NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փորձի փոխանակումն առայժմ դառնում է տարակարծությունների պատճառ
Հայաստանի 2007 թվականի ընտրություններն աչքի են ընկնում մի քանի առանձնահատկությամբ: Դրանք հիմնականում ունեն ներքաղաքական բնույթ, բայց կան նաեւ արտաքին աշխարհից եկող առանձնահատկություններ: Համենայն դեպս զուտ հայտարարությունների առումով միջազգային հանրությունը այս անգամ խոստանում է լինել շատ ավելի հետեւողական եւ շատ ավելի խստապահանջ, որպեսզի Հայաստանի խորհրդարանի ընտրությունն անցնի միջազգային չափանիշներին համապատասխան: «Հայաստանի խորհրդարանի ընտրությունները դառնալու են այն «լակմուսի թուղթը», որով որոշվելու են Եվրամիության եւ Հայաստանի հետագա հարաբերությունները, մարտի 27-ին կայացած «Ազատ եւ արդար ընտրությունները որպես ժողովրդավարության հիմք» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռենատե Հայկե Փայջը: Սեմինարը կազմակերպվել էր անցնող շաբաթ: Պետք է նկատել, նա բացառություն չէր: Երեւանում անցած յոթ օրերի ընթացքում կազմակերպվել էին շատ միջոցառումներ, որոնց կազմակերպիչը կամ եվրոպական կառույցներն էին, կամ էլ նրանք աջակցել էին կազմակերպիչներին: Այդ սեմինարների նպատակը Հայաստանի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին ժողովրդավարական ընտրության դասեր տալն է, միջազգային փորձին ծանոթացնելը: Այդ սեմինարները տեղի էին ունենում նաեւ նախորդ ընտրություններից առաջ, բայց երեւի թե ոչ բավարար հաճախականությամբ եւ ծավալով, որ նպաստեին ընտրական գործընթացների մասնակիցների քաղաքացիական եւ իրավական գիտակցության մակարդակի բարձրացմանը: Թերեւս դա է պատճառը, որ 2007 թվականի ընտրության համար թե Եվրամիությունը, թե ԱՄՆ եւ թե միջազգային այլ կառույցները, որոնք հետաքրքրված են Հայաստանի ընտրական գործընթացի որակով, որոշեցին ավելի շատ փող հատկացնել այդօրինակ միջոցառումներին: Դա էլ մեր 2007 թվականի ընտրական տարվա առանձնահատկություններից մեկն է, որ գալիս է արտաքին աշխարհից:
Վերը նշված սեմինարի ընթացքում Գերմանիայի դեսպանը հայտարարել էր, թե Եվրամիությունը հույս ունի, որ Հայաստանի քվեարկությունը կանցնի ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների բյուրոյի չափանիշներին համապատասխան: Գերմանացի դիվանագետը նաեւ ասել էր, ընդգծել, որ Հայաստանն առաջին երկիրն է, ուր ընտրություն է տեղի ունենում Եվրամիության Նոր Հարեւանության ծրագրի ստորագրումից հետո: Իսկ այդ ծրագիրը ենթադրում է շարունակականություն միայն ու միայն կոնկրետ չափանիշների բավարարման դեպքում, որոնց թվում է նաեւ ժողովրդավարական ընտրության անցկացումը: Այդ առումով էլ դեսպան Ռենատե Հայկե Փայջը հայտարարել էր, որ Նոր հարեւանության ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար, եւ դրա շարունակությունը կախված է ընտրական գործընթացից: Դեսպանը նշել է, որ Եվրամիությունը ցանկանում է ընտրությունների ժամանակ ապահոված տեսնել մարդու իրավունքների պաշտպանությունը, որ ընտրական հանձնաժողովները իրենց պարտականությունները կատարեն պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, իսկ խախտումների դեպքում խախտողները օրենքով սահմանված պատիժը կրեն: ԵՄ-ում վստահ են, որ Հայաստանը ունի ազատ, թափանցիկ ընտրություններ անցկացնելու հնարավորություն, սակայն պետք է նաեւ իշխանությունների քաղաքական կամքը:
Անցնող շաբաթվա ընթացքում թեմային է անդրադարձել նաեւ Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Նա ասել է, թե միջազգային չափանիշին համապատասխան ընտրության դեպքում Հայաստանը նոր հնարավորություններ կստանա Եվրաինտեգրացիայի ճանապարհին:
Սակայն եվրոպացի փորձագետների, դիվանագետների եւ այլ պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի ընտրական գործընթացի մասնակիցները ընկալում են տարբեր կերպ: Շատերը նույնիսկ դրանց մեջ նկատում են նույնիսկ մտահոգիչ տարրեր: Օրինակ, Երեւանում նախորդ շաբաթ տեղի ունեցած սեմինարներին եւ դրանցում հնչած արտահայտություններին բավական արագ արձագանք կատարեց «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» կազմակերպության ղեկավար Ռուբեն Թորոսյանը, ում կազմակերպությանը Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը մերժել էր գրանցել 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Ռուբեն Թորոսյանը, որ նաեւ համակարգում է ընտրական գործընթացի օրինականությունը վերահսկող հանձնախմբի աշխատանքը, արձագանքել էր Գերմանիայի դեսպան Ռենատե Հայկե Փայջի արտահայտությանը, որ հնչել էր սեմինարներից մեկի ընթացքում: «Մեծարգո Տիկին Դեսպան, Հայաստանի Ազգային Ժողովի 2007 թվականի ընտրական գործընթացները տեղի են ունենում բազմաթիվ խախտումներով, որոնց հետեւանքները էական ազդեցություն կարող են ունենալ քվեարկության արդյունքների վրա: Ոչ մի օտարերկրյա կամ միջազգային շահագրգիռ կազմակերպություն առ այսօր չի անդրադարձել այդ խնդիրներին», իր նամակում փաստում է Ռուբեն Թորոսյանը, անդրադառնալով դեսպանի հայտարարությանը: Իրավապաշտպանը նկատում է, որ դեսպանը կարեւոր է համարել «քվեարկության» պարագան, մինչդեռ ընտրական գործընթացը շատ ավելի լայն հասկացություն է եւ շատ հաճախ քվեարկությունը արտահայտում է ընտրական գործընթացի որակը:
«Ձեզ չէ, որ պետք է բացատրվի ընտրական գործընթացների իմաստն ու նշանակութունը սկսած նրանց նշանակման օրվանից, սակայն, Հայաստանի ԶԼՄ-ներում տարածված Ձեր հայտարարությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, մասնավորապես` «Եվրամիությունը հույս ունի, որ Հայաստանում քվեարկությունը կանցնի ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների բյուրոյի չափանիշներին համապատասխան»: Ստացվում է, որ Ձեր այս հայտարարությամբ ամրապնդվում են տպավորություններն այն մասին, որ միջազգային որոշ կազմակերպությունների համար ընտրական գործընթացների օրինականությունը կարեւոր չէ` կարեւորը քվեարկության օրինականության ապահովման ցուցադրական ձեւականությունն է», ասում է Ռուբեն Թորոսյանը: Ըստ նրա, եթե Եվրոպացի պաշտոնյաները որդեգրում են այդ մոտեցումը, ապա կարող են ոչ թե նպաստել, այլ ձախողել Հայաստանի ընտրության արդարության հեռանկարը:
Այդ ամենն ակնհայտ է դարձնում, որ Հայաստանի փորձագետների ու Եվրոպացի պաշտոնյաների ընկալումները ընտրության վերաբերյալ խիստ տարբեր էր, ինչի պատճառը թերեւս իրականությունների տարբերությունն է` Հայաստանի եւ Եվրոպայի: Թե որքանով մոտեցումների ընդհանրությանը կնպաստեն կազմակերպվող սեմինարները, ցույց կտա ժամանակը, որը սակայն առայժմ ցույց է տալիս սեմինարների միջոցով ի հայտ եկող տարընկալումները:
