Հեռուստաքարոզչություն ոչ մեկի համար

Հայաստանի խորհրդարանի ընտրության պաշտոնական քարոզչության երրորդ շաբաթը առաջին պլան մղեց մի խնդիր, որը քարոզարշավի սկզբում թերեւս այդքան նկատելի չէր: «Եթե մինչեւ ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության մեկնարկը հայաստանյան ընդդիմությունը բողոքում էր հեռուստաընկերությունների, այդ թվում՝ Հանրայինի եթերով քաղաքական գովազդի համար սահմանված վճարների թանկությունից, ապա հիմա բողոքում է նաեւ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին ընդունած թիվ 84Ա որոշման դրույթներից մեկի առնչությամբ», գրում է Առավոտ օրաթերթն ապրիլի 17-ի իր համարում: Խոսքը այն որոշման մասին է, որը սահմանում է Հանրային հեռուստատեսության եթերում նախընտրական քարոզարշավի համար հատկացված ժամանակացույցը: ԿԸՀ որոշմամբ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ կուսակցությունների դաշինքների կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամի տրամադրման կարգի համաձայն` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ էր տրամադրվել ժամը 17:15-21:00-ն ընկած ժամանակահատվածում:

Խնդրի առնչությամբ իր մտահոգությունն առաջինն արտահայտեց Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ասելով, որ բնակչության արձագանքների շնորհիվ պարզել է, որ շատ հեռուստադիտողների համար քարոզչության եթերաժամը բավական աննպաստ է, անհարմար: ՆԺԿ նախագահի գնահատմամբ, Հանրային հեռուստատեսության եթերում քարոզչության համար սահմանված այդ ժամը հեռուստադիտողին թույլ չի տալիս հետեւել քարոզչությանը, քանի որ այդ ժամանակ հատկապես մարզային բնակչության մեծ մասը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքով եւ հնարավորություն չունի հետեւել հեռուստաքարոզին: Արամ Կարապետյանը գրավոր դիմել էր Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ա. Արզումանյանին՝ արձանագրելով, որ «ապրիլի 10-ից ցայսօր արված վերլուծությունները ցույց են տալիս, որ բոլոր կուսակցությունների գովազդի գումարային եթերաժամանակը զգալիորեն քիչ է սահմանված ժամանակահատվածից: Հետեւաբար, հնարավորություն կա գովազդային եթերաժամի սկիզբը ընտրել աշխատանքային օրվա ավարտից (ժամը 18:00) հետո, որը բխում է ընտրողի՝ գործատուի եւ աշխատողի շահերից: Առավել եւս, նշված կարգի 4-րդ կետով Հ1-ին այդ հնարավորությունը ընձեռվում է»: ԿԸՀ սահմանած կարգի 4-րդ կետում նշված է՝ «տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով՝ Հանրային հեռուստատեսության կամ Հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե»: Նույնանման դիմումով էլ ՆԺԿ նախագահը դիմել էր ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին, տեղեկացնելով, որ Հ1-ը ԿԸՀ որոշման 2 կետը ընկալել է տառացիորեն եւ գովազդային շարքը սկսում է բացառապես ժամը 17:15-ին: «Հ1-ի այս մոտեցումը մեծ դժգոհություն է առաջացրել ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների եւ բազմաթիվ կուսակցությունների մոտ: Մինչդեռ Հ1-ը հնարավորություն ունի հեռարձակման ժամանակահատվածը տեղափոխել ավելի ուշ՝ հաշվի առնելով հիշյալ որոշման 5-րդ կետում սահմանված եթերաժամի առավելագույն չափը եւ թեկնածու կուսակցությունների հայտերի չափը», դիմումում գրել է Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավարը: Նա առաջարկել է օգտվել որոշման ընձեռած հնարավորությունից եւ «մինչեւ ապրիլի 23-ը ներառյալ գովազդային եթերաժամի սկիզբ սահմանել ժամը 19:30-ը, ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 6-ը ներառյալ գովազդային եթերաժամի սկիզբ սահմանել ժամը 19:00-ն, մայիսի 7-ին եւ մայիսի 8-ին գովազդային եթերաժամի սկիզբ սահմանել ժամը 18:30-ը եւ մայիսի 9-ին ու մայիսի 10-ին գովազդային եթերաժամի սկիզբ սահմանել ժամը 18:00-ն»:

