NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընտրարշավը մեկնարկում է բռնությամբ ու խախտումներով<p>
Ապրիլի 8-ին պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի խորհրդարանի 2007 թվականի ընտրության նախընտրական քարոզարշավը: Պետք է նկատել, որ այն իրականում սկսվել էր շատ ավելի վաղ, հատկապես իշխանությանը պատկանող ուժերի համար: Ապրիլի 13-ին Ռազմավարական եւ Ազգային հետազոտությունների հայկական Կենտրոնում կազմակերպված սեմինարի ընթացքում Մարդու իրավունքների հարցերով լրագրող եւ փաստահավաք Ժաննա Ալեքսանյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի դիտարկման առաջին զեկույցը, որտեղ հանրագումարվել են հունվարի սկզբից մինչեւ մարտի 12-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում քաղաքական կուսակցությունների` ընտրական օրենսգրքի խախտումներով ծավալած գործունեությունը, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար լիազորված պետական մարմինների չարաշահումները, ընտրությունների ընթացքը մթագնող հանցավոր դրսեւորումները: Դրանք սկսվում են Բարգավաճ Հայաստան եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունների` օրենքի խախտումներով իրականացված քարոզչությունից, քաղաքական բարեգործություններից մինչեւ ապօրինի կերպով ընտրողների անձնագրային տվյալներ հավաքելը, ահաբեկումն ու քրեական հաշվեհարդարները:
Դրանից բացի, ապրիլի 10-ին հրապարակվեց Երեւանի Մամուլի ակումբի անցկացրած մոնիտորինգի հաշվետվությունը, որը վերաբերում էր Հայաստանի յոթ առաջատար հեռուստաընկերությունների նախաքարոզչական ժամանակի հեռուստաեթերին: Ըստ այդմ, հեռուստաեթերի ճնշող մեծամասնությունը տրվել է ՀՀԿ-ին, Բարգավաճ Հայաստանին եւ ՀՅԴ-ին, այսինքն իշխանության թեւի ուժերին: Եթե դրան է գումարվում նաեւ հանգամանքը, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն եղել են այն երկու ուժը, որոնք նախընտրական արշավի պաշտոնական մեկնարկից դեռեւս շաբաթներ առաջ փողոցներում փակցրել են կուսակցական պաստառներ, ապա աներկբա է դառնում, որ իշխանական այդ երկու ուժի համար նախընտրական արշավը, ի հեճուկս օրենքի, սկսվել է պաշտոնական ժամանակահատվածից առնվազն մի քանի շաբաթ առաջ: Դա, շատ իրավապաշտպանների գնահատմամբ, օրենսդրության կոպիտ խախտում է: Եվ գուցե օրենքի հանդեպ այդպիսի վերաբերմունքն է նաեւ պատճառը, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին իսկ օրը նկատվեցին անօրինական գործողություններ եւ բռնություններ: Ապրիլի 7-ին եւ 8-ին, Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում հրդեհվել է պատգամավորության թեկնածու Սուսաննա Հարությունյանին պատկանող ձեռնարկությունը եւ ավտոմատային կրակահերթ է արձակվել պատգամավորության մեկ այլ թեկնածու, Ազգային Ժողովի ներկայիս պատգամավոր Հակոբ Հակոբյանի ավտոմեքենայի վրա: Դրանից մի քանի օր անց, ապրիլի 11-ի գիշերը պայթեցվել են Բարգավաճ Հայաստան կուսակցության Երեւանի երկու գրասենյակ: Որեւէ դեպքի կազմակերպիչ կամ մեղավոր հայտնաբերված չէ: Քաղաքական գրեթե բոլոր ուժերը դատապարտել են կատարվածը: Հետաքրքրական է, որ Բարգավաճ Հայաստանի դեմ կատարվածը դատապարտել են նաեւ Հանրապետության նախագահն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տեղի ունեցածը համարելով ոտնձգություն ազատ ու արդար ընտրական գործընթացի դեմ, իսկ վարչապետ Սերժ Սարգսյանը ԲՀԿ գրասենյակի պայթյունների հեղինակներին համարել է պետության թշնամի: Իսկ ահա Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում կատարվածի կապակցությամբ թե նախագահը, թե ԿԸՀ-ն եւ թե վարչապետը որեւէ դատապարտող հայտարարություն չեն արել:
