Խնդիր, որը չնկատելը սպառնում է համայն հայությանը

Հայաստանի խորհրդարանի ընտրության նախընտրական եւ հետընտրական զարգացումները նպաստեցին պետական, հասարակական եւ ազգային մեկ այլ կարեւոր խնդրի հանդեպ ուշադրության թուլացմանը, կամ այդ խնդիրն ընդհանրապես անուշադրության մատնելուն: Խոսքը հուլիսի 19-ին կայանալիք մի ընտրության մասին է, որը կատարելու է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այդպիսով որոշելով, թե ով է լինելու ԼՂՀ նոր նախագահը: Սակայն շատ ու շատ գործիչներ, ովքեր չնայած ընդհանուր հասարակական-քաղաքական անտարբերությանը, այդուամենայնիվ հետեւում են Ղարաբաղի ընտրական գործընթացին, մտավախություն են արտահայտում, որ ԼՂՀ իշխանությունը` դեռեւս գործող եւ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտող նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ, փորձում է ժողովրդից խլել որոշելու իրավունքը:

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը նախորդ շաբաթ հանդես եկավ հայտարարությամբ, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, որը չունի երրորդ անգամ անընդմեջ առաջադրվելու իրավունք, փորձում է գտնել իր իշխանությունը պահելու այլ տարբերակ եւ Ղարաբաղի ժողովրդին է պարտադրում նախագահի սեփական թեկնածուին: Այդ թեկնածուն ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանն է, որին Իգոր Մուրադյանը նույնիսկ անվանեց «պրոֆեսիոնալ թմրամոլ»: «Ընդ որում, տարածվում է բացարձակ սուտ, թե իբր Ռոբերտ Քոչարյանը լիովին պաշտպանում է Բակո Սահակյանի թեկնածությունը: Հիմա այլ բան են տարածում, թե իբր Քոչարյանն ընդհանրապես ոչինչ որոշող մարդ է, ոչինչ չունի, իսկ ահա ինչպես որ ասի Սերժ Սարգսյանը, այդպես էլ կլինի: Հասարակությանը ներարկվում է այն միտքը, թե ընտրություններն արդեն իսկ եղել են, եւ կարիք չկա տեղամաս գնալ: Փորձում են մարդկանց ներշնչել, որ Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված է այդ հարցում, անմիջական մասնակցում է այդ գործերին, եւ պատրաստ է քաջալերեր ցանկացած խախտում: Ես չեմ ուզում ոչ մեկին պաշտպանել, Հայաստանի ղեկավարությանն առավել եւս, բայց եթե օբյեկտիվ լինենք, ապա դա սուտ է, կեղծիք: Այսինքն այդ մարդը, գտնվում է հիստերիայի մեջ եւ ցանկանում է ամեն գնով ելնել այդ իրավիճակից», ասում է Իգոր Մուրադյանը Արկադի Ղուկասյանի մասին: Նա ասում է, որ Ռոբերտ Քոչարյանն ամենասկզբում կտրականապես դեմ էր Բակո Սահակյանի թեկնածությանը: «Նրա վզին օղակ գցեցին, մարդը ուղղակի չկարողացավ ասել, որ ոչ, նա չպետք է լինի: Բայց նա ընդամենն ասաց, որ թող ընտրվի, բայց չասաց, որ ամբողջ բանակը, ամբողջ ոստիկանությունը լինի նրա օգտին: Ոչ մի դեպքում նա այդ բանը չի ասել: Չի կարող պատահել, որովհետեւ մարդու հարաբերությունն ինչ որ մեկի հետ բոլորովին այլ է: Հասկանում ե՞ք», ասում է Իգոր Մուրադյանը: Նա ասում է, որ Արկադի Ղուկասյանի հիստերիայի պատճառն այն է, որ Հայաստանից նրան իրական աջակցություն չկա:

Իգոր Մուրադյանի այդ մեղադրանքներին Արկադի Ղուկասյանը պատասխանում է, թե դա անբարոյականություն է եւ եթե մարդը Ղարաբաղի իշխանությանը համարում է քաղաքական հանցագործ, ուրեմն կա բժշկի միջամտության կարիք:

Սակայն խնդիրը ամենեւին էլ բարոյականությունն ու անբորայականությունը չէ, ու բժշկի փոխարեն, կա լուրջ իրավաբանի անհրաժեշտություն, քանի որ հունիսի 14-ին Ղարաբաղի նախագահի ընտրության գործընթացը փաստացի ձեռք բերեց անօրինական որակ: Դրանից դեռեւս մի քանի օր առաջ հասարակական մի քանի կազմակերպություններից կազմված խումբը դիմել էր ԼՂՀ ԿԸՀ-ին, որպեսզի այն լրջորեն քննարկի նախագահի թեկնածու առաջադրված Բակո Սահակյանի հարցը, որովհետեւ Սահակյանի գրանցումը կլինի ԼՂՀ Սահմանադրության խախտում: ԼՂՀ Սահմանադրությունը պահանջում է, որ այդ երկրի նախագահ պետք է լինի ԼՂՀ տասը տարվա քաղաքացիություն ունեցող եւ վերջին տասը տարում ԼՂՀ-ում մշտապես բնակվող անձը: Բակո Սահակյանը 1997-99 թվականներին չի բնակվել Ղարաբաղում, այլ ապրել ու աշխատել է Մոսկվայում, որպես Հայաստանի Ազգային անվտանգության կառույցի ներկայացուցիչ: Հասարակական կազմակերպությունները ԿԸՀ-ին հորդորել էին լրջորեն մոտենալ այդ հարցին, ԼՂՀ նախագահի ընտրության գործընթացի օրինականության վրա ստվեր չգցելու համար, ինչը կվտանգի ԼՂՀ հեղինակությունը, առավել եւս, որ այդ պետությունը դեռեւս ճանաչված էլ չէ եւ ունի Ադրբեջանի հետ չլուծված խնդիրներ, որոնց լուծման հաջողությունը մեծապես կախված է հենց Ղարաբաղի` որպես օրինական եւ ժողովրդավարական պետությունմ հեղինակությունից:

Բայց` հունիսի 14-ին տեղի ունեցած նիստում ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի բոլոր 5 թեկնածուներին` ԼՂՀ Անվտանգության վարչության պետ Բակո Սահակյանին, ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին, Կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանին, ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանին եւ Արցախի պետհամալսարանի պրոֆեսոր Վանյա Ավանեսյանին: Որ ԼՂՀ ԿԸՀ-ն Բակո Սահակյանին գրանցելու է նախագահի թեկնածու, պարզ էր հենց սկզբից: Եվ դրա պատճառը միայն այն չէ, որ տեղեկություններ կային եւ հիմա էլ կան, որ ԿԸՀ անդամներին, ինչպես նաեւ այլ պետական պաշտոնյաների, հրավիրում են ԼՂՀ բարձրագույն ղեկավարության կաբինետներ եւ այնտեղ հորդորում են, եւ նույնիսկ սպառնալով պահանջում, որ պետական մեքենան պետք է աշխատի Ղարաբաղի նախագահի թեկնածու Բակո Սահակյանի օգտին: Վարչական լծակների կիրառման մասին Առավոտ թերթին հայտնել էր նաեւ ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Դեմո» անկախ թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը: Սակայն ԿԸՀ որոշման առումով ամեն ինչ հենց սկզբից պարզ էր դատելով Արկադի Ղուկասյանի արձագանքից: Երբ Երեւանում լրագրողները նրան հարցրին, թե ինչ կարող է անել ինքը, կապված Բակո Սահակյանի թեկնածության Սահմանադրությանն անհամապատասխանության հետ, ԼՂՀ նախագահը պատասխանատվությունը հեռացրել էր իր վրայից, ասելով, որ ինքը նման հարցերով զբաղվելու սահմանադրական իրավունք եւ լիազորություն չունի:

Հարցի կապակցությամբ որեւէ դիրքորոշում չեն արտահայտել նաեւ ԼՂՀ քաղաքական ուժերը` այդ թվում եւ ընդդիմադիր համարվող ՀՅԴ-ն ու «Շարժում-88»-ը, որոնք դեռեւս առաջադրման պահից որոշում էին կայացրել սատարել իշխանական թեկնածուին եւ ներգրավվել այսպես կոչված `«միասնական թեկնածու» գաղափարին, որն իրականացվում է Արկադի Ղուկասյանի պատրոնաժությամբ, թեեւ Սահմանադրությունը նրան նաեւ դրա լիազորությունն ու իրավունքը չի տալիս: Սահմանադրությունը գործող նախագահի լիազորում է լինել օրենքների երաշխավորը: Փաստորեն Արկադի Ղուկասյանը չկարողացավ կատարել երաշխավորի իր դերը, որովհետեւ ԼՂԸ ԿԸՀ-ն գրանցեց թեկնածուի, որն ակնհայտորեն չի համապատասխանում այն բանին, ինչ սեւով գրված է ԼՂՀ Սահմանադրության սպիտակի վրա: Հետեւաբար կամ ԼՂՀ ԿԸՀ-ն ավելի ուժեղ է քան նախագահը եւ հենց ԿԸՀ-ին պետք է տալ օրինականության, կամ տվյալ դեպքում անօրինականության երաշխավորի դերը, կամ ԿԸՀ-ն գործում է նախագահի պատվերով, այսինքն ԼՂՀ նախագահի համար գործիք է եւ շղարշ:

Ամենից մտահոգիչն այն է, որ տեղի ունեցողը որեւէ արձագանք չի գտնում Հայաստանում, Հայաստանի քաղաքական ուժերի եւ հասարակական տարբեր խմբերի շրջանում, մինչդեռ խոսքը վերաբերում է Հայաստանի ու հայության համար կարեւորագույն, ռազմավարական մի տարածքի մասին, որն ազատվել է հարյուր հազարավորների զրկանքների, հազարավոր մարդկանց կյանքի գնով, եւ որը կարող է դառնալ մի քանի մարդկանց կյանքի ու բարեկեցության զոհը:

Հ.Գ.

Հունիսի 16-ի իր համարում Հայկական Ժամանակ թերթը գրում է, որ ԼՂՀ նախագահի թեկնածու Արմեն Աբգարյանը (Ամուլյա) նախ դիմում է գրել ԼՂՀ ԿԸՀ-ին իր թեկնածությունը հանելու վերաբերյալ, իսկ մեկ օր անց գրել նոր դիմում, որով հրաժարվել է առաջինից, այսինքն թողել է իր թեկնածությունը: Արմեն Աբգարյանը համարվում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի շրջապատի մարդ:

www.hra.am

www.lragir.am