ՆԺԿ կուսակցության առաջարկին միացան համամասնական ընտրակարգով ընտրությանը մասնակից եւս երկու ուժ` Հանրապետություն կուսակցությունը եւ Իմպիչմենտ դաշինքը: Նրանք նույնպես խնդրի առնչությամբ դիմում ուղղեցին ԿԸՀ-ին, առաջարկելով վերանայել Հանրայինի եթերում նախընտրական քարոզարշավին հատկացված ժամային գրաֆիկը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 19-ին քննարկեց երեք քաղաքական ուժի ներկայացրած դիմումը: «Այն, ինչին երեկ ականատես եղանք ԿԸՀ-ում, կարելի է մեկ բառով բնորոշել` ինքնիրավչություն: Հանձնաժողովի իշխանական թեւը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Ընտրական օրենսգրքում գրվածը իրենք ընկալում են միայն մեկ տեսանկյունից` ինչպես կարելի է այն օգտագործելով ընդդիմադիրներին զրկել բոլոր հնարավոր իրավունքներից», ապրիլի 20-ի իր համարում գրում է Հայկական Ժամանակ օրաթերթը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգամ չքվեարկեց ՆԺԿ, Հանրապետություն կուսակցությունների եւ Իմպիչմենտ դաշինքի դիմումը, այլ մերժեց առանց քվեարկության: Թեեւ ակնհայտ էր, որ քվեարկությունն էլ լինելու է պարզ ֆորմալություն, քանի որ ԿԸՀ անդամների այն մասը, որ ներկայացնում են իշխանական ուժերը, դեմ էին դիմումը բավարարելուն եւ հեռուստաքարոզչության ժամը փոխելու մասին որոշում կայացնելուն: Հայկական Ժամանակը գրում է, որ «դիմումը մերժելու հաջորդ հիմնավորումն այն է, որ դրա տակ ստորագրել են միայն երեք քաղաքական ուժեր, ուստի համամասնականով գրանցված մնացած 22-ը կարող են դեմ արտահայտվել: Իհարկե, առնվազն 2 կուսակցություն` ՀԺԿ-ն եւ ԱՄ-ն, փաստացի հաստատել էին, որ կողմ են դիմումի պահանջին, բայց դա ԿԸՀ իշխանական թեւին չէր հետաքրքրում»: Մինչ այդ, նույն իշխանական թեւը մերժման միտումը հիմնավորել էր նրանով, թե իբր ժամանակի փոփոխությունը կարող է առաջացնել տեխնիկական բարդություններ Հանրային հեռուստատեսության համար:

Իսկ դիմումը առանց քվեարկության մերժելու մոտեցումը ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը պատճառաբանել է Ընտրական օրենսգրքով, իբր այդպես է գրված օրենսգրքում: «Ընտրությունների նշանակումից հետո` մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը, ընտրական հանձնաժողովները ստացված դիմումներին պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունում հնգօրյա ժամկետում», սա մի մեջբերում է ԸՕ 40-րդ հոդվածի 7-րդ կետից: «Վերը բերված պարբերությունից ԿԸՀ-ում ընկալել են միայն պատասխանելու հատվածը, իսկ որոշում կայացնելու անհրաժեշտությունն այդպես էլ չեն ընկալել», գրում է Հայկական Ժամանակը:

Սակայն խնդիրը ԿԸՀ մերժումից հետո տեղափոխվեց հրապարակ: Այն բարձրաձայնվեց Ազատության հրապարակում ապրիլի 20-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում, որ հրավիրել էին Այլընտրանք հասարակական-քաղաքական նախաձեռնությունը եւ Իմպիչմենտ դաշինքը: Հանրահավաքին մասնակցում էին նաեւ Նոր Ժամանակներ եւ Հանրապետություն կուսակցությունների ղեկավարները: Հանրահավաքի ընթացքում դատապարտելով ԿԸՀ պահվածքը եւ մասնավորապես նկատելով, որ այն բացարձակապես չի համընկնում հանրության շահին, մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԿԸՀ շենք, ուր վերստին կրկնեցին իրենց պահանջը` փոխել Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական քարոզչության ժամը եւ այն տեղափոխել Հայլուրից հետո, որ բնակչության մեծ մասը կարողանան հետեւել քարոզչությանը: Իմպիչմենտ դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը հայարարեց, որ եթե ԿԸՀ-ն ինքնակամ չընդունի այդ որոշումը, ապա հանրությունը կպարտադրի ընդունել այն: «Այս անգամ մենք եկանք, եւ գնում ենք, բայց երբ հաջորդ անգամ գանք, իրենք են հեռանալու», հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Սակայն դժվար է ասել, թե ինչ ազդեցություն կունենա երթը ԿԸՀ գործելաոճի վրա, առավել եւս, որ դրա անկախության աստիճանի մասին գիտեն շատերը, անգամ դիմումի հեղինակները: Մասնավորապես Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ավելի վաղ Առավոտին ասել էր, որ իրենք մեծ հույսեր չեն փայփայում, թե ԿԸՀ-ն կընդառաջի քաղաքական այս երեք ուժերի առաջարկին՝ միաժամանակ հավելելով, որ Հ1-ը այսպես թե այնպես ԿԸՀ սահմանված համապատասխան կարգին այնքան էլ սրբությամբ չի հետեւում: Ս. Սուրենյանցի արձանագրմամբ, «հանրայինով» քաղաքական գովազդները, որպես կանոն, սահմանված 17:15-ից 5-6 րոպե ուշացումով են եթեր հեռարձակվում: Իսկ Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը ապրիլի 21-ին Ազդակ ակումբում հայտարարեց, որ հանրայինի եթերում քարոզարշավը նաեւ երբեմն ավելի վաղ են սկսում, ինչը նույնպես օրենքի խախտում է, բայց ԿԸՀ-ն դրա վրա որեւէ ուշադրություն չի դարձնում:

www.hra.am

www.lragir.am