Իրավապահներին հանձնարարվել է բացահայտել կազմակերպիչներին ու իրականացնողներին: Սակայն քչերն են հավատում, որ այդ հանձնարարականը կիրականացվի: Այդ անվստահության համար հիմք է ոստիկանության անզորությունն ընտրական գործընթացը վարկաբեկող մեկ այլ երեւույթի` այսպես կոչված անձնագրերի հավաքագրման հանդեպ: Նախընտրական արշավից դեռ շատ առաջ սկսված այդ գործընթացը նույնպես շարունակվել է պաշտոնական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում: Քարոզարշավի մեկնարկին այդ մասին ահազանգեց թիվ 5 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Թաթուլ Մանասերյանը: «Ես ասեմ, որ բազմաթիվ այդպիսի լուրեր են ստացվում, թե Արաբկիրում, թե Շենգավիթում: Մարդիկ, չէի ասի համատարած, բայց կան մարդիկ, հատկապես աշխատող զանգվածը, ովքեր զբաղված են հանրօգուտ աշխատանքով, նրանց հորդորում են ուղղակի, բացի այն անձի, կամ անձանց, ում համար հավաքվում են անձնագրերը, այլոց հանկարծ ձայն չտալ: Սպառնալիքներ են հնչում այդ անձանց նկատմամբ, անգամ արգելում են երեւալ բակերում, հանդիպումների ժամանակ, անգամ սպառնալիքներ են տեղում, որ եթե մենք իմանանք, որ դուք այլ անձերի հետ կապ ունենաք, մեզանից չնեղանաք, աշխատանքից կազատենք, եւ այլն, եւ այլն», ասում է Թաթուլ Մանասերյանը:
Պարզվում է, որ ոստիկանությանն անհայտ չէ անձնագրերի հավաքագրման երեւույթը: Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը ապրիլի 9-ին հայտարարել է, որ իրեն էլ հայտնի են այս կամ այն միջոցով ընտրողների անձնագրերը վերցնելու մասին խոսակցություններ: Ալվինա Զաքարյանը նշել է, թե ինքն, օրինակ, լսել է, որ անձնագիրը վերցնում են տվյալ անձին մի քանի հազար դրամ ընտրակաշառք բաժանելով: «Ես չեմ հասկանում, մարդը ոնց կարող է իր անձնագիրը տալ մեկ այլ անձի, թեկուզ հինգ հազար դրամ ընտրակաշառքի դիմաց: Չէ որ այդ անձնագրով տվյալ անձը կարող է մեկ այլ արարք կատարել, որը կբերի շատ ծանր հետեւանքների», ասում է Ալվինա Զաքարյանը: Սակայն ոստիկանության կեցվածքը տարակուսանքից այն կողմ չի անցնում: Համենայն դեպս, անձնագրերը հավաքագրելու մասին տեղեկությունները տարբեր ընտրատեղամասերից շարունակվում են: Ոստիկանությունն իր անգործությունը բացատրում է կոնկրետ փաստերի բացակայությամբ: Իսկ ահա իշխող կուսակցությունը, ՀՀԿ-ն, հայտարարում է, որ անձնագրերի հավաքագրումը դա արջի ծառայություն է, այդպիսով փաստացի հաստատվում է, որ երեւույթն այդուամենայնիվ կա եւ դա գաղտնիք չէ նաեւ իշխող կուսակցության համար, առավել եւս, որ հայտարարության հեղինակը գործադիր մարմնի ներկայացուցիչ է` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Անձնագրերի հավաքումը մենք համարում ենք անընդունելի երեւույթ: Ավելին՝ դա ՀՀԿ դիրքորոշումն է: Եվ չենք բացառում, որ որոշ անձինք տեղերում կարող են իսկապես հանկարծ որոշել մատուցել «արջի ծառայություն»: Սա «արջի ծառայություն» է, որը գնահատական է ստանալու կուսակցական գծով, եւ եթե պարունակի տարրեր, որոնք ենթադրում են այլ ներգործության միջոցներ, ապա ՀՀԿ-ն այդ առումով բաց է եւ պահանջելու է համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ անձանց նկատմամբ», ասել է Դավիթ Հարությունյանը ապրիլի 13-ին Առավոտ օրաթերթին տված հարցազրույցի ընթացքում:
Անձնագրերի հավաքագրման փաստի առկայության, եւ դա հատկապես ՀՀԿ օգտին իրականացնելու հանգամանքի մասին է վկայում նաեւ Դավիթ Հարությունյանի այն խոսքը, որ ընտրությունների օրինականությունը վերահսկող ՀՀԿ շտաբը, որի պատասխանատուն է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, աշխատանք է կատարել անձնագրերի հավաքման վերաբերյալ ահազանգերի կապակցությամբ: «Ուղղակի ներկուսակցական բազմաթիվ խութեր, որոնք ծագել են ներքեւներում ու շտկվել են ՀՀԿ շտաբի գործունեության արդյունքում՝ կարծում եմ, այս պահին բացահայտելն այդքան էլ ճիշտ չի լինի: Մեր նպատակն է հասնել նրան, որ դրանք իսկապես չլինեն», ասել է Դավիթ Հարությունյանը: Իսկ «Առավոտի» թղթակցի հարցին, թե այլ ի՞նչ խախտումներ են քննել՝ պրն Հարությունյանը պատասխանել է. «Մնացածը չեմ բացահայտի: Բայց դրանք քիչ չեն»: Ինչն իհարկե նշանակում է, որ այդուամենայնիվ կան, եւ եթե ՀՀԿ պատասխանատուն հակված է նվազեցնել դրանց թիվը, ապա ընդդիմության դաշտում գործող, կամ անկախ գործունեություն ծավալող իրավապաշտպանները նշում են բազմաթիվ օրինախախտումներ, անգամ ընդգծելով, որ դրանք իշխանությունը կատարում է գրեթե ամեն ժամ:
