Սե‎ֆիլյանի եւ Մալխասյանի դատավարությունը սկսվեց

Հուլիսի 2-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց Ղարաբաղի ազատամարտի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ի պաշտպանություն ազատագրված տարածքների նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա զինակից, նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են պետական հեղաշրջման կոչ անելու եւ ապօրինի զենք զինամթերք պահելու համար: Քաղաքական ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները համոզված են, որ Ղարաբաղի ազատամարտի հերոս Սեֆիլյանն ու նրա զինակիցը պարզապես քաղաքական հետապնդման զոհ են:

Այդ պնդումը հնչել է նաեւ դատական առաջին նիստից առաջ դատարանի շենքի դիմաց տեղի ունեցած փոքր հանրահավաքի ժամանակ, որ կազմակերպել եւ անցկացրել են Սեֆիլյանի ու Մալխասյանի համախոհները: «Սա առաջին քաղաքական դատավարությունն է, ուր քրեական ոչինչ չկա: Սեֆիլյանը մեղադրվում է կարծիք հայտնելու, հայտարարությունների համար, մեղադրվում է նաեւ պարգեւատրված զենքի համար, քանի որ Ղարաբաղի պաշտպանության բանակը չի համարձակվել վկայել, որ պարգեւատրել է Սեֆիլյանին զենքով», ասում է ի պաշտպանություն ազատագրված տարածքների նախաձեռնության ներկայիս համակարգող Արմեն Աղայանը: Խոսքը այն զենքի մասին է, որն իբրեւ թե Ժիրայր Սեֆիլյանը կրել է ապօրինի, որը սակայն իրականում ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի պարգեւն է Սեֆիլյանին:

Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մախասյանը եւ նրանց գործով ձերբակալված Վահան Արոյանը դատարանի դահլիճ են բերվել ձեռնաշղթաներով: Դահլիճը կալանվածներին դիմավորել է ծափերով, հոտընկայս: Դատական նիստերի դահլիճում էին Սեֆիլյանի մարտական ընկերները, նախկին արտգործնախարար եւ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը, ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու կինը, Խաչիկ Ստամբոլցյանը, իրավապաշտպաններ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որն ընդունել էր գործը, տեղեկացավ, որ իրեն բացարկ են հայտնել նիստից առաջ: Նիստը ընդմիջվեց երեք ժամով: Դատավորն ասաց, որ բացարկի հետ կապված փաստաթղթերը գտնվում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի մոտ, եւ հուլիսի 6-ին կպարզվի՝ ընդունվե՞լ է այն, թե՞ ոչ», նիստի մասին գրում է Առավոտ թերթը: Թերթի հարցին, թե բացարկում ի՞նչ պահանջ է ներկայացվել, Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանը տեղեկացրել է, որ իրենք վիճարկել են Սեֆիլյանի կալանքի տակ մնալու հարցի օրինականությունը, քանի որ, ըստ բացարկի, Սեֆիլյանի կալանքի ժամկետը լրացել է հունիսի 10-ին: Այսինքն՝ Սեֆիլյանը պետք է ազատության մեջ լիներ: Վահե Գրիգորյանի խոսքով, կալանքի տակ պահելու վայրի վարչակազմը պարտավոր էր անհապաղ ազատ արձակել Սեֆիլյանին:

«Բացի այդ, պարզվել է, որ դատավոր Մ. Մարտիրոսյանի վարույթում է գտնվում մեկ այլ քրեական գործ՝ հարուցված Անդրանիկ Աբրահամյանի նկատմամբ, եւ երեկվա դրությամբ այս դատավորը այդ գործով գտնվելիս պետք է լիներ խորհրդակցական սենյակում: Փաստորեն, նա Սեֆիլյանի գործով դատարան գալով խախտել է խորհրդակցական սենյակի գաղտնիության սկզբունքը», գրում է Առավոտը:

Երեք օր ընդմիջված դատավարությունը շարունակվել է հուլիսի 6-ին: Պարզվել էր, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը մերժել էր Ժիրայր Սեֆիլյանի դատապաշտպանների բացարկը դատավոր Մնացական Մարտիրոսյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ: Դատավորի դեմ ճիշտ նույն հիմքով միջնորդություն հուլիսի 6-ի նիստում ներկայացրել է Վարդան Մալխասյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Այդ բացարկը եւս մերժվել է: «Նիստի ժամանակ պարզվեց նաեւ, որ մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Արթուր Մկրտչյանը չունի այս դատական նիստում մեղադրող լինելու լիազորագիր: Դատավոր Մնացականյանը հայտարարեց, որ նման գրավոր փաստաթուղթ չկա, բայց Արթուր Մկրտչյանը պատշաճ լիազորված է: Պարզվեց նաեւ, որ դատարանը չի անդրադարձել Ժիրայր Սեֆիլյանին յոթ պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությանը», դատական երկրորդ նիստի մասին գրում է Lragir-ը: Դատաքննությունը շարունակվելու է հուլիսի 10-ին: Այդ դատավարությունը թերեւս հավակնում է լինել Հայաստանի անկախությունից ի վեր ամենից աղմկոտ գործընթացներից մեկը, քանի որ դրա կենտրոնում է Ղարաբաղի պատերազմի հերոսներից մեկը: Սեֆիլյանն ու Մալխասյանը ձերբակալվեցին խորհրդարանի ընտրությունից առաջ, երբ հանդես էին եկել ընտրությունների արդարությունն ապահովելու նպատակով հայ կամավորականների համախմբման նախաձեռնությամբ: Հենց այդ նախաձեռնության հավաքի ժամանակ էլ հնչել էին նրանց ելույթները, որոնց համար էլ մեղադրվում են Սեֆիլյանն ու Մալխասյանը: Նրանք արդեն մի քանի ամիս է, ինչ կալանքի տակ են:

www.hra.am

www.lragir.am