NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայ և ադրբեջանցի քաղաքագետների համաժողով. Ղարաբաղյան կարգավորումը` ժողովրդավարացման միջոցով
Մարտի 16-ից 18-ը Գերմանիայի Մանհայմ քաղաքում տեղի ունեցած երիտասարդ հայ և ադրբեջանցի քաղաքագետների համաժողովը նվիրված էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին: Շուրջ 40 հայ, ադրբեջանցի և գերմանացի մասնակիցների կողմից երկօրյա քննարկումների ընթացքում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բազմաթիվ հետաքրքիր և նոր տեսակետներ հնչեցին: Ինչպես իր խոսքում նշեց գերմանացի պրոֆեսոր Էգբերտ Յանը, նրան հաճելիորեն զարմացրել են հայ և ադրբեջանցի մասնակիցների նման կառուցողական և փաստարկված քննարկումները:

Առաջին նիստում դոկտոր Վահրամ Սողոմոնյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և բնութագրեց առաջիկա ընտրությունների հետ կապված կուսակցական դաշտի վերադասավորումները` ընդգծելով, որ Ղարաբաղի անկախության իրավունքի ճանաչումն այլևս դիտվում է Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդավարացման ենթատեքստում: Նա մանրամասն ներկայացրեց Հայաստանի և Ղարաբաղի քաղաքական ու տնտեսական փոխկապակցված կառույցները, որոնք զարգացել և ինստիտուցիոնալ տեսք են ստացել անկախության տարիների ընթացքում: Ադրբեջանցի դոկտորանտ Ազեր Բաբաեվն իր զեկույցում մանրամասնեց Ադրբեջանում 2003 և 2005 թվականների ընտրությունների հետ կապված ներքաղաքական անկայունության գործոններն ու իշխանական վերնախավի կողմից վարվող քաղաքականության բնորոշ գծերը:
Երկրորդ նիստում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանատների ներկայացուցիչներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-իրավական դիրքորոշումներին: Դրանց միջև առկա որոշ սկզբունքային տարբերությունները աշխույժ և զգացմունքային քննարկումների պատճառ դարձան: Աշոտ Սմբատյանի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պատմական ու քաղաքական հիմքերի մասին և դոկտոր Ռիզվան Նաբիեվի Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ ունեցած հավակնությունների մասին ելույթներում հնչած փաստարկների արժանացան մասնակիցների քննադատական հարցերին: Բնականաբար ամենաշատ տարաձայնություններն առկա էին այս երկու պաշտոնական տեսակետների միջև:
Երեկոյան Կարեն Բաղդասարյանը (ԵՊՀ) խոսեց այն քաղաքական հետևանքների մասին, որոնք առաջացել են Ղարաբաղյան չլուծված հիմնախնդրի արդյունքում: Այնուհետև Իբրահիմ Ահմադովը (Քյոլնի համալսարան) իր ելույթում այն տեսակետն արտահայտեց, որ ադրբեջանական ինքնությունը ներկայումս կառուցվում է ԶԼՄ-ների կողմից ձևավորվող «թշնամու կերպարի» հիման վրա, որի արդյունքում արտաքին թշնամու վտանգի ուռճացման շնորհիվ հնարավոր է դառնում խուսափել ներքին պառակտումներից և համախմբել հասարակությանը:
Հաջորդ օրը պրոֆեսոր Յանը հանդես եկավ Բալկանյան երկրների փորձը Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար կիրառման հնարավորությունների մասին զեկույցով: Մանրամասն վերլուծելով նմանություններն ու տարբերությունները` նա նշեց, որ չնայած անջատման իրավունք որպես այդպիսին գոյություն չունի, սակայն փաստացի եվրոպական բազմաթիվ պետություններ կազմավորվել են հենց անջատման միջոցով: Ղարաբաղի դեպքում առկա են փաստացի անկախության երեք նախադրյալներ, ըստ որոնց առկա է պետական ժողովուրդ, որը պետական իշխանություն է իրականացնում պետական տարածքի սահմաններում: Այդուհանդերձ նա ընդգծեց, որ նման դեպքերում կարևոր է մյուս կողմի` տվյալ պարագայում Ադրբեջանի կողմից ճանաչումը: Որպես որոշակի աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով ձևավորված պետական միավորների ինքնիշխանության իրավական կարգավիճակի ընդունման օրինակներ նա մեջբերեց շատ պետությունների կողմից Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության երկար տարիներ ճանաչված չլինելու փաստը, Արևելյան Թիմորի դեպքը, ինչպես նաև Բալկանյան երկրների անկախացման առանձնահատկությունները: Բանախոսը նաև ուրվագծեց Ղարաբաղի հնարավոր կարգավիճակի մի քանի հեռանկարներ:
Այս շփումներն առիթ տվեցին կազմակերպիչներին ու մասնակիցներին խոսել հետագայում հնարավոր համատեղ ծրագրերի կամ գիտական ուսումնասիրությունների իրականացման մասին: Համաժողովի նյութերը նախատեսվում է հրատարակել:
