Ամեն ինչում տեսնում են համընդհանուր ապագաղափարականություն, իսկ քաղաքական ողջ ակտիվությունը հանգում է զանազան խմբերի քաոսային պայքարին: Որեւէ այլ տրամաբանություն երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում չեն նկատում:
Այսպիսի վիճակը, մեր կարծիքով, կապված է ոչ այնքան արդյունավետ գաղափարների, որքան տեղի ունեցող գործընթացների գնահատականի սանդղակի բացակայության հետ, մասնավորապես` քաղաքական գործընթացներում առկա գաղափարների գնահատականի բացակայության հետ: Այսինքն, ոչ թե գաղափարների բացակայությունն է արմատացած անզորության պատճառը, այլ` դրանք գնահատելու ունակության բացակայությունը: Օրինակ կարող է լինել թեկուզ իշխող Հանրապետական կուսակցության, որ իրեն համարում է Նժդեհի գաղափարախոսության կրողը, գաղափարական բազայի շուրջ բանավեճը: Այս բանավեճում կուսակցության եւ նրա գաղափարախոսության էության գնահատականներում ռացիոնալիզմ չի նկատվում:
Ոմանք կարծում են, թե այլասերված է ինքնին գաղափարախոսությունը, որով զինվել է այդ կուսակցությունը, մյուսները` թե սովորական կլանային-քրեական խմբավորումը քողարկվում է նշանավոր զորավարի գաղափարներով: Եւ քչերն են կարծում, որ այդ գործող քաղաքական մարմինն իր գաղափարախոսությամբ ընդհանուր ոչինչ չունի հասարակության ու պետության շահերի հետ: Այսինքն, ընկալումը, թե ամեն մի գաղափար չի կարող բազա լինել քաղաքական ուժի եւ նրա ծրագրի ձեւավորման համար, զանգվածային գիտակցության մեջ չկա: Այն հանգամանքը, որ հասարակությանը, որի առջեւ կանգնած է անկախ պետականության կառուցման խնդիրը, պետք է ընդամենը գաղափար, որն ի վիճակի է համախմբել ժողովրդին այդ պետության կառուցման ուղղությամբ, չի գիտակցվում:
Համարվում է, որ պետությունը կարելի է կառուցել ցանկացած գաղափարի բազայի վրա, միայն թե այդ գաղափարը կարողանա համախմբել հասարակությանը եւ հնարավորություն տա որոշել իր քաղաքական առաջնորդներին: Այսինքն, գաղափար է համարվում այն, ինչ ի վիճակի է «բարձրացնել» հասարակությանը: Հենց այստեղ է հայկական քաղաքական ընտրախավի պերմանենտ ձախողումների պատճառը. Հայաստանի հասարակությունը, պարզապես, երես է դարձրել այդ ընտրախավից եւ հրաժարվել իր առանցքային քաղաքական գործառույթից` ազգային իշխանության ձեւավորումից: Իսկ այս խնդիրը դարձել է զանազան ազդեցիկ խմբավորումների առանձնաշնորհը:
Հայաստանում գործերի նման վիճակը չի կարող փոխվել այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական ընտրախավը չգա այն ընկալմանը, որ միակ արդյունավետ գաղափարը հենց պետականության գաղափարն է. պետականության կառուցման համար այլ օգտակար գաղափարներ պարզապես գոյություն չունեն: Սակայն կարող է հարց առաջանալ` շատ քաղաքական ուժեր տարիներ շարունակ պնդում են այս ճշմարտությունը, բայց որեւէ արձագանք չկա: Ավելին, այդ ուժերը մարգինալանում են հասարակության մեջ եւ քաղաքական կյանքում: Պատասխանը պարզ է` հասարակության եւ քաղաքական ընտրախավի մեջ բացակայում է գաղափարների գնահատման սանդղակը: Բացակայում է, որովհետեւ չկա ընկալումը, որ այդ սանդղակը կարող է լինել միայն երկրի Սահմանադրությունը:
Դե իսկ եթե հասարակությունը հայտարարել է, որ իր խնդիրը սահմանադրական պետություն կառուցելն է, առաջին հերթին պետք է գիտակցեր այդպիսի հայտարարության էությունը: Իրականում Հայաստանում հասարակության ռազմավարական խնդիրը դիտվում է հայտարարված խնդրի էությունից կտրված: Համախմբող գաղափարների փնտրտուքն ընթանում է «գեղեցիկ» եւ «արդար» գաղափարախոսությունների հարթությունում, իսկ քաղաքական ակտիվությունը հանգում է գաղափարախոսությունների պերմանենտ փնտրտուքին, բայց իրականում` հասարակությանը համոզելու ցանկությանը` թե այս կամ այն ուժն է իսկական գաղափարախոսության կրողը: Այսինքն, սեղանին դրված գաղափարը ոչ մեկին չի հետաքրքրում: Քանի որ նրանում չի դիտվում «փրկության» գաղափարը միֆականացված հասկացողությամբ:
Որ փրկությունը թաքնված է դեպի լայնածավալ սահմանադրական պետություն շարժման մեջ, քչերն են լուրջ ընդունում: Առավել եւս անլուրջ է ընկալվում այն հանգամանքը, որ հենց այդ շարժումն է հասարակության միակ նպատակը: Իրականում վերացական արդարության փնտրտուք է մեկ պատմական խնդիրների ոլորտում, մեկ այս կամ այն «ժողովրդական ձգտման» կերպարներում: Հայաստանում մինչ օրս չի գիտակցվում, որ մեր երկրում հասարակության եւ իշխանության սահմանադրական կառուցվածքի բացակայությունն է առանցքային պատճառը մեր բոլոր անհաջողությունների եւ մարդկանց հոգում ձեւավորված անարդարության զգացումի: Համապատասխանաբար ոչ ռացիոնալ գնահատական է տրվում հասարակության ռազմավարական, քաղաքական գործառույթին` ընտրությունների մկջոցով իշխանությունների ձեւավորում, քանի որ դա է պահանջում Սահմանադրությունը: Պարզվում է, իր այս սրբազան (ըստ Սահմանադրության) գործառույթը իրականացնելիս հասարակությունը հայտնվեց առասպելաբանության եւ միստիկայի ճիրաններում, ինչը շեղում է մարդկանց դեպի «գաղափարախոսության» մշտական որոնումներ, իսկ իրականում նետում անվերջանալի անօրինության եւ անբարո դեմագոգիայի գիրկը:
Այս պայմաններում դժվար է հասկանալ, որ առանց իշխանություն ձեւավորելու ընտրական մեխանիզմների արմատավորման անհնար է շարունակել պետականություն կառուցել: Ցանկացած, նույնիսկ ամենա «ժողովրդի սիրելի» քաղաքական ուժը, ում գաղափարախոսությունը չի ենթադրում սահմանադրության դրույթների կյանքի կոչում, ունակ է երկրում արմատավորել միայն ամենաթողությունը: Եվ պատահական չէ, որ պետականության շինարարության ճանապարհին մեր անհաջողությունների գլխավոր պատճառը թաքնված է ընտրությունները կեղծելու արատավոր գործելակերպից շատ ուժերի հրաժարվելու չկամության տակ: Ավելին, անգամ կատարված ընտրությունը երկրի վիճակի փոփոխության երաշխիք չէ: Քանի որ այդ ընտրությունը չի կարող իրականացվել սահմանադրական հիմքով: Իսկ ընտրության ցանկացած այլ սանդղակ հասարակությանը հեռացնում է կառուցողականությունից:
Հայաստանի քաղաքական ուժերը ամբողջությամբ չեն գիտակցում այն հանգամանքը, որ հասարակությանը ընտրությունների մասնակցելու կոչելու համար անհրաժեշտ է հասարակությանը համոզել իր կյանքում այս ֆենոմենի ռազմավարական կարեւորությունը: Իսկ դա կարելի է անել միայն այնժամ, երբ քաղաքական գործիչներն իրենք հասկանան սահմանադրական պետության մշակույթը եւ ցանկացած ժամանակակից ժողովրդի համար նման պետության ռազմավարական իմաստը: Բայց սա հասկանալն էլ բավարար չէ. այս նպատակին հասնելը ենթադրում է հասարակության հետեւողական քայլեր` մեր երկրում տարիների ընթացքում կառուցված իշխանությունների ձեւավորման ընտրական մեխանիզմը կաթվածահար անող լծակների ապամոնտաժման ուղիով: Իսկ ապօրինի պետք է հայտարարվի ամեն բան, ինչը չի համապատասպանում օրենքին:
Ճշտի ու ոչ ճշտի, արդարի եւ անարդարի միակ չափորոշիչը պետք է լինի օրենքը: Ազգային իրականության մնացած բոլոր սանդղակները պետք է չեղյալ հայտարարվեն: Այս իրողությունը չկա հայկական ներկայիս քաղաքականությունում: Իսկ եթե սա չկա, ապա մնացած բոլորը չեն կարող մեզ առաջընթացի բերել:
