NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընտրությունից հետո մեզ սպասում են «արջի» բազմաթիվ «ծառայություններ»
Որքան մոտենում է Հայաստանի խորհրդարանի ընտրության օրը, այնքան ավելի հաճախակիանում են նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվող խախտումները, եւ նույնքան էլ ավելի հանդուգն ձեւով իշխանությունը անտեսում է այդ խախտումների մասին ահազանգերը: Մասնավորապես, շաբաթվա սկզբին, ապրիլի 3-ին Իմչպիմենտ դաշինքը, Նոր Ժամանակներ կուսակցությունը եւ Հանրապետություն կուսակցությունը համատեղ գրություն էին ներկայացրել ԿԸՀ` նրանից պահանջելով դիմել դատարան` ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար:
«Ըստ ներկայացված դիմումի, այդ 2 կուսակցությունները մինչ ընտրությունների պաշտոնական մեկնարկը, ինչպես նաեւ դրանից հետո, այդ թվում` նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրողներին բաժանել են դրամական եւ նյութական միջոցներ: ԸՕ 18-րդ` «Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները» հոդվածը թեկնածուներին եւ կուսակցություններին արգելում է ընտրողներին դրամական եւ նյութական արժեքներ բաժանել, անվճար ծառայություններ տրամադրել, առաջարկել կամ խոստանալ: Ըստ դիմումի, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն խախտել են նաեւ ԸՕ 25-րդ հոդվածի դրույթները, քանի որ քարոզչության ընթացքում օգտագործել են նախընտրական հիմնադրամի միջոցներից դուրս գումարներ», տեղեկացնում է Հայկական Ժամանակ-ի մայիսի 1-ի համարը: Երեքի գրության կապակցությամբ մայիսի 4-ին խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը: «Մայիսի 4-ի խորհրդակցության ժամանակ ԿԸՀ 8 անդամներից 7-ը գումարած ԿԸՀ իրավաբանական եւ ծրագրամեթոդային վարչության պետ Նունե Հովհաննիսյանը գտան ձեւեր եւ արդարացումներ, որոնց վրա հենվելով ԿԸՀ կմերժի Իմպիչմենտ դաշինքի, Նոր ժամանակներ ու Հանրապետություն կուսակցությունների համատեղ դիմումը: Ազգային միաբանության ներկայացուցիչ Զավեն Պլուզյանը ներկա չէր», խորհրդակցության մասին գրում է Lragir.am- ը:
Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշում չի կայացվել, սակայն արտահայտած մտքերը վկայում են, որ ՀՀԿ եւ ԲՀԿ համար անցանկալի որոշում ԿԸՀ-ն չի կայացնի: Օրինակ, ԿՒՀ նախագահ Գարեգին Ազարյանը կարծում է, որ ընտրական օրենսգիրքը թերություններ ունի, մասնավորաբար քարոզչությունը հստակ սահմանված չէ: ԿԸՀ անդամ, դատական համակարգի ներկայացուցիչ Աշոտ Աբովյանը կասկածում է` մի գուցե ԲՀԿ նշանակում է ոչ թե Բարգավաճ Հայաստան կուսակցություն, այլ` բարեգործական հասարակական կազմակերպություն: «Իսկ ԿԸՀ-ում ՄԱԿ ներկայացուցիչ Արտակ Քոչարյանը կասկածում էր, մի գուցե ներկայացված թերթի պատճենները կեղծված են եւ թերթերը նման բան չեն գրել: Կամ Նունե Հովհաննիսյանի օգնությամբ Գարեգին Ազարյանը ասում էր` օրենքով բարեգործական կազմակերպությունները իրավունք չունեն քարոզչություն անել, բայց սա չի նշանակում, թե չի կարելի քարոզչության ժամանակ խոսել բարեգործական կազմակերպության արածների մասին: Կամ` երբեք չի ասվել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը պաշտպանում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ կուսակցության թեկնածությունը», գրում է Lragir.am- ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարությունն ու իշխանական թեւը ներկայացնող անդամները նույն կերպ անվրդով են վերաբերել նաեւ մայիսի 2-ին Հայկական Ժամանակ օրաթերթում հրապարակված խախտման փաստին, որը վերաբերել է Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությանը: «Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունն արդեն սկսել է հեռուստատեսությամբ բացահայտ քարոզել իր կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերը: ԺԿ քարոզչական նյութում պատմվում էր այն մասին, թե ինչպես է այդ կուսակցությունը մարզերում անվճար դեղորայք բաժանել, թե ինչպես է այդ կուսակցության նախագահը մի հաշմանդամի անվասայլակ նվիրել եւ այսպես շարունակ: Հատուկ ԺԿ-ի եւ նրանց համար, ովքեր չեն կարդացել ՀՀ ընտրական օրենսգիրքը, նկատենք, որ նախընտրական քարոզչության ժամանակ (հոդված 18, կետ 7) թեկնածուներին եւ կուսակցություններին արգելվում է անձամբ կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ», գրում է Հայկական Ժամանակը մայիսի 2-ին: Դրանից մեկ օր անց մամուլի ասուլիս է հրավիրում ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, անդրադառնալու համար մամուլում հրապարակված խախտումներին: Դրանց վերաբերյալ ԿԸՀ նախագահի դիրքորոշումը թերեւս ամփոփվում է նրա հետեւյալ մտքով, որ մեջբերել է Հայկական ժամանակը.»Չգտնելով որեւէ լուրջ խախտում ընտրությունների վերաբերյալ` փորձում են իրենց էջերը հեղեղել անհիմն մեղադրանքներով, հետո էլ բերում են հիմնավորում այդ մեղադրանքների վերաբերյալ»:
Նույն օրը նա անդրադարձել է ՀԺ մեկ այլ հրապարակման, որը վերաբերում է Ընտրական օրեսնդրության եւս մեկ խախտման, այս անգամ Հրազդան քաղաքում: Կոտայքի մարզպետարանի շենքի վրա փակցված է մոտ 3 մ բարձրությամբ եւ 20 մ լայնությամբ ՀՀԿ պաստառը` «Քեզ համար, Հայաստան» վերտառությամբ: «Սակայն ԸՕ 18-րդ հոդվածի 4-րդ կետն արգելում է «նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»: Ավելին, ԸՕ-ի համաձայն, նման խախտման համար այդ կուսակցության գրանցումը պետք է ուժը կորցրած ճանաչվի», գրում է Հայկական Ժամանակը: Մինչդեռ պարզվում է, որ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը փոքր ինչ այլ կերպ է մտածում, քան Ընտարական օրենսգիրքը: «Ստիպված եմ բացատրել, որ մարմինները լինում են ոչ շենքի տեսքով: Կարծում եմ` համաձայն եք, չէ՞, որ եթե շենքի ճակատին փակցված է պաստառ, դա դեռ չի նշանակում, որ այդ շենքում գտնվող մարմինը իրականացնում է քարոզչություն»,- ասել է ԿԸՀ նախագահն իր մամուլի ասուլիսի ընթացքում:
Թերեւս ԿԸՀ այդ «տոլերանտությունն» է պատճառը, որ Հայաստանի տարբեր շրջաններում, գյուղերում ու քաղաքներում, ընտրատարածքներում եւ ընտրատեղամասերում անարգել շարունակվում են ընտրախախտումները, որոնք ընտրության օրից, բուն քվեարկությունից հետո արդեն որակվում են իբրեւ «արջի ծառայություն»: Օրինակ, ապագա «արջի ծառայությունների» մի ամբողջ ցանկ էր հրապարակել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ուր ներառված են Վանաձորում արձանագրված ընտրախախտումները
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գրիգոր Լուսավորչի 39/1 հասցեի բնակիչների համար կազմակերպել է անվճար իրավաբանական խորհրդատվություն (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետով): ՀՅԴ պաստառները փողոցում բաժանել են անչափահաս երեխաները (արգելվում է «Գովազդի մասին» օրենքի 14 հոդ. 3-րդ կետով): ԲՀԿ-ն Տարոն 2 հասցեում տեղակայված նախընտրական շտաբից 2 ընտանիքի տալիս է 1 մեծ պարկ ալյուր: Շտաբի ղեկավարը յուրաքանչյուր ընտանիքին 5 կգ է տվել (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետով): ՀՀԿ ներկայացուցիչներն առաջարկում են 5000 դրամ 1 ձայնի դիմաց (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետով): ՄԱԿ-ի գրասենյակում քաղաքացիների կողմից սոցիալական հարցերի լուծման համար դիմում-խնդրանքներ են հավաքում (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետով): Գազի գրասենյակի աշխատակիցներին կարգադրել են ստորագրություններ հավաքել Հանրապետական կուսակցության օգտին: Յուրաքանչյուր աշխատող պետք է ներկայացնի 10 ստորագրություն եւ անձնագրի տվյալներ: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանդիպել է թիվ 15 մանկապարտեզի ծնողների հետ եւ խնդրել ընտրել ՀՀԿ-ին (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 4-րդ կետով): «Գուգարք» պոլիկլինիկայում Լոռու մարզպետը հանդիպում է կազմակերպել աշխատակիցների հետ՝ հորդորելով քվեարկել ՀՀԿ-ի օգտին (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 4-րդ կետով): ԲՀԿ ներկայացուցիչները Տարոն 2 թաղամասի բնակարաններ են բերել ինչ-որ ծրարներ եւ կուսակցության կնիքով փաստաթղթի վրա լրացրել են ընտանիքի անդամների անձնական տվյալները: ՀՅԴ Աղայան փողոցի նախընտրական շտաբներից բնակիչներին 5000 դրամ նախընտրական կաշառք են բաժանում (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետով): Ոչ պաշտոնական տվյալներով՝ ԲՀԿ-ն յուրաքանչյուր աշխատողի՝ ստորագրությունների հավաքման համար, վճարում է 15.000 դրամ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ ՄԱԿ-ը 25000 դրամ է վճարում իր նախընտրական շտաբներում աշխատողներին, որոնք պաշտոնապես գրանցված չեն: Հովհ. Աբելյանի անվան թատրոնում Հանրապետական կուսակցությունը եւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը հրավիրել են «Կոմիտասի անվան քառյակին»: Համերգից հետո նախընտրական քարոզչությամբ հանդես է եկել Վահրամ Բաղդասարյանը: Պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանը «Մխիթար-Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում կայացած հանդիպմանն արգելել է մասնակցել լրագրողներին («ԶԼՄ մասին» օրենքի 4-րդ հոդվածի, 3-րդ կետի, 4-րդ մասի խախտում): Տարբեր թաղամասերի քաղաքացիների կողմից տրված տեղեկատվությամբ, Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբներին քաղաքացիները ներկայացնում են սոցիալական տարբեր տեսակի խնդիրների լուծման կապակցությամբ դիմումներ»: Թվում է, միայն Վանաձորից սացված այդ ցանկը, որ հրապարակել էր «Առավոտ» օրաթերթը, բավարար էր խորհրդարանի ընտրության նախընտրական շրջանը անօրինական հայտարարելու համար: Բայց իշխանական համակարգը թերեւս ունի օրինականության չափի մասին իր պատկերացումները, որոնք երեւի թե լավագույնս արտահայտվում են Գլխավոր դատախազության արձագանքում: Մայիսի 4-ին տարածած հաղորդագրության համաձայն` «2007 թվականի մայիսի 4-ի դրությամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացվել է 11 հաղորդում, ընտրական իրավունքի խախտման դեպքերի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել մամուլի թվով 13 հրապարակումների հիման վրա, հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:
Ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է 7 քրեական գործ, որոնցից մեկը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով (տուժողը հաշտվել է մեղադրյալի կամ կասկածյալի հետ): Եւս մեկ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ տեղի ունեցած խուլիգանության դեպքը չի առնչվում խորհրդարանական ընտրությունների հետ, ուստիեւ դրա հաշվառումն առանձնացվել է:
Կենտրոնական Ընտրական հանձնաժողովից ստացվել է 1 դիմում, որի վերաբերյալ տրվել է պարզաբանում, քանզի այն եղել է ընդհանրական բնույթի եւ չի պարունակել կոնկրետ հանցագործության մասին տեղեկատվություն: Մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով 5-ի վերաբերյալ կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Մնացած հոդվածները քննարկման փուլում են: Հրապարակումների իսկությունը ստուգելու, դրանցում վկայակոչված խախտումներին համապատասխան ընթացք տալու համար ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաեւ համապատասխան տարածքային ստորաբաժանումների կողմից հարցումներ են ուղարկվել նաեւ համապատասխան թերթերի խմբագրություններ, որոնք սակայն չեն արձագանքել եւ չեն պատասխանել: Իսկ լրատվամիջոցներին տեղեկատվություն փոխանցած քաղաքական գործիչները հրաժարվում են տրամադրել կոնկրետ տվյալներ, որոնք հնարավորություն կտան ընթացք տալ այդ հրապարակումներին` հարուցել քրեական գործեր եւ կատարել նախաքննություն»:
