Խաղաղ երթի մասնակիցները բերման ենթարկվեցին ոստիկանություն

Հոկտեմբերի 23–ի երեկոյան ժամը 18.30–ի շրջանում Երեւանի կենտրոնական ոստիկանական բաժին բերման են ենթարկվել 9 քաղաքացի։ Նրանք մասնակցում էին երթի, որի ընթացքում իրենց ընկերների հետ բարձրախոսով հայտարարում էին հոկտեմբերի 26–ին կայանալիք հանրահավաքի մասին եւ անցորդներին բաժանում թռուցիկներ։ Կորյուն – Աբովյան խաչմերուկում Ոստիկանության աշխատողները մոտեցան ցուցարարներին եւ կարգադրեցին չոգտագործել բարձրախոսները։ Ոստիկանության ծառայողները ցուցարարներից խլեցին նաեւ թռուցիկները։ Սկսվեց քաշքշուկ։ Դրանից հետո հատուկ ջոկատի ծառայողները շրջապատեցին ցուցարարներին եւ սկսեցին հարվածել մասնակիցներից որոշներին մահակներով եւ բռունքներով։ Որոշ ականատեսների պնդմամբ օգտագործվել է նաեւ արցունքաբեր գազ։ Ծեծկրտուկներից հետո ցուցարարներից 9 հոգու բերման ենթարկեցին ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժին։ Բերման ենթարկվածների շարքում էին Հայկական Ժամանակ թերթր գլխավոր խմբագիրներ Նիկոլ Փաշինյանը, Չորրորդ իշխանություն թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեվոսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» եւ Պահպանողական կուսակցությունների առաջնորդներ Պետրոս Մակեյանը եւ Միքայել Հայրապետյանը։

Ձերբակալումից մի քանի ժամ անց Ոստիկանության բաժնի մոտ էին հավաքվել պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպանը, կուսակցությունների, ՀԿ–ների ներկայացուցիչներ։ Պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Վարդան Խաչատրյանը Ոստիկանության ծառայողներից մեկի հետ մոտ 25 րոպե տեւող բանակցությունների արդյունքում կարողացան ապացուցել որպես պատգամավոր Ոստիկանության բաժին մուտք գործելու իրենց իրավունքը եւ մտան բաժին։ Սակայն երկրորդ անգամ նրանց մուտք գործելու փորձը ավարտվեց անհաջողությամբ։ Ժամը 23.30 մոտ բաժին մտավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը եւ մնաց այնտեղ մոտ 4 ժամ։ Զարուհի Փոստանջյանի խոսքերով բերման ենթարկվածներից որոշների դեմքին կապտուկներ կային։ Նա նաեւ ասաց, որ հրավիրված փաստաբանին մուտքը Ոստիկանության բաժին արգելեցին։ Տիկին Փոստանջյանը նաեւ հայտնեց, որ բերման ենթարկվածներին ոչ մի մեղադրանք չի առաջադրվել եւ չի կազմվել ձերբակալման արձանագրություն։ Ոստիկանության մոտ հավաքը տեւեց մոտ 8 ժամ, գիշերվա 3.30 շրջանում ցուցարարներին ազատ արձակեցին։