NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵԽԽՎ դիտորդները հրապարակեցին իրենց եռօրյա այցի տպավորությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետն ու նրա ղեկավարած առաքելությունը ապրիլի 13-ի երեկոյան հրապարակեցին իրենց եռօրյա այցի տպավորությունները:
«Պատվիրակությունը բարձր է գնահատում Հայաստանի իշխանությունների եւ պատվիրակության հետ հանդիպած բոլոր քաղաքական գործընթացի շահառուների հավաստիացումներն այն մասին, որ նրանք մտադիր են Հայաստանում անցկացնել ընտրություններ, որոնք լիովին կհամապատասխանեն ժողովրդավար ընտրությունների կապակցությամբ ԵԽ չափանիշներին: Այս կապակցությամբ պատվիրակությունը ընդգծում է, որ բոլոր կուսակցությունների եւ շահագրգիռ կողմերի պատասխանատվությունն է հետեւել այն կանոններին, ինչպիսիք պետք է պահպանվեն իսկական ժողովրդավարական գործընթացի պայմաններում: Պատվիրակությունը նաեւ ի գիտություն ընդունեց բարելավված ընտրական օրենսգիրքը, որն ընդհանուր առմամբ համապատասխանում է ԵԽ Վենետիկ հանձնաժողովի փորձագետների վերլուծություններին: Ընտրական այս օրենսգիրքը լավ հիմք է ժողովրդավարական ընտրություն անցկացնելու համար, եթե այն ամբողջությամբ ի կատար ածվի բարեխղճորեն: Պատվիրակությունը ողջունելի է համարում պետական մարմինների գործողություններն` ուղղված կենտրոնացված ընտրացուցակի ստեղծմանը, որը համապատասխանում է խորհրդարանական վեհաժողովից կողմից վաղուց ներկայացված առաջարկություններին:
Այնուհանդերձ, պատվիրակությունը ցանկանում է հիշատակել, որ զրուցակիցներից մի քանիսը մտահոգություն են հայտնել այն մասին, որ ընտրացուցակների ստույգությունը դեռ շատ հեռու է ցանկալի մակարդակից: Ուստի պատվիրակությունը կոչ է անում իշխանություններին շարունակել եւ եթե անհրաժեշտ է` լրացուցիչ թափ հաղորդել բոլոր այն աշխատանքներին, որոնց նպատակն է ապահովել մինչեւ քվեարկության օրը ընտրացուցակների հնարավորինս բարձր ստույգության աստիճանը: Այս առումով պատվիրակությունը ափսոսանքով է նշում, որ Հայաստանում քաղաքական գործընթացի դերակատարների մեծամասնությունը դժկամորեն են վերաբերվել, պատրաստ չեն եղել ներդնել ընտրողների մատների թանաքոտման մեխանիզմ, որը խորհուրդ է տրվել Վենետիկի հանձնաժողովի կողմից եւ որը բազմակի քվեարկությունը կանխելու գործով, կյանքով ապացուցված մեխանիզմ է:
Պատվիրակության մոտ մտահոգություն է առաջացնում պատվիրակության մոտ այն ընդհանուր տպավորությունը, որ ընտրազանգվածի կողմից ընտրական գործընթացի նկատմամբ համաժողովրդական հետաքրքրություն բավարար չափով չի դրսեւորվում: Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը չեն նպաստում անտարբերության, թե չասեմ, հեգնամտության նման վերաբերմունքը: Պատվիրակությունը չկարողացավ, բացառությամբ սակավաթիվ էական դեպքերի, էական տարբերություններ նկատել թեկնածուների կամ հավակնորդ կուսակցությունների քաղաքական ծրագրերի միջեւ: Երեք օրից հետո պատվիրակության մոտ ձեւավորվեց այն տպավորությունը, որ սպասվող ընտրությունը շատերի կողմից համարվում են պայքար քաղաքական էլիտաների միջեւ եւ ոչ գաղափարների եւ սկզբունքների միջեւ: Այս առնչությամբ պատվիրակությունը մտահոգված է, որ մի շարք ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված է ընդամենը մեկ թեկնածու, որը ընտրազանգվածին թույլ չի տալիս տվյալ ընտրատարածքում լիովին ժողովրդավարական ընտրություն կատարել: Պատվիրակությունը ցանկանում է ընդգծել, որ ժողովրդավարական ընտրությունների անցկացման կարեւորագույն նախապայմաններից է քարոզարշավի ժամանակ հավասար խաղի կանոնների ապահովումը, ինչպես նաեւ արտահայտվելու ազատության եւ հավաքների ազատության սկզբունքների պահպանումը: Ուստի պատվիրակությունը մտահոգված է այն անհավասար պայմանների կապակցությամբ, որն այսօր զգում են քաղաքական գործընթացի մասնակիցները եւ որի մասին նշվել է ԵԽ օժանդակությամբ անցկացված ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում: Մենք մեծ եւ խորը ափսոսանքով ենք նշում քաղաքական վճարովի գովազդի դիմաց հեռարձակողների կողմից պահանջվող ահռելի գումարները:
Պատվիրակությանը մտահոգում է այն փաստը, որ երկրից դուրս քվեարկելու հնարավորությունը նոր ընտրական օրենսգրքով վերացվել է եւ գործնականում դա Հայաստանի բնակչության մի զգալի մասին, ովքեր բնակվում են Հայաստանից դուրս, կզրկի ընտրելու իրավունքից: Պատվիրակությունը կտրականապես դատապարտում է վերջին շրջանում Հայաստանի քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի վրա տեղի ունեցած հարձակումները եւ ցանկանում վերստին կրկնել իր դիրքորոշումը, թե ժողովրդավար հասարակության մեջ բռնության եւ ահաբեկման համար տեղ չկա:
Նախկին ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները երբեւիցե բավարար չափով չեն քննվել եւ քրեական հետապնդման ենթարկվել: Չի կարելի թույլ տալ, որ ժողովրդավարության պայմաններում գոյություն ունենան ընտրախախտումների եւ ընտրությունների հետ կապված բռնությունների դեպքում անպատժելիության մթնոլորտ: Ուստի պատվիրակությունը կոչ է անում լիազորված մարմիններին, որ նրանք լիարժեքորեն քննեն ընտրությունների հետ կապված ցանկացած բողոք, որ կներկայացվի իրենց ուշադրությանը եւ այն դեպքերում, երբ կարձանագրվեն իրավախախտումներ` ապահովել խախտված իրավունքի վերականգնում եւ օրենքի խստագույնս պահանջներով հետապնդում իրականացնել մեղավորների նկատմամբ:
Ի վերջո, պատվիրակությունը կոչ է անում բոլոր քաղաքական դերակատարներին, օգտագործելով մինչեւ մայիսի 12-ը մնացած քիչ ժամանակը, որ ապահովվի մոտալուտ խորհրդարանական ընտրությունների լիարժեք համապատասխանությունը ԵԽ չափանիշներին»